Արարատ մարզի շատ հողատարածքներ մնացել են առանց ոռոգման

Մի քանի տարի առաջ, երբ Արաքսավան գյուղի բնակիչ Գարուշ Մկրտչյանը միացնում էր իր հողամասի արտիզանը, կարողանում էր գրեթե ամբողջ հողամասը ջրել, իսկ հիմա մի մարգը ջրում է թե չէ՝ ջուրն արդեն վերջացած է լինում: «Նասոսն աշխատում է, բայց ջուր չի բերում, մի մարգը կջրի, ու վերջ, ջուրը կվերջանա»,- ասում է գյուղացին:

Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակիչներն այսօր լուրջ խնդիր ունեն. ջուր չկա, հողերն անապատացվում են, ու շատ հողատարածքներ մնում են առանց ոռոգման: Ըստ Արաքսավան գյուղի բնակիչների` հազիվ 30 հեկտար հող ոռոգվի, մոտ 200 հեկտարի չափով հող այսօր չի ոռոգվում այս տարածքներում: Ջրի սակավությունը հիմա միայն հողագործությամբ զբաղվողների համար չէ մեծ խնդիր դարձել, անասնապահությամբ զբաղվող գյուղացիներն էլ են տուժում սրա արդյունքում: Անասուններին կերակրելու համար նրանք ստիպված են ամբողջ խոտը գնել. չնայած սեփական հողամասեր ունեն, բայց խոտ չունեն, ջուր չկա, իսկ տարածքներն անապատի են վերածվում:

Gyux Alami (5)

Gyux Alami (4)

Կարդացեք նաև

Գյուղի բնակչության կեսից ավելին այսօր ոռոգման ջուր չունի, բայց ժամանակին անգամ մի թիզ հողն անմշակ չէր մնում ու ոռոգվում էր: «25 տարուց ավելի է, ինչ հողերը բաժանել են՝ ջուր չենք տեսել: Սովետի ժամանակ սրանք բոլորը պետական հողեր են եղել, անընդհատ մշակվել են: Առաջ, օրինակ, մի հեկտարից նախատեսված էր 30 տոննա լոլիկ ստանալ, բայց դեռ պլանը մի բան էլ գերակատարում էինք, իսկ հիմա այս պայմաններում շատ դժվար է: Թող ջուր լինի՝ ես էլ վիզ դրած աշխատեմ, եթե ջուր չկա՝ մնացած բաներն էլ անիմաստ տեղն ես անում»,- ասում է գյուղացի Գարուշը:

Գյուղացին պատմում է նաև, որ տարիներ առաջ այս հողում անգամ մեկ ու կես մետր ձեռքով փորելու դեպքում` ջուրը դուրս էր գալիս հողից, հիմա նույնիսկ հինգ մետր փորում են՝ դեռ ջուր չի էլ երևում. «Նասոսն աշխատում է, բայց ջուր չի բերում, ստորգետնյա ջուր էլ չկա, բոլոր էդ ձկնաբուծական կետերի պատճառով ջրերը կտրվել է հիմա»:

Gyux Alami (6)

Gyux Alami (3)

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նույնպես կարծում է՝ ոռոգման հարցը գյուղացու համար հիմա մեծ խնդիր է դարձել, և նրանք այդ հարցը միշտ էլ բարձրացրել են: «Կարծում ենք՝ իրավիճակը պետք է փոխվի, եթե, իհարկե, Գյուղատնտեսության նախարարությունը բարեփոխումների գնա, և այդ ոռոգման համակարգի մոնոպոլ վիճակը քանդվի: Գյուղատնտեսության նախարարության համար հիմա ժամանակը եկել է, ըստ իս, որ ցույց տա՝ գյուղացու կողքին է, և այդ համակարգում լուրջ բարեփոխումներ անի»,- ասում է Հրաչ Բերբերյանը:

Ոռոգման ջրի բացակայությունը համատարած է. Գարուշը Սև ջուր կոչվող լճի տարածքում սեփականաշնորհված հողեր ունի` մոտ 8800 մ, այնտեղ էլ գրեթե ջուր չկա: Սև ջուրի տարածքում ավելի քան 30 հեկտար հողամաս է, ու համատարած նորմալ ջուր չկա. «Ինչ Սովետական Միությունը փլուզվել ա՝ ջուր չկա: Եթե ջուր լինի, էդ տարածքը մշակեմ, երևի մի արդյունքի կհասնեմ, արդեն էս 20 տարի է՝ ջուր չկա էնտեղ»,- ասում է նա: Ում դիմել են այս հարցով, ասել են`ջուր չկա, ինչո՞վ օգնենք: Հիմա այդ տարածքներն ամայի են մնացել, իսկ սեփականատերերն ամեն տարի ստիպված՝ հողի հարկերը մուծում են պարտադիր կերպով. նրանց կարծիքով`այդ հողերն այդտեղ անիմաստ են մնացել, բայց ի՞նչ կարող են անել դրանց հետ, չգիտեն:

Gyux Alami (2)

Gyux Alami (1)

Ինչ վերաբերում է Սև ջուր լճի տարածքում գտնվող հողերի ամայացմանը, Ագրարագյուղացիական միավորման նախագահը կարծում է՝ խնդիրը մի կողմից չպետք է դիտարկել. «Իսկ ինչո՞ւ 25 տարի չի մշակել այդ գյուղացին, որ այսօր էլ ոռոգման համակարգից հանել են այդ տարածքները: Այսօր տարբեր հարցեր կան, որոնք ուսումնասիրությունների կարիք ունեն, կարծում եմ՝ ինչ-որ մի բան կա, որ ոռոգման ցանցից այդ հողերը հանվել են, ուրեմն չեն մշակել, հիմա էլ երևի փորձում են մշակել, բայց ոռոգման ցանցն է ավերված: Հարկավոր է ակունքները ման գալ և պարզել, թե ինչո՞ւ գյուղացին այդ հողերը չի մշակել»:

Հ. Բերբերյանը նույնպես հաստատեց, որ 25 տարի առաջ այդ հողերը ոռոգվում էին, և Արարատյան հարթավայրում չկային ոչ ոռոգելի հողեր: Նրա խոսքով՝ «Եթե ժամանակին, երբ սեփականաշնորհվեցին այդ հողերը, գյուղացիները հետևեին, ապա հաստատ դրանք կոռոգվեին, կներգրավվեին ոռոգման ցանցի մեջ: Ըստ նրա՝ հարցն ավելի խորն է, քան գյուղի խնդիրը, պետք է գնանք բարեփոխումների, եթե չգնացինք, նույն վիճակը կմնա»:

Լուսանկարները՝ հեղինակի        

 

Տեսանյութեր

Լրահոս