Ամերիկացի փորձագետն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության հավելյալ գիծ ապահովել ռոբոտների միջոցով
168.am-ի զրուցակիցն է Վաշինգտոնում հիմնված «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության ղեկավար, եվրոպական և եվրասիական քաղաքական հարցերում մասնագիտացած միջազգայնագետ Մարկ Դիթզենը:
– Պարոն Դիթզեն, ԼՂ հակամարտությունը հրադադարի հաստատման օրվանից հետո ամենավտանգավոր փուլն է թևակոխել: Ադրբեջանական կողմն ամեն օր սահմանային բախումներ է հրահրում: Որոշ միջազգայնագետներ տեսնում են Ռուսաստանի, ոմանք` Արևմուտքի հետաքրքրությունը լարվածության հարցում: Դուք ինչո՞վ եք բացատրում այս լարվածությունը:
– Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին լարվածություններն արտացոլում են Ադրբեջանի իշխանությունների միտումնավոր ռազմավարությունը, որի էությունը հետևյալն է` աստիճանաբար մեծացնելով ագրեսիայի չափաբաժինը՝ ԼՂ-ում ստատուս-քվոյի պահպանման համար հայկական կողմերին ավելի ու ավելի մեծ վնասներ պատճառել: Բաքուն օգտագործում է լարվածությունը՝ Երևանին բանակցային սեղանի շուրջ ճնշելու նպատակով: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ռազմավարությունը տապալվել է: Ադրբեջանն ապացուցել է Ղարաբաղի հայերին, որ անկախությունն այլընտրանք չունի:
– Այսինքն` Դուք չեք տեսնում որևէ գերտերության կամ միջազգային անցուդարձի ազդեցություն իրավիճակի վրա:
– Ոչ, ես չեմ կարծում, որ գերտերությունները հետաքրքրված են ԼՂ հակամարտության սրման հարցով: Արևմտյան ուժերը որևէ դրդապատճառ չունեն, ավելին, շատ արևմտյան երկրներ շահում են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներից և չեն ցանկանում վտանգել իրենց շահերը հակամարտության լարվածությամբ: Բացի այդ, Ռուսաստանն ու Արևմուտքը զբաղված են ուկրաինական ճգնաժամով: Մոսկվան չի ցանկանում մեկ այլ պատերազմ իր սահմանների մոտ: Կրկնեմ, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը չեն ցանկանում ԼՂ հակամարտության սրում, դա ցանկանում է միայն Ադրբեջանը:
– Ամեն դեպքում՝ տեսնում ենք, որ միջազգային հանրության կարողությունները սահմանափակ են: Նախորդ տարի ԵԱՀԿ ՄԽ-ն կազմակերպեց նախագահական մակարդակով երեք հանդիպում, այս օրերին ևս շարունակվում են աշխատանքները տարբեր մակարդակներում, բայց սահմանին լարվածությունը մնում է անփոփոխ: Ինչո՞վ եք սա բացատրում:
– ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է երեք փոփոխություն մտցնի իր աշխատանքում: Առաջին հերթին՝ պետք է ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, որը կունենա հրադադարի խախտման մեղավորներին մատնանշելու իրավասություն: Երկրորդ` ՄԽ համանախագահները պետք է վերականգնեն ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին՝ որպես խաղաղ բանակցությունների պաշտոնական մասնակից: Երրորդ` ժամանակն է եկել, որպեսզի ԵԱՀԿ-ն շնորհակալություն հայտնի դեսպան Անջեյ Կասպրչիկին՝ մոտավորապես երկու տասնամյակ նվիրված աշխատելու համար՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, և նշանակի նոր ներկայացուցիչ` ներդնելով թարմ էներգիա և նոր գաղափարներ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որոնք չափազանց անհրաժեշտ են:
– Կրակովում համանախագահները տարածեցին հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին հետևել իր ստանձնած պարտավորություններին: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ ՄԽ-ն այլևս հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես շուրջ 2 տասնամյակ:
– Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը չի փոխել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտումների պատասխանատուներին չմատնանշելու իր քաղաքականությունը: Ես Կրակովի հայտարարության ոճը չեմ ընդունում՝ որպես քաղաքականության իրական փոփոխություն: Նման կերպ մտածելն ավելի ճիշտ՝ մաղթանք կլինի և ոչ՝ իրողություն:
– Որոշ փորձագետներ չեն բացառում, որ լարելով իրավիճալը Ղարաբաղում, Ռուսաստանը պատժում է Արևմուտքին Ուկրաինայի համար: Արևմուտքն ունի՞ լծակներ այստեղ ՌԴ ազդեցությունը նվազեցնելու համար, կամ ինչպե՞ս կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունն ընդհանրապես:
– Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն իրենք են ինքնակամ տրվում Ռուսաստանի ազդեցությանը` հետևելով սեփական երկրների ազգային շահերին: Մի շարք պատճառներով Արևմուտքը սահմանափակ է Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու հարցում:
Երբ Հայաստանն այս տարի դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ, նախորդ տարի բանակցեց ԵՏՄ անդամակցության փաստաթղթի շուրջ, ՌԴ տնտեսական և քաղաքական ազդեցությունը Հայաստանի նկատմամբ մեծացավ: Նույնկերպ՝ 2010թ., երբ Հայաստանը Մոսկվայի հետ ստորագրեց ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը երկարաձգելու մասին պայմանագիրը, ՌԴ ազդեցությունը ՀՀ անվտանգության ոլորտի նկատմամբ մեծացավ: ՀՀ իշխանությունները ՌԴ ազդեցությունը դիտարկում են մի բան, որն ամենաքիչը ներկայումս և տեսանելի ապագայում պետք է հանդուրժել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի ապահովման համար:
Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի մեծ լծակներ ունի, քան Հայաստանը, բայց այստեղ ևս Արևմուտքը սահմանափակ է ՌԴ ազդեցությունը նվազեցնելու հարցում: Արևմտյան հետաքրքրություններն Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներով ցավալիորեն բթացնում են Արևմուտքի արձագանքն ու ազդեցությունը Բաքվի նկատմամբ, ինչը կարող ենք տեսնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ արևմտյան արձագանքների չեզոք գնահատականներից: Ռուսաստանը, մյուս կողմից՝ համաձայն է Ադրբեջանի ռեժիմի հետ: Ինչպես Հայաստանի դեպքում, Ադրբեջանի դեպքում ևս Մոսկվան մնում է սպառազինության գլխավոր մատակարարը:
Գերտերությունների ազդեցությունը նվազեցնելու միակ արդյունավետ բաղադրատոմսը քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում այնպիսի ամրություն ձեռք բերելն է, որը բավարար է հույսը սեփական ուժերի վրա դնելու համար:
Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա ուկրաինական հակամարտությունն ու ԼՂ հակամարտությունն առանձին հարցեր են: ՌԴ-ն լարվածություն չի հրահրում Ղարաբաղում՝ Արևմուտքին ուկրաինական հակամարտության համար պատժելու նպատակով: Այնուամենայնիվ, Ռուսաստանը երկարաձգում է ԼՂ հակամարտությունը՝ սպառազինություն մատակարարելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին` միևնույն ժամանակ ՄԽ կազմում միջնորդելով խաղաղություն հաստատելու գործում: Մոսկվան, փաստորեն, կոչ է անում կողմերին՝ խաղաղություն հաստատել, երբ նրանց պատերազմի համար անհրաժեշտ զենք է մատակարարում: Այս երկակի քաղաքականությունը հակասում է հայ-ռուսական ռազմական պայմանագրին և ռազմավարական գործընկերությանը ՀԱՊԿ-ի շրջանակներում:
– Այնուամենայնիվ, ի՞նչ պետք է անի Արևմուտքը: Ինչպե՞ս կարող է լծակներ ձեռք բերել այս գոտում հավասարակշռությունը վերականգնելու համար, թեև մենք հակառակ գործընթացի ականատեսն ենք:
– Ամենակարևոր քայլը, որը կարող է Արևմուտքն անել հետագա լարվածությունները կանխարգելելու համար, իմ նշած միջադեպերի բացահայտման մեխանիզմի ներդրումն է: Սրա արդյունքում Ադրբեջանի նկատմամբ հետագայում բավարար ճնշումներ կսկսեն գործադրվել ագրեսիայի նվազեցման նպատակով: Արևմուտքը չպետք է հանդարտեցնի նախագահ Ալիևին: Ինչպես Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզն էր ասել, ԱՄՆ հայկական քաղաքականության նպատակն ազատ ու բարգավաճ Հայաստանն է, որը կլինի խաղաղության մեջ իր հարևանների հետ: Այդպիսի խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Ադրբեջանին զսպել իր զինված հարձակումների հարցում:
Եվ վերջապես, անհնար է տունը կարգին պահել, երբ այն անընդհատ և տևական հարձակումների տակ է: ՀՀ-ն ու ԼՂՀ-ն պետք է միևնույն ժամանակ զարգացնեն «ոզնու ռազմավարությունը», որը ենթադրում է, որ Բաքվի ագրեսիան Բաքվի համար շատ ավելի ծանր հետևանքներ ունենա, քան Հայաստանի և Արցախի դեպքում է: Այս ռազմավարությունն առաջ մղելու առաջին քայլը կլինի տեղական արտադրության ռոբոտների ուղղությամբ ուսումնասիրություններ իրականացնելը: Դրանք կարող են անվտանգության ապահովման հավելյալ գիծ դառնալ շփման գծում: Օրինակ` Իսրայելի Գվարդիայում ռոբոտն օգտագործվում է՝ որպես սահմանապահ սահմաններին, տիրապետում է նաև զենքին անհրաժեշտ պաշտպանական գործողություններ իրականացնելուն: Այսկերպ, տեխնոլոգիան կարող է ավելի օգնել Ադրբեջանի ագրեսիան կանխելու հարցում: