Ղարաբաղյան հրադադարը վտանգված է. Թոմաս դե Վաալ

«Կառնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն իր հոդվածում գրել է, որ Ղարաբաղյան հրադադարը վտանգված է. «Այս տարի պատերազմ տեղի կունենա՞ Լեռնային Ղարաբաղում: Ամեն տարի՝ սկսած 1994 թվականի հրադադարից, այս հարցի պատասխանը եղել է «ոչ»:

Հայերն ու ադրբեջանցիները փոխհրաձգություն են սկսել այսպես կոչված շփման գծում և սպառնալիքներ հնչեցնել: Սակայն ոչ մի կողմը չի ցուցաբերում իրավիճակը խորացնելու ձգտում: Այս տարի ահազանգները շատ մտահոգիչ են:

Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ ԵԱՀԿ-ն վերջին երկու շաբաթվա ընթացքում արեց մտահոգություն հայտնող երրորդ հայտարարությունը: Հունվարը սովորաբար խաղաղ ամիս է հրադադարի գծում, սակայն այս անգամ գրանցվեց 12 զոհ և 18 վիրավոր:

Պատերազմից խուսափելու հիմնական փաստարկները մնացել են նույնը: Այն աղետալի վնաս կպատճառի յուրաքանչյուր կողմին: Հայկական կողմը ստացել է այն ամենի մեծ մասը, ինչը ցանկացել է 1994 թվականին:

Մինչդեռ Ադրբեջանը՝ 1990-ական թվականների պատերազմի պարտված կողմը, ունի մեծ դրդապատճառ՝ փորձելու համար վերադարձնել տարածքները, որոնք կազմում են նրա դե-յուրե տարածքի գրեթե 14 տոկոսը: Սակայն դա կլինի շատ ռիսկային նախաձեռնություն:

Հաշվի առնելով լեռնային տեղանքը և հայկական պաշտպանությունը՝ գործողությունը կարող է հեշտությամբ ձախողվել՝ որպես հետևանք ոչ միայն Ղարաբաղի շուրջ ականապատ դաշտերում հազարավոր երիտասարդների զոհվելու, այլև՝ իշխող էլիտայի գոյատևման վտանգման պոտենցիալով: Բաքվի համար առավել անվտանգ է սրով աղմուկ բարձրացնելը, քան՝ իրական զենքով կրակելը:

Տրամաբանությունը դեռ լավ է գործում, սակայն աճում են շփման գծում սխալ հաշվարկի պատճառով պատերազմ սկսվելու հետ կապված մտավախությունները: Այն, ինչ ժամանակին խրամատների ու վատ զինված զինվորների մռայլ գոտի էր, այժմ հագեցվել է ծանր սպառազինությամբ ու ինքնաթիռներով:

Լրագրող և վերլուծաբան Էմիլ Սանամյանի գնահատմամբ՝ 2014 թվականին զոհվել է 72 մարդ, որոնցից 33-ը հայ, իսկ 39-ը՝ ադրբեջանցի: Զոհերի թվով 2014 թվականը դարձավ ամենավատ տարին՝ սկսած հրադադարի հաստատումից»:

Փորձագետը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը գնալով դառնում է ավելի սպառնալից, ինչի համար էլ անհրաժեշտ է շուտափույթ ուշադրություն հատկացնել դրա վրա՝ թուլացնելու համար լարվածությունը մինչև գարուն և պոտենցիալ երկար, թեժ ու վտանգավոր ամառ:

Տեսանյութեր

Լրահոս