Եթե Մինսկում համաձայնություն ձեռք չբերվի, ՌԴ-ն պատերազմներ է հրահրելու Եվրոպայում, հավելյալ լարվածություն` Ղարաբաղում. Պորտնիկով
«Մինսկում ՌԴ-Արևմուտք համաձայնության բացակայությունն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի հրապարակախոս, հեղինակավոր վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը` անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան բանակցություններին և ԼՂ հակամարտությանը: Նա նշեց, որ դեռ վաղ է խոսել բանակցությունների դրական ելքի մասին, քանի որ հայտնի չէ նույնիսկ` Մինսկում այսօր նախատեսվող «Նորմանդական քառյակի» հանդիպումը կկայանա՞, թե՞ ոչ:
Պորտնիկովը չի բացառում, որ այդ հանդիպումը չկայանա` մի շարք պատճառներից ելնելով: Նրա համոզմամբ` եթե բանակցությունները դրական արդյունքի չհանգեցնեն, դա կդառնա հավելյալ հաղթաթուղթ ԱՄՆ-ի համար, որը ցանկանում է Ուկրաինային տրամադրել ռազմաօդային սպառազինություն, և ԵՄ-ի համար, որը ցանկանում է պատժամիջոցներն ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ:
«Այս իրավիճակում Ռուսաստանն այնպիսի տնտեսական ճգնաժամի մեջ կխորասուզվի, որի արդյունքները կհանգեցնեն ՌԴ տնտեսության վերջնական կործանմանը: Երկրում կստեղծվի այնպիսի իրավիճակ, որը կստիպի Պուտինին հրաժարվել պատերազմից: Բայց սա ամենևին էլ երջանիկ սցենար չէ, քանի որ մենք չգիտենք` ինչ կպատահի այս դեպքում՝ ռազմական գործողությունների և զոհերի քանակի տեսանկյունից: Չի բացառվում, որ Պուտինը ցանկանա պատասխան պատերազմներ հրահրել Եվրոպայում՝ Մերձբալթյան երկրների դեմ: Լարվածությունը սրելու տարբերակներից մեկն էլ Ղարաբաղյան հակամարտությունն է: Իհարկե, ոչ միակ տարբերակը, բայց հնարավոր»,- ասաց Պորտնիկովը:
Վիտալի Պորտնիկովի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ: