Թանկ վարկերի ժամանակը
Մինչ հասարակության ուշադրությունը կենտրոնացած էր հնչեղություն ստացած դեպքերի վրա (Բերձորի ծեծը, Կաթողիկոսի բանկային հաշիվը, ՍԱՍ-ից թխվածքաբլիթ գողանալու պատմությունը և այլն), տնտեսական դաշտում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ուշադրությունից դուրս են մնում։ Թեպետ մարդկանց կյանքի վրա ազդեցության առումով, թերևս, շատ ավելի կարևոր են։
Օրինակ` 2 օր առաջ` փետրվարի 10-ին, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով` սահմանելով այն 10.5%: Վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ն արդեն երրորդ անգամ է բարձրացնում տոկոսադրույքը։ Նախ` 2014 թ. դեկտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.75 տոկոսային կետով` սահմանելով այն 8.5%: Իսկ դրանից հետո` արդեն այս տարվա հունվարի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 9.5%։
Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկը, գնաճը զսպելու նպատակով, թանկացնում է փողը։ Սա էլ իր հերթին` նշանակում է, որ բանկերն իրենց հերթին` բարձրացնելու են վարկավորման տոկոսադրույքները։
Ընդ որում, վարկերի թանկացման պատճառը միայն վերաֆինանսավորման տոկոսադրույքը չէ։ Վարկավորելու համար անհրաժեշտ միջոցների մի մասը բանկերը ստանում են ավանդների տեսքով։ Իսկ ավանդների հարցում արդեն իսկ խնդիրներ կան։ Ինչպես արդեն գրել ենք, միայն նախորդ տարվա վերջին եռամսյակի ընթացքում ՀՀ բանկային համակարգից քաղաքացիները դուրս են բերել ավելի քան 50 միլիարդ դրամ։ Դրամով ավանդներն ու ցպահանջ հաշիվները պակասել են ավելի քան 30 միլիարդ դրամով։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ Կենտրոնական բանկը, դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու համար, խստացրեց արտարժույթով ներգրավված միջոցների պահուստային պահանջները` 12%-ից բարձրացնելով մինչև 24%, ընդ որում, պահուստային միջոցները պետք է տեղաբաշխվեն ՀՀ դրամով: Սա ստիպեց բանկերին ոչ միայն արտարժույթ վաճառել, այլև տոկոսադրույքները բարձրացնելու միջոցով փորձել նոր ավանդներ ներգրավել։
Որոշ բանկեր ավանդների տարեկան տոկոսադրույքները բարձրացրել են մինչև 18%-ի։ Իսկ ինչի՞ է դա բերելու։
Փորձը ցույց է տալիս, որ տոկոսադրույքների աճն իրականում թույլ ազդեցություն ունի ավանդների ներգրավման վրա։ Մյուս գործոնները` վստահություն, սպասումներ և այլն, ավելի կարևոր դեր են խաղում։
Այսինքն` եթե քաղաքացին բանկից դուրս է բերում 12%-ով պահվող ավանդը կամ չի ցանկանում ավանդ ներդնել, ապա դժվար թե նա միտքը փոխի, եթե տոկոսադրույքը դառնա 14 կամ 15%։ Որովհետև ավանդ ներդնելուց այս մարդկանց ետ է պահում ոչ թե տոկոսադրույքի ցածր լինելը, այլ անվստահությունը, փոխարժեքի տատանումները, եկամուտների անբավարարությունը և այլ գործոնները։
Իհարկե, բացի ավանդներից, բանկերը կարող են ռեսուրսներ ներգրավել նաև արտաքին աղբյուրներից: Սակայն այստեղ նույնպես խնդիրներ կան։ Բոլորովին վերջերս Moodyգs և Fitch վարկանիշային գործակալությունները նվազեցրին Հայաստանի վարկանիշը։
Ավելին, Moodyգs-ը նվազեցրեց ոչ միայն ընդհանրապես Հայաստանի, այլև ՀՀ 2 առևտրային բանկերի վարկանիշները։ Սա նշանակում է, որ դրսից վարկեր ներգրավելը դժվարացել է։ Վարկեր հնարավոր կլինի ներգրավել, սակայն ոչ այնքան ձեռնտու պայմաններով` ավելի բարձր տոկոսադրույքներով։
Այս ամենը նշանակում է, որ 2015 թվականին հայկական բանկերը ոչ միայն բարձրացնելու են վարկերի տոկոսադրույքները, այլև` նախապատվությունը տալու են արտարժույթին` վարկավորելու են դոլարով։
Իսկ սա ինչի՞ կարող է հանգեցնել։
Տոկոսադրույքների աճը, ինչպես նշեցինք, խնայողությունների վրա թույլ ազդեցություն է ունենում։ Փոխարենը` խիստ բացասաբար է ազդում ներդրումների վրա։ Որքան բարձր է բանկային տոկոսադրույքը, այնքան քիչ են ներդրումները։ Իհարկե, խոսքը վերաբերում է վարկային ռեսուրսներով կատարվող ներդրումներին։ Բիզնեսի շահութաբերությունը պետք է այնքան բարձր լինի, որ հնարավոր լինի փակել տոկոսադրույքն ու մի բան էլ ավելի։ Ու եթե վարկի արդյունավետ տոկոսադրույքը 15%-ից բարձր է, դժվար է պատկերացնել` այդ ի՞նչ բիզնես կարող է լինել, որ տարեկան ավելի բարձր շահութաբերություն ապահովի։
Իհարկե, տոկոսադրույքից բացի, ներդրումների հարցում դեր են խաղում բազում այլ գործոններ` հումքի ու վառելիքի գները, բիզնես միջավայրը, սպասումները և այլն։ Մեզ մոտ, հակառակի պես, այդ բոլոր գործոնները բացասական են։
Փոխարժեքի հարցում անորոշ վիճակը դեռ պահպանվում է, բնակչության գնողունակությունը թուլանում է, հումքը և վառելիքը թանկացել են և, ամենայն հավանականությամբ, կթանկանան։ Ավելին, ԵՏՄ-ին անդամակցությունը, որը պետք է 170 միլիոնանոց շուկա բացեր մեր տնտեսվարողների առջև, առայժմ միայն խնդիրներ է ստեղծել։ Արտահանողները տարբեր պատճառներով դժվարությունների են հանդիպում ապրանքը ՌԴ արտահանելիս, իսկ ներմուծողները նշում են, որ խճճվել են մաքսային ընթացակարգերում, ու հատկապես երրորդ երկրներից ապրանք ներմուծողների համար ապրանքը մաքսազերծելու գործընթացը բավական բարդացել է։
Այս ամենին էլ գումարենք այն, որ Ռուսաստանի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է, իսկ դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ավելի խորն ենք զգալու։
Կարճ ասած` ձևավորվում է ներդրումներն արգելակող պատճառների մի իսկական ամբողջական ծաղկաբույլ։ Չենք ուզում հոռետեսական ենթադրություններ անել, սակայն մեծ հարց է, թե կառավարությանն ինչպես է հաջողվելու 2015-ին ապահովել բյուջեով նախատեսված 4.2% տնտեսական աճը։