Բաժիններ՝

2015թ. Թուրքիայի ներքաղաքական զարգացումների շուրջ

Hayk-gabrielyan

Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ

Անդրադառնալով 2015թ. Թուրքիայի ներքաղաքական դաշտում ակնկալվող հիմնական զարգացումներին` հարկ է ընդգծել 3 հիմնական ուղղություն՝ խորհրդարանական ընտրությունների անցկացում, «կարգավորման գործընթաց» («Քրդական հարց») և «զուգահեռ կառույցի» («Գյուլենական շարժման») դեմ պայքար:

Կարդացեք նաև

Խորհրդարանական ընտրություններ – 2015թ. հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնք կարևորվում են նաև Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու առումով: 2015թ. սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխություններին (նոր Սահմանադրության ընդունմանը) հասնելու համար անհրաժեշտ է, որ իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) առաջիկա ընտրությունների արդյունքներով ստանա ավելի քան 330 մանդատ1:

Բնականաբար, Էրդողանը կցանկանար, որ ԱԶԿ-ն ընտրությունների արդյունքներով ստանար առնվազն 367 պատգամավորական մանդատ (խորհրդարանի 2/3-ը), ինչն ԱԶԿ-ին հնարավորություն կտար բացառապես սեփական ուժերով քվեարկության դնել ու հաստատել ցանկացած օրինագիծ: Սակայն Էրդողանի խոսքերը վկայում են, որ նա բացառում է նման հաջողությունը: Էրդողանն, իհարկե, հիշում է, որ թեև ԱԶԿ-ն 3 անգամ անընդմեջ հաղթել է ԹԱՄԺ ընտրություններում (2002թ., 2007թ., 2011թ.), սակայն նրան որևէ անգամ չի հաջողվել հասնել նման արդյունքի (համապատասխանաբար՝ 363, 341, 327 մանդատ):

Բացի այդ, հարկ է նշել, որ 2014թ. մայիսին ԱԶԿ-ում որոշեցին չփոխել կուսակցության ներքին կանոնակարգը, ըստ որի` կուսակցության անդամներն իրավունք չունեն 3 անգամից ավելի դառնալ պատգամավոր: Այժմ այդ արգելքը տարածվելու է ԱԶԿ ավելի քան 70 ներկայացուցչի վրա (Ռեջեփ Էրդողան, Բյուլենթ Արընչ, Բեշիր Աթալայ, Ալի Բաբաջան, Ջեմիլ Չիչեք, Նիհաթ Էրգյուն, Բինալի Յըլդըրըմ, Թաներ Յըլդըզ, Հուսեին Չելիք, Բեքիր Բոզդաղ, Սադուլահ Էրգին, Մևլյութ Չավուշօղլու, Էգեմեն Բաղըշ և այլք), ինչը որոշակի առումով նշանակում է կուսակցության թուլացում: Սակայն ԱԶԿ-ում այդպես չեն կարծում` հիշեցնելով, որ 2002-2011թթ. ընդհանուր առմամբ իրենց կուսակցությունից պատգամավոր է ընտրվել 1038 մարդ, և այդ ֆոնին մեծ չէ «3 ժամկետի» արգելքի տակ ընկածների թիվը:

Եվ վերջապես, չպետք է մոռանալ, որ Էրդողան-Գյուլեն առճակատման և ընդհանրապես Էրդողանի վարած քաղաքականության հետևանքով ԱԶԿ-ական մի շարք պատգամավորներ վերջին մեկուկես տարում լքել են կուսակցության շարքերը` դառնալով անկախ պատգամավորներ (ճանաչված ֆուտբոլիստ Հաքան Շուքյուր) ու հիմնելով նոր կուսակցություններ (Իդրիս Նաիմ Շահինը հիմնել է Ազգ և արդարություն կուսակցությունը, իսկ Իդրիս Բալը` Դեմոկրատական զարգացում կուսակցությունը):

Ինչ վերաբերում է Էրդողանի նշած 330 պատգամավորական մանդատ (5502 հոգանոց խորհրդարանի 3/5-ը) ստանալուն, ապա դա այն թիվն է, որն ԱԶԿ-ին հնարավորություն կտա ԹԱՄԺ դիտարկմանը ներկայացնել նոր սահմանադրության նախագիծը, որն առաջին հերթին ենթադրում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի («Մեկ մարդու» ռեժիմի): Եթե այն չհաստատվի ԹԱՄԺ-ի կողմից, ապա կուղարկվի երկրի նախագահին, որն էլ կարող է այն դնել հանրաքվեի (կամ էլ վետո դնել), և անկասկած է, որ հանրաքվեի արդյունքներով դա կընդունվի` հաշվի առնելով ԱԶԿ բարձր վարկանիշն ու քրդերի հնարավոր աջակցությունը դրան:

Կարելի է կարծել, որ ԱԶԿ-ին նպատակահարմար կլինի ընտրությունների արդյունքներով առնվազն 335 պատգամավորական մանդատ ստանալը` ավելորդ ռիսկերից խուսափելու համար: Բանն այն է, որ Թուրքիայի սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ ԹԱՄԺ նախագահն ու նիստը վարող նրա տեղակալը քվեարկության իրավունք չունեն խորհրդարանում, ինչն էլ առաջացնում է 330-ից ավելի պատգամավորական քվեների անհրաժեշտություն: Ներկա դրությամբ ԹԱՄԺ նախագահն ԱԶԿ-ական Ջեմիլ Չիչեքն է, որի 4 տեղակալներից 2-ն ԱԶԿ-ական են: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել (ԱԶԿ-ական) պատգամավորների հնարավոր մահվան հանգամանքը, որի դեպքում մահացած պատգամավորի տեղը մնում է թափուր: ԱԶԿ-ի համար կարելի է երաշխավորված համարել ընտրությունների արդյունքներով ԹԱՄԺ-ում 276 պատգամավորական մանդատ (50%+1) ստանալը, ինչը բավարար է ոչ կոալիցիոն կառավարություն հիմնելու համար:

Անդրադառնալով ԹԱՄԺ-ում ներկայացված քաղաքական 2-րդ խոշոր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը (ԺՀԿ)` պետք է նշել, որ հասարակության շրջանում շարունակում է չաճել նրա հանդեպ վստահությունը, ինչի մասին վկայեցին նաև 2014թ. ՏԻՄ և նախագահական ընտրությունները: 2014թ. ԺՀԿ-ը շարունակեց աչքի ընկնել գործող իշխանություններին քննադատելով (Սոմայի ու Էրմենեքի հանքավայրերի վթարներ, «Իսլամական պետության» դեմ պայքար և այլն) և ներքին գզվռտոցներով: Մասնավորապես, նախագահական ընտրությունների 1-ին փուլում ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի պարտությունից հետո բազմաթիվ ԺՀԿ-ականներ պահանջեցին ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հրաժարականը (ԺՀԿ 21 պատգամավոր, այդ թվում նաև նախկին (1992-2010թթ.) նախագահ Դենիզ Բայքալը, չէին ստորագրել Իհսանօղլուի թեկնածությանն աջակցելու տակ)3:

Նախագահական ընտրություններից հետո ԺՀԿ-ական պատգամավոր Էմինե Ուլքեր Թարհանը լքեց ԺՀԿ-ը և հիմնեց Անադոլու կուսակցությունը, իսկ պատգամավոր Մեհմեթ Էմրեհան Հալըջըն, լքելով ԺՀԿ-ը, իր հերթին հիմնեց Էլեկտրոնային ժողովրդավարական կուսակցությունը: 2014թ. ՏԻՄ ընտրություններում ԺՀԿ-ի կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մուսթաֆա Սարգյուլն իր հերթին հայտարարել է, որ լքում է ԺՀԿ-ը և խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր նոր կուսակցությամբ (Թուրքիայի բարեփոխումների կուսակցություն): Բացի այդ, 2014թ. սեպտեմբերին թուրքական մամուլը գրեց, որ Դենիզ Բայքալի հրաժարականի պատճառ դարձած սկանդալային (սեռական հարաբերությունների մասին) տեսանյութը պատրաստել է հենց Քեմալ Քըլըչդարօղլուն. «Տեսանյութը նկարահանվել է 2009թ. դեկտեմբերի 7-ին և համացանցում է հայտնվել դրանից 5 ամիս անց` 2010թ. մայիսի 6-ին: 4 օր անց՝ մայիսի 10-ին, ԺՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Դենիզ Բայքալը, իսկ մայիսի 22-ին Քեմալ Քըլըչդարօղլուն դարձավ ԺՀԿ նոր նախագահ: Ամեն ինչ ավարտվեց ընդամենը 16 օրում (մայիսի 6-22)4: Նշենք, որ մինչ այդ կասկածներ կային, որ սեռական սկանդալի միջոցով ԺՀԿ գրեթե 20-ամյա նախագահին ճանապարհից հեռացնելու նախաձեռնողը եղել է ԱԶԿ-ն:

Ուշագրավ էր նաև այն, որ թեև 2014թ. ՏԻՄ ընտրություններից առաջ Քեմալ Քըլըչդարօղլուն հերքել էր ԺՀԿ-ի՝ Գյուլենական շարժման հետ կապեր հաստատելու մասին լուրերը, այնուամենայնիվ, 2014թ. դեկտեմբերի կեսին ԺՀԿ-ական պատգամավոր Բիրգյուլ Այման Գյուլերը խոստովանեց, որ ԺՀԿ ղեկավարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ դաշինքի մեջ է մտել Գյուլենական շարժման հետ5: Այսպիսով, կարելի է ասել, որ 2014թ. դեպքերն ավելի խորացրին ԺՀԿ ներքին տարաձայնություններն ու թուլացրին այն:

Ինչ վերաբերում է ԹԱՄԺ-ում ներկայացված 3-րդ խոշոր ուժին՝ Ազգայնական շարժում կուսակցությանը (ԱՇԿ), ապա վերջինս սովորաբար որոշակի շահեկան դիրքերում է հայտնվում այն ժամանակ, երբ Թուրքիան անվտանգության տեսանկյունից հայտնվում է որոշակի ռիսկային պայմաններում: Դա կարող է վերաբերել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին զարգացումներին, որոնք ԱՇԿ-ը փորձում է ծառայեցնել իր օգտին: Նման դեպքերում ԱՇԿ-ն հանդես է գալիս խիստ և կտրուկ հայտարարություններով, ինչն ընտրություններից առաջ որոշակիորեն մեծացնում է նրա ընտրազանգվածը: Ներկայումս կա մոտ 2 միլիոնանոց ընտրազանգված, որը տատանվում է ԱԶԿ կամ ԱՇԿ օգտին ընտրություն կատարելու միջև, և կողմերը լուրջ քայլեր կգործադրեն` նրան իրենց կողմը բեկելու համար:

Ընտրություններին պատրաստվելու պլանում առավել հետաքրքրություն է ներկայացնում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): ԺԴԿ-ը որոշել է ընտրություններին մասնակցել համամասնական ընտրակարգով, ինչը որոշակի առումով կարելի է համարել ռիսկային որոշում, քանի որ ԹԱՄԺ մուտք գործելու համար այն պետք է կարողանա հաղթահարել 10%-անոց ընտրական շեմը: Պետք է հիշել, որ ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը 2014թ. նախագահական ընտրությունների ժամանակ կարողացավ հավաքել քվեների 9.76%-ը, սակայն եթե ԺԴԿ-ն խորհրդարանական ընտրություններում ունենա այդպիսի արդյունք, ապա դա նրա համար կատարյալ ձախողում կլինի, և այն ներկայացված չի լինի ԹԱՄԺ-ում:

Սակայն ԺԴԿ անդամներն ընդգծում են, որ այդ հարցում չկա որևէ ռիսկ, և որ ԺԴԿ-ն կարող է հանգիստ հաղթահարել ընտրաշեմը: Դեմիրթաշը չի բացառել, որ ԺԴԿ-ն կարող է հավաքել քվեների մինչև 15%-ը` ընդգծելով, որ իրենց պոտենցիալը կազմում է մինչև 26%6: Այստեղ կարելի է նշել մի քանի պատճառ, որոնք կարող են նպաստել ԺԴԿ-ի կողմից 10%-անոց շեմը հաղթահարելուն: Նախևառաջ, ԺԴԿ-ն աչքի է ընկել նրանով, որ գործունեությունը չի սահմանափակել Թուրքիայի միայն հարավարևելյան քրդաբնակ նահանգներով և լայն գործունեություն է ծավալել նաև երկրի արևմուտքում` փորձելով լցնել ձախ ուժերում առկա վակուումը: Բացի այդ, Թուրքիայի քրդերը դժգոհ են մնացել «Իսլամական պետության» դեմ պայքարի hարցում ԱԶԿ քաղաքականությունից, ինչը մասնավորապես վերաբերում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու գտնվող Սիրիայի Քոբանի քաղաքի դեպքերին: Դրա հետ կապված` 2014թ. հոկտեմբերին Թուրքիայում գրանցվեցին քրդերի բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց ժամանակ զոհվեց 42 մարդ: Դա նշանակում է, որ եթե առաջիկա ամիսներին չշտկվի իրավիճակը, ապա քրդական ընտրազանգվածի այն հատվածը, որն ընտրությունների ժամանակ սովորաբար քվեարկում է ԱԶԿ օգտին (Թուրքիայի ներկայիս քաղաքական ուժերի շրջանում նրան համարելով «չարյաց փոքրագույնը»), կարող է քվեարկել ԺԴԿ օգտին:

ԺԴԿ-ն նաև որոշակի քայլեր է ձեռնարկում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շրջանում իր հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ` շարունակ հայտարարելով (Դեմիրթաշ), որ «իրենք այս տարածքների տերեր են դիտարկում նաև նրանց (հայերին, ասորիներին, լազերին, ալևիներին և այլն)»: Ի դեպ, 2014թ. Դեմիրթաշը խոստացել էր Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` նախապես քաջ գիտակցելով, որ չունի Թուրքիայի նախագահ ընտրվելու համար անգամ աննշան հնարավորություն: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը 2015թ. հունվարին ուշագրավ հայտարարություն արեց, ըստ որի՝ նախագահական ընտրություններում Դեմիրթաշի օգտին քվեարկել են նաև ԼԳԲՏ ներկայացուցիչները: Պետք է հիշել, որ այն ժամանակ ԼԳԲՏ 12 կազմակերպություն աջակցություն էր հայտնել ԺԴԿ-ին` հայտարարելով, որ նախագահի 3 թեկնածուներից միայն Դեմիրթաշն է պաշտպանում իրենց իրավունքները: Ըստ ամենայնի, ԺԴԿ-ն այս տարի նույնպես կստանա նրանց աջակցությունը: Եվ վերջապես, ինչպես 2014թ. դեկտեմբերին հայտարարել է Դեմիրթաշը, եվրոպական երկրներում բնակվում է 1.5 միլիոն քուրդ, և ԺԴԿ-ն պետք է անմիջապես սկսի համապատասխան աշխատանքներ տանել նրանց շրջանում:

Այդպիսով, 10%-անոց շեմը հաղթահարելու համար ԺԴԿ-ն պետք է բազմապատկի ջանքերը: Չպետք է բացառել նաև, որ ԺԴԿ-ում, ի վերջո, կորոշեն ընտրություններին մասնակցել մեծամասնական ընտրակարգով, ինչը կապահովի որոշակի թվով պատգամավորական մանդատներ: Սակայն պետք է նկատել, որ ԺԴԿ-ի համար առավել գայթակղիչ է ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելը, քանի որ այդ դեպքում ԺԴԿ-ն կարող է ստանալ շատ ավելի պատգամավորական մանդատներ (նման հնարավորություն ընձեռում է երկրի ընտրական համակարգը): Բայց եթե ԺԴԿ-ն ձախողվի ընտրաշեմի հաղթահարման հարցում, ապա դա կնպաստի ԹԱՄԺ-ում առաջին հերթին ԱԶԿ մանդատների ավելացմանը: Բանն այն է, որ եթե անգամ ԱԶԿ-ական թեկնածուները քրդաբնակ նահանգներում ստացած քվեների թվով զիջեն ԺԴԿ-ական թեկնածուներին և զբաղեցնեն 2-րդ տեղը, ապա միևնույն է՝ հենց նրանք կճանաչվեն հաղթողներ ու կդառնան պատգամավորներ, քանի որ ԺԴԿ-ն ընդհանուր առմամբ հաղթահարած չի լինի ընտրաշեմը և, հետևաբար, ներկայացված չի լինի ԹԱՄԺ-ում: Ստացվում է, որ 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայում ներդրված 10%-անոց ընտրաշեմը մեծապես ծառայում է ԱԶԿ օգտին: Դրա ամենացայտուն օրինակը գրանցվեց 2002թ. խորհրդարանական ընտրություններում, որոնցում ԱԶԿ-ն թեև հավաքեց քվեների ավելի քան 34%-ը, սակայն ԹԱՄԺ-ում ստացավ տեղերի 66%-ը` 363 մանդատ, ինչը հնարավոր դարձավ նրա շնորհիվ, որ այն ժամանակ «կորել» էր վավեր քվեների մոտ 45%-ը (այդքան քվեներ ստացած տարբեր կուսակցությունների (այդ թվում նաև՝ քրդական) չէր հաջողվել հաղթահարել ընտրաշեմը):

Ամփոփելով պետք է նշել, որ ընտրություններում ԱԶԿ հաղթանակը կասկած չի հարուցում` հաշվի առնելով նրա բարձր վարկանիշը, այդ թվում նաև քրդերի շրջանում, իշխանական ռեսուրսների հնարավոր օգտագործումը, ընդդիմադիրներին վարկաբեկող նյութերի հնարավոր տարածումը, ընտրական համակարգի ընձեռած հնարավորությունները: Եթե ԺԴԿ-ն ընտրություններին մասնակցի համամասնական ընտրակարգով ու ձախողվի, ապա կարելի է անկասկած համարել, որ ԱԶԿ-ն ԹԱՄԺ-ում կստանա ավելի քան 330 մանդատ: Ընտրությունների արդյունքներով ԹԱՄԺ-ում վերստին ներկայացված կլինեն ԺՀԿ-ն ու ԱՇԿ-ն` համապատասխանաբար իրենց ավելի քան 20 և 10%-անոց արդյունքներով:

«Կարգավորման գործընթաց» – Թուրքիայում «կարգավորման (կամ խաղաղության) գործընթացի» դե-ֆակտո մեկնարկը տրվել է 2012թ. սեպտեմբերին, երբ քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանը, որը 1999-ից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում, նամակ հղեց Թուրքիայի իշխանություններին: 2012թ. դեկտեմբերի 28-ին Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանը հաստատեց, որ կառավարությունը բանակցություններ է վարում Օջալանի հետ, ինչից հետո այդ բանակցություններն ու հանդիպումներն անվանվեցին «կարգավորման գործընթաց»:

2014թ. սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի 2015-ը եզրափակիչ տարի դառնա «կարգավորման գործընթացի» համար` հավելելով, որ «կարգավորման գործընթացը» կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև Մերձավոր Արևելքի համար7: 2014թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքն իր հերթին հայտարարեց, որ եթե իրենք հաջողությամբ ավարտին հասցնեն «կարգավորման գործընթացը», ապա դա ոգեշնչող օրինակ կծառայի նաև Մերձավոր Արևելքի երկրների համար:

2014թ. վերջին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը. «Եթե «կարգավորման գործընթացն» ավարտվի հաջողությամբ, ապա Օջալանը կարող է մասնակցել PKK 12-րդ համագումարին, որը կայանալու է 2015թ. ապրիլին: Օջալանը մեզ ու կառավարությանը ներկայացրել է կարգավորման վերջնական նախագիծ: Մենք քննարկել ենք այն և պատրաստ ենք դրա շրջանակներում «Քրդական հարցի» լուծմանը, ինչը շատ կարևոր է Թուրքիայի ժողովրդավարացման համար: Ակնկալվում է բանակցություններն ավարտել 3 ամսում: Օջալանը փետրվարի 15-ին (1999թ. այդ օրը Նայրոբիում ձերբակալել են նրան) կհանդիպի Մոնիթորինգային հանձնաժողովի հետ, և եթե դա ունենա հաջող ընթացք, ապա մարտի 15-ին կդադարեցնենք Թուրքիայի դեմ մեր պայքարը: Ապրիլի 15-ին Ղանդիլում կայանալիք համագումարում մենք կորոշենք՝ դառնա՞լ քաղաքական ուժ, թե՞ շարունակել պայքարը: Հաջողության դեպքում համագումարին կմասնակցի Օջալանը»8։ Սակայն Դավութօղլուն հերքեց PKK կոնգրեսին Օջալանի մասնակցության հնարավորությունը:

Այսպիսով, 2015-ը կարևոր տարի է լինելու «Քրդական հարցի» լուծման համար: Խորհրդարանական ընտրություններից առաջPKK-ի կողմից զենքը վայր դնելը կնպաստի Էրդողանի (ԱԶԿ) վարկանիշի բարձրացմանը: «Քրդական հարցի» լուծմանը պետք է նպաստի նոր սահմանադրության ընդունումը, որով մի շարք իրավունքներ կշնորհվեն Թուրքիայի քրդերին, կկրճատվի 10%-անոց ընտրաշեմը և այլն: «Քրդական հարցի» լուծումը կարձակի Էրդողանի` որոշակիորեն կաշկանդված ձեռքերը և կհանգեցնի արտաքին քաղաքական դաշտում առավել ակտիվ ու ագրեսիվ քաղաքականություն վարելուն:

Պայքար «զուգահեռ կառույցի» դեմ – 2014թ. դեկտեմբերին թուրքական դատարանն արտոնեց հեռակա կարգով իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլա Գյուլենին կալանքի տակ առնելը, որը 1999-ից բնակվում է ԱՄՆ-ում: Գյուլենը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու» մեջ9: Վերջին շրջանում նա դարձել է իշխանության համար պայքարում Էրդողանի ամենամեծ խնդիրներից մեկը, ինչի համար էլ վերջինը ձգտում է ամեն կերպ հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Սակայն դրա համար Թուրքիայի կառավարությունը պետք է ներկայացնի Գյուլենի դեմ շոշափելի ապացույցներ: Դատարանի որոշումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ մինչև հիմա ԱՄՆ-ը Գյուլենի հարցում պահանջում էր իրավական փաստաթուղթ, որն արդեն կա, և իրենք այժմ սպասում են ԱՄՆ քայլին: Թուրքիան մտադիր է Գյուլենի արտահանձնմանը հասնել ինչպես Ինտերպոլի կարմիր շրջաբերականի, այնպես էլ «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև արտահանձնման և փոխադարձ իրավական օգնության մասին» երկկողմ համաձայնագրի (1979թ., որը չի առնչվում «քաղաքական բնույթի» հանցանքներին) շրջանակներում: Էրդողանն ԱՄՆ-ին հիշեցրել է, որ Թուրքիան վերջին մոտ 20 տարում (1993-ից) կատարել է արտահանձնման մասին ԱՄՆ ավելի քան 10 պահանջ և ներկայումս նույնպիսի պատասխան է ակնկալում ՆԱՏՕ գծով իր դաշնակցից: Ի պատասխան` ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ը և Թուրքիան դաշնակիցներ են, սակայն դա չի նշանակում, թե նրանք միակարծիք են բոլոր հարցերում:

Թուրք հոդվածագիր Ասլը Այդընթաշբաշը Էրդողանին հիշեցրել է, որ նրա մատնանշած, ԱՄՆ-ին արտահանձնված գրեթե բոլոր անձինք կապված են եղել «Ալ-Քաիդայի» հետ, մինչդեռ Արևմուտքի աչքում Գյուլենի շարժումն ԱԶԿ-ի նման որակվում է որպես իսլամական (արդի իսլամի, իսլամական չափավորության, իսլամի ու ժողովրդավարության համատեղելիության) մոդել և «Ալ-Քաիդայի» այլընտրանք: ԱՄՆ-ում Էրդողանի և Գյուլենի առճակատումը որակվում է որպես քաղաքական հակամարտություն, և չի համարվում, թե խնդիրն ահաբեկչական հանցանքի մեջ է: Գյուլենի դեմ Էրդողանի պայքարի ոճը ոչ թե սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ում նրա դիրքերը, այլ, ընդհակառակը` ամրապնդել է դրանք: Ամերիկացիների աչքում Գյուլենը նմանվել է Դալայ-լամային: Մինչդեռ Էրդողանը, որին ժամանակին Արևմուտքում անվանում էին «մուսուլման դեմոկրատ», Գեզի այգու դեպքերի, սոցցանցերի փակման փորձերի, «Մեծ կաշառք» (17-25.12.2013) գործի պատճառով Գյուլենի դեմ միջազգային խաղը սկսել է 0:1 հաշվով10:

ԱՄՆ-ը այժմ որոշակի առումով դժվարին վիճակում է հայտնվել Էրդողան-Գյուլեն առճակատման պատճառով, և հազիվ թե ակնհայտորեն աջակցի կողմերից մեկին. մի կողմից՝ Գյուլենի շարժման ուժեղ ցանցն է երկրում և ընդհանրապես աշխարհում (Գյուլենի շարժումն աշխարհի ավելի քան 160 երկրում ունի մոտ 1300 դպրոց, միլիոնավոր հետևորդներ), իսկ մյուս կողմից էլ` ՆԱՏՕ գծով կարևոր դաշնակից Թուրքիայի օրինական կառավարությունը: Այդ մասին է վկայում նաև «Մեծ կաշառք» գործից հետո Թուրքիայում ԱՄՆ տվյալ ժամանակվա դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի խիստ հայտարարությունը. «Մեզ մի՛ ներքաշեք ձեր ներքին գզվռտոցների մեջ»:

Ներկայումս թուրքական կողմը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի եթե ոչ արտահանձնմանը, ապա` գոնե արտաքսմանը: Բնականաբար, արտաքսումը նույնպես կարող է ձեռնտու լինել Թուրքիայի կառավարությանը, քանի որ քաջ գիտակցում է, որ դա առավել կհեշտացնի Գյուլենի արտահանձնման խնդիրը, քան ԱՄՆ դեպքում էր` անկախ նրանից, թե որ երկրում կհայտնվի Գյուլենը:

Թեև 2014թ. դեկտեմբերի վերջին Էրդողանն ազդարարեց «զուգահեռ կառույցի» դեմ իրենց հաղթանակի մասին, սակայն քաջ գիտակցում է, որ անհնար է երկրում ամբողջովին արմատախիլ անել Գյուլենական շարժումը, ինչի համար էլ 2015թ. Թուրքիայում շարունակվելու է գյուլենականների դեմ պայքարը: Կարելի է ենթադրել, որ Էրդողանն այս տարի գործի է դնելու իրավական, քաղաքական, դիվանագիտական բոլոր գործիքները (այդ թվում նաև ճնշումներ, շանտաժ, փոխզիջում)` հասնելու համար Գյուլենի արտահանձնմանը և մոտ հեռանկարում վերջակետ դնելու համար «զուգահեռ կառույցի» խնդրին: Եթե դա տեղի ունենա նախքան Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, ապա, բնականաբար, կնպաստի Էրդողանի վարկանիշի բարձրացմանը (ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշի նվազմանը): Վերջին մոտ 1,5 տարում Էրդողանն այնպիսի զգայուն հարվածներ է հասցրել գյուլենականներին, որ նրանք հազիվ թե կարողանան մոտ ժամանակներս ուշքի գալ ու վերականգնել իրենց երբեմնի դիրքերը: Դա նշանակում է, որ Գյուլենն իրականում դադարում է Էրդողանի վրա ճնշում գործադրելու հարցում ԱՄՆ-ի համար լծակ հանդիսանալուց, ինչը կարող է նպաստել նրա արտահանձնմանը կամ արտաքսմանը:

Դեռևս 2012թ. հունիսին Էրդողանը Գյուլենին կոչ էր արել վերադառնալ Թուրքիա՝ ընդգծելով, որ արտասահմանում բնակվելն առաջացնում է կարոտ, ինչին շատ դժվար է դիմանալ, և որ իրենք ցանկանում են նրան տեսնել Թուրքիայում՝ իրենց շարքերում11: Այստեղ պետք է հիշել 2014թ. մայիսին Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի այն հայտարարությունը, թե Գյուլենի շարժումը Թուրքիայի կառավարությանը սկսել է գաղտնալսել 2009թ. նոյեմբերից՝ Դավոսի սկանդալից հետո: Որոշակի տեղեկություններով՝ Էրդողանի և Գյուլենի տարաձայնությունները սկսվել են հենց թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառով (2011թ. Stratfor-ի նամակագրությունում արդեն խոսվում է Գյուլեն-Էրդողան առճակատման մասին):

Սա նշանակում է, որ Էրդողանը ժամանակին փորձել է նման կոչերով սիրաշահել Գյուլենին և նրան վերադարձնել Թուրքիա, ինչից հետո հեշտությամբ կկարողանար ձերբազատվել նրանից: Սակայն Գյուլենը խոհեմություն ցուցաբերեց և չգնաց այդ քայլին` չնայելով անգամ նրան, որ 1997թ. հետմոդեռնիստական հեղաշրջումից հետո «Թուրքիայում գործող կարգը տապալելու փորձի» համար իր դեմ ներկայացված մեղադրանքը վերացվել է հենց Էրդողանի գլխավորած ԱԶԿ իշխանության տարիներին:

Ամփոփելով վերոնշյալ 3 ոլորտները` պետք է նշել, որ դրանցում հաջողության հասնելու դեպքում զգալիորեն կամրապնդվեն Էրդողանի դիրքերը երկրի ներսում, ինչն իր արտացոլումը կգտնի նաև արտաքին քաղաքական դաշտում: 2015թ. Էրդողանը կշարունակի նաև ընտրությունների միջոցով և նոր պալատների ստեղծմամբ իշխանամետների ներկայության մեծացումը դատական մարմիններում, և մարտի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչի լիազորությունների ժամկետի ավարտը նույնպես դրական գործոն կհանդիսանա նրա համար (ԱԶԿ-ի դեմ պայքարի առաջամարտիկներից Հաշիմ Քըլըչը ՍԴ նախագահ է ընտրվել 2007թ. և այդ պաշտոնում վերընտրվել է 2011թ.): 2015թ. խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում կհաստատվի ընտրական դադար (եթե հաշվի չառնենք սահմանադրական հնարավոր հանրաքվեն), և Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ 1 տարում` 2019թ., կանցկացվի միանգամից 3 ընտրություն` ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական: Իսկ մինչ այդ կարելի կլինի ականատես լինել Էրդողանի ավելի կոշտ քաղաքականությանը, ընդ որում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում:

1 Nuray Babacan, 330 çok önemli çalışılmalı, Hürriyet, 09.01.2015.

2 Ներկայումս ԹԱՄԺ-ն ունի 535 պատգամավոր (4 պատգամավոր մահացել է, 10-ը դարձել է քաղաքապետ, իսկ Ռեջեփ Էրդողանն ընտրվել է երկրի նախագահ): ԱԶԿ-ն ունի 312, ԺՀԿ-ը` 127, ԱՇԿ-ը՝ 52, ԺԴԿ-ը` 26, մյուս կուսակցությունները` 5 պատգամավոր: Անկախ պատգամավորները 13-ն են:

3 Eski vekillerden Kılıçdaroğlu’na istifa çağrısı, Bugün, 15.08.2014.

4 ‘Deniz Baykal kasedini Kemal Kılıçdaroğlu hazırladı!’, Milliyet, 24.09.2014.

5 CHP’li Güler: 30 Mart’ta cemaatle ittifak yaptık, Dünya Bülteni, 14.12.2014.

6 Demirtaş: Seçime parti olarak girmek risk ama…, Radikal, 10.01.2015.

7 2015 çözüm için final olacak, Yeni Akit, 07.09.2014.

8 Karayılan: Öcalan PKK kongresine katılacak, Sözcü, 23.12.2014.

9 Fethullah Gülen’e yakalama kararı, Hürriyet, 20.12.2014.

10 Aslı Aydıntaşbaş, Obama Fethullah Gülen’i neden vermez?, Milliyet, 10.03.2014.

11 Başbakan’dan Fethullah Gülen’e “dön” çağrısı, Vatan, 15.06.2012.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս