Հրանտ Բագրատյան. «Ուկրաինան այսօր աշխարհում ունի ամենահարմար դիրքը. մնում է լեզու գտնել ՌԴ-ի հետ»
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն թվականի փետրվարի 15-17-ը Լոձում (Լեհաստան) ԵՄ-ն հրավիրել էր «ԵՄ-Ուկրաինա» հերթական տնտեսական ֆորումը։ Իրադարձությանը մասնակցում էին ԱՄՆ և Եվրասիական տարածաշրջանի 600 հայտնի տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ և պետական գործիչներ։ Այլոց թվում հրավիրված էի նաև ես։ Ինձ առաջարկվել էր 3 ելույթ ունենալ։ Առաջին ելույթը Ուկրաինայում մակրոտնտեսական ֆինանսական և սոցիալական քաղաքականության մասին էր։
Այս զեկույցին նախորդել էր Կիևում մեր կողմից ուկրաիներեն լեզվով գրված բրոշյուրի հրապարակումը։ Այստեղ մեզ հատկացված 20 րոպեի շրջանակներում մանրամասն վերլուծվեց Ուկրաինայի անցած տնտեսական ուղին վերջին 24 տարիներին և առաջարկվեց հետագա տնտեսական բարեփոխումների կուրս։
Մասնավորապես՝ նշվեց, որ գործող ֆինանսական ենթակառուցվածքները թույլ են։ Ուկրաինան ներկայում հսկայական միջոցներ է սկսել ստանալ, բայց չի կարողանում դրանք աբսորբացնել կառուցվածքների բացակայության պատճառով։ Հենց դրանց ստեղծմանն էր նվիրված զեկույցը։
Իմ երկրորդ զեկույցը նվիրված էր Ուկրաինայի երկրատնտեսական զարգացմանը։ Այստեղ ամբողջ կոնցեպտը կառուցված էր այն մտքի վրա, որ նախկին ԽՍՀՄ-ում և հետխորհրդային տնտեսական տարածքներում Ուկրաինան արևմտյան ծայրամասն էր (այդպես էլ ոմանք նշում են՝ «-Украина-у края»)։ Հիմա էլ երկիրը կարող է դառնալ ԵՄ արևելյան ծայրամասը։
Մինչդեռ այս երկրի բնական դիրքը պետք է լինի շուրջ 35 տրլն դոլարի ՀՆԱ ունեցող Եվրասիական տարածքի հիմնական միջնորդ լինելը։ Այսպես, Ուկրաինայից Արևմուտք ԵՄ-ն է՝ 16 տրլն դոլար ՀՆԱ, իսկ Արևելքում են Չինաստանը (9 տրլն), Ճապոնիան (5 տրլն), ՌԴ-ն (2 տրլն), Հվ Կորեան (1.6 տրլն) և այլն։ Սրանց միջև առևտուրը՝ 7.5 տրլն. դոլար է։ Միայն այդ տրանզիտը սպասարկելը Ուկրաինային կբերի 220 մլրդ դոլար, ինչը ավել է, քան այս երկրի ՀՆԱ-ն այսօր։ Այս տեսակետից, Ուկրաինան այսօր աշխարհում ունի ամենահարմար դիրքը (հիպոթեթիկորեն նրա հետ կարող մրցակցել միայն Թուրքիան)։ Իհարկե, մնում է լեզու գտնել ՌԴ-ի հետ։ Ուկրաինայի այս աներևակայելի առավելությունն աչքից բաց չէին թողել նաև ռուս հետազոտողները. Իգոր Չուբայսը և Ալեքսանդր Կնոբելը։
Երրորդ ելույթն արդեն վերաբերում էր անցած մեկ տարում իրականացրած տնտեսական քաղաքականության գնահատականին։ Այստեղ, նշելով Ուկրաինայի կառավարության ջանքերը, ես, այնուամենայնիվ, կանգ առա մի քանի կոպիտ բացթողումների վրա։ Այսպես, կառավարությունն ու ԱՄՀ-ը կտրուկ իջեցրել են պետբյուջեի դեֆիցիտը 8.7%-ից մինչև 4.6%-ի։ Այդ ընթացքում լրջորեն կրճատվել են մարդկանց սոցիալական երաշխիքները (սահմանափակել են աշխատող թոշակառուների թոշակները, կրճատել են աշխատավարձերը)։
Սա հանգեցրել է համախառը պահանջարկի կրճատմանը, 2014-ին ՀՆԱ-ն անկում է ապրել (6.7%), 2015-ին՜սպասվում է 0-ական աճ կամ անկում։ Մեր կարծիքով, ավելի ճիշտ կլիներ վերացնել ծառայությունների սուբսիդիաները (գազ, էլեկտրաէներգիա), ձեռք չտալ թոշակներին (խոսքը բարձր թոշակների մասին է), չկրճատել համախառը պահանջարկը։ Միևնույն ժամանակ, պետք է կարգավորել ոչ թե բյուջեի դեֆիցիտը, այլ կոնսոլիդացված ֆինանսական բյուջեի դեֆիցիտը (սա հեղինակային մոտեցում է, որի տակ հասկանում ենք. բյուջե + ենթակառուցվածքների բյուջե + ոչ պետական ֆինանսական համակարգի հաշվեկշիռ)։
Քննադատեցինք նաև Ուկրաինայի ԿԲ-ին։ Մեղմ ասած, այս կադրային նշանակումը լավագույնը չէ։ Հրիվնան գահավիժել է 2.8 անգամ, երբ երկրի վճարման հաշվեկշիռը դրական է։
Հիմնական պատճառը՝ ԿԲ օգնություններն են բանկերը փրկելու նպատակով։ Շատ ավելի ճիշտ կլիներ ոչ մեկին էլ չօգնել (նույն խնդիրը Հայաստանում ունենք)։ Նկատելի է նաև Ուկրաինայի ԿԲ պահուստների ցածր մակարդակի ազդեցությունը։ Սա էլ ազգային արժույթի փոխանակման կուրսն արհեստականորեն պահելու արդյունքում է։ Միշտ այդպես է. երբ ԿԲ-երը փորձում են արհեստակնորեն կուրսը պահպանել կարճաժամկետ հատվածում, ապա երկարաժամկետ հատվածում այդ կուրսն անկառավարելի է դառնում»։