Կարեն Կարապետյան. «Քաղաքական հարաբերությունների կարգավորումը քաղաքական ուժերի խնդիրն է, այլ ոչ՝ անհատների»

Ներքաղաքական վերջին իրադարձությունների առումով լրատվամիջոցներով շրջանառվում է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի անունը` նշելով, թե վերջինս Մոսկվայից ժամանել է Հայաստան` հաշտեցնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս տեղեկությունները, 168.am-ը փորձեց ճշտել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանից:

– Իրականությանը համապատասխանում են միայն այնքանով, որ իրոք այս օրերին Հայաստանում էր Սամվել Կարապետյանը: Հարցն այն է, որ իր և մեր ընտանիքի անունը բավական շահարկվեց այս օրերին, ինչը ճիշտ չեմ համարում: Իրականությունն այն է, որ Սամվել Կարապետյանը հաճախակի է այցելում Հայաստան, և սա հերթական այցերից մեկն էր: Այլ հարց է, որ մենք ունենք նորմալ, մարդկային հարաբերություններ շատ-շատերի հետ, և, ինչպես միշտ, առավել ևս՝ այս օրերին էլ եղել են անձնական հանդիպումներ: Քննարկումներ, բնականաբար, եղել են երկրում ստեղծված լարված իրավիճակի շուրջ, և մենք մշտապես և առհասարակ բոլոր խնդիրները միասնաբար լուծելու կողմնակից ենք:

– Որքանո՞վ կարող էին այդ հանդիպումներն ազդել իրավիճակի հանգուցալուծման վրա:

– Քաղաքական հարաբերություններն ու դրանց կարգավորումը բացառապես քաղաքական ուժերի խնդիրն են, այլ ոչ՝ անհատների: Անհատները կարող են ընդամենը ներկայացնել իրենց տեսակետները, ինչը և միգուցե արվել է: Թե Սամվել Կարապետյանի, թե իմ, թե ընդհանրապես մեր մոտեցումը հստակ է. այն պարագայում, երբ երկիրն ունի արտաքին լուրջ մարտահրավերներ, երբ առջևում Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, երբ փաստացի պատերազմի մեջ ենք, երբ երկրում առկա են լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ, մենք իրավունք չունենք թույլ տալ արհեստական լարվածություն, ցնցումներ, առավել ևս, Աստված մի արասցե, անկանխատեսելի հետևանքներով բախումներ, ինչի հավանականությունը ոչ ոք չի կարող ժխտել:

Կարծում ենք` այսօր բոլորիս գերակա խնդիրը պետք է լինի առաջին հերթին՝ համաշխարհային հանրությանը ճանաչել տալ 1915թ. իրականացված դաժանագույն ոճրագործությունը` Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հետագայում կարելի լինի կանխել հնարավոր համանման հանցագործությունները: Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա դրանք հարկավոր է լուծել միասնական ջանքերով, դրանց մասին բարձրաձայնելով, բայց երբեք ոչ ծայրահեղությունների ու անտագոնիզմի ճանապարհով: Սրանք մեր մոտեցումներն ու սկզբունքներն են, իսկ թե որքանով են դրանք ընդունելի կամ լսելի, այլ խնդիր են: Որոշում կայացնողները, կրկնում եմ, քաղաքական ուժերն են:

– Պարոն Կարապետյան, ՀՅԴ-ն հայտարարեց, որ հաշտության միջնորդներն իրենք են եղել, ավելին, մամուլում նույնիսկ խոսակցություն կար, թե իրենք են խնդրել Սամվել Կարապետյանին` գալ Հայաստան…

– Թե ինչո՞ւ էր Սամվել Կարապետյանը եկել Հայաստան, արդեն պատասխանեցի: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա ինքս մանրամասներին չեմ տիրապետում, թե որքան է եղել այդ կուսակցության ներդրումն առկա վիճակի հանգուցալուծման գործում: Սակայն լրատվամիջոցներով ծանոթանալով իրենց մոտեցումներին, բավական դրական եմ համարում ցանկացած կառուցողական քայլ: Կարծում եմ` թշնամանքի, ցնցումների ու ապակայունացման մերժման գործելաոճ պետք է որդեգրի ցանկացած քաղաքական ուժ, գործիչ կամ ուղղակի անհատ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս