Ինչպե՞ս կարող է քաղաքացին դիմել բժշկասոցիալական փորձաքննության

Բժշկասոցիալական փորձաքննություն առաջին անգամ անցնելու համար քաղաքացին պետք է դիմի իր հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող բժշկական կազմակերպություն (տարածքային պոլիկլինիկա):

1. Մինչ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվելը, քաղաքացին բժշկական կազմակերպությունում պետք է  անցնի անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումները և ավարտից հետո միայն կազմակերպությունը կարող է ուղեգրել  անձին բժշկասոցիալական փորձաքննության, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում անձին մասնագետները կարող են ուղեգրել  փորձաքննության՝ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ՝ քան բուժման անցնելուց 3 ամիս հետո (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի):

2. Աշխատող քաղաքացիների դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքացին առնվազն 80 օր ունենա  ժամանակավոր անաշխատունակության օրեր, որի վերաբերյալ տարածքային պոլիկլինիկան ամբուլատոր քարտում կկատարի համապատասխան նշումներ  ժամանակավոր անաշխատունակության օրերի և տրված թերթիկի վերաբերյալ:

3. Քաղաքացին  առողջապահական կազմակերպությունից տրված ուղեգիրը (թիվ 088 ձև, իսկ երեխաների դեպքում՝ 088-1 ձև), ինչպես նաև առողջության խաթարումը հավաստող բժշկական փաստաթղթերը և դիմումը ներկայացնում է տարածքը սպասարկող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով/ ԲՍՓՀ/:

4. Վերափորձաքննություն անցնելու նպատակով  /վերափորձաքննված է համարվում այն քաղաքացին, ով  երբևէ ենթարկվել է բժշկասոցիալական փորձաքննության՝ անկախ փորձաքննության արդյունքներից/ քաղաքացին դիմումը անմիջապես ներկայացնում է համապատասխան ԲՍՓՀ /կամ մասնագիտացված/՝  կցելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարված  բուժական, վերականգնողական և ախտորոշիչ միջոցառումների և դրանց արդյունքների մասին իր բժշկական փաստաթղթերը:

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները, որոնց կազմավորման և գործունեության կարգը սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 14 նոյեմբերի 2002 թվականի N 18 22-Ն որոշմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս