Եվրոպական միության «նեղվածությունը» Հայաստանից քիչ-քիչ անցնում է. Պետո Դեմիրճյան
168.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի (Բրյուսել) ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:
– Պարոն Դեմիրճյան, 2014թ. վերջին ամիսներից սկսած՝ Հայաստանն ու Եվրոպական միությունն ակտիվացրել են շփումները 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, որը խորը հետք թողեց ՀՀ–ԵՄ հարաբերությունների վրա: Վերջերս և՛ ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, և՛ ԵՄ հանձնաժողովի պաշտոնյա Մայա Կոչիյանչիչը բացառեցին Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը վավերացնելու հնարավորությունը՝ ասելով. «Գնդակը Հայաստանի դաշտում է»: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, հայկական կողմը չի հստակեցնում իր մոտեցումները, ինչը բացասական վերաբերմունքի ձևավորման համար պարարտ հիմք է դառնում:
– 2013թ. սեպտեմբերի 3-ի հիասթափությունից հետո Հայաստան-Եվրոպական միություն կապերը սկսեցին ջերմանալ վերջերս, քանի որ ՀՀ իշխանությունները հստակ կերպով ԵՄ-ին ներկայացրեցին, որ ցանկանում են և շարունակելու են ԵՄ-ի հետ իրենց կապերը: Հայաստանն առաջարկեց Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել, սակայն սա ներկայում հնարավոր չէ, Հայաստանին առաջարկվել է այլ առաջարկներ ներկայացնել: Եվրոպական միության «նեղվածությունը» Հայաստանից անցնում է, և ԵՄ-ն սպասում է, որպեսզի հայկական կողմը հստակեցնի` ինչ է հնարավոր անել և ինչպես առաջ գնալ: Դա Հայաստանը պետք է թելադրի, քանի որ ԵՄ-ի հետ այդ հարաբերությունները պետք է համատեղելի լինեն Հայաստանի ԵՏՄ հանձնառությունների հետ: Եվրպական միությունն իր անդրդվելի կոչերը մեղմացրել է, և հիմա, երբ երկու կողմերը նպատակ ունեն առաջ գնալ նոր համաձայնագրով, մշակվում է նոր համաձայնագիրը: Խոսքն Ասոցացման համաձայնագրի մասին չէ, բայց դրա քաղաքական մասն է՝ բարեփոխումներով հատկապես՝ արդարադատության ոլորտում:
– Արդեն մի քանի ամիս է՝ նրանք հայտարարում են, թե իր ասելիքը հայկական կողմը պետք է ասի: Ինչո՞ւ հայկական կողմը չի ներկայացնում:
– Ես կարծում եմ, որ պատրաստման փուլում է, Հայաստանը պետք է դոսյե ներկայացնի, թե որ կետերում կարելի է համատեղել համաձայնագիրը: Հայաստանը կներկայացնի մոտ ապագայում: Վստահ եմ, որ խոչընդոտ չկա, երբ պատրաստ լինի, կներկայացնի Եվրոպական միությանը: Ամենակարևորը, որ երկու կողմերն էլ ցանկանում են առաջ շարժվել:
– Պարոն Դեմիրճյան, ԵՄ պաշտոնյաների մեկնաբանությունները Հայաստանի վերաբերյալ բավականին կտրուկ են: Սա պայմանավորված չէ՞ Հայաստանի կողմից տեսլականի ներկայացումը ձգձգելու հանգամանքով:
– Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը պետք է հասկանալի լինի: Հայաստանը հանկարծակիորեն դադարեցրեց Եվրոպական միության հետ համաձայնագրի նախաստորագրման գործընթացը: Բնականաբար, հասկանալի է, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այլ պետք է լինի, բայց վերջերս տրամադրությունները փոխվել են, ջերմացում կա` պայմանավորված հայկական կողմի քայլերով: Ընդհանրապես մթնոլորտը փոխվել է դրական ուղղությամբ: Բայց պետք է այս փուլում Հայաստանը ներկայացնի իր տեսլականը:
– Տեսակետներ կան, որ Ռուսաստանը թույլ չի տալիս, որ Հայաստանը հստակեցնի իր առաջարկները կամ Հայաստանը սպասում է Ռուսաստան–Արևմուտք հակամարտության սուր փուլի մեղմմանը:
– Հայաստանն իր գլխավոր ասելիքն ասել է: Մնում է մանրամասները ներկայացնել, կարծում եմ, որ աշխատանքային փուլ է և ոչ ավելի:
– Մայիս ամսին Ռիգայում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովը: Այդ միջոցառման ընթացքում նախատեսվո՞ւմ է Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել:
– Իմ կարծիքով` Ռիգայում հնարավոր կլինի խոսել նոր համաձայնագրի կամ հռչակագրի մասին: Սա երկու կողմերի համար էլ կարևոր է: Ռիգայում ինչ-որ հանձնառության մասին հռչակում տեղի կունենա: Նույնիսկ 2013 թվականին Վիլնյուսում եղավ հռչակագիր, իսկ հիմա գոնե հռչակագիր կարելի է սպասել, որում ամրագրված կլինի հետագա փաստաթղթի մասին հանձնառություն, այդ թվում՝ ժամկետներ և այլն: