
Ռուսաստանում Հայաստանի քաղաքացուն կդատեն Կրեմլում ռումբի մասին կեղծ տեղեկատվության համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատախազությունը Սոչիի դատարանին է հանձնել Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանի գործը, ով, Ռուսաստանում գտնվելիս, կեղծ հաղորդագրություն է ուղարկել ոստիկանությանը՝ նշելով Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին:
Այս մասին այսօր հայտնել է Կրասնոդարի երկրամասի դատախազությունը: Միջադեպը, որի համար կալանքի տակ են առել 37-ամյա Առաքելյանին, տեղի է ունեցել հունվարի 15-ին:
Ընդգծվում է, որ Հայաստանի քաղաքացին ապօրինաբար է գտնվել Ռուսաստանի տարածքում և ցանկանալով ուշադրություն բևեռել իր վրա՝ զանգահարել է Սոչիի ոստիկանություն ու կեղծ տեղեկատվություն է հայտնել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին:
Այժմ նրան մեղադրանք է ներկայացվել «ահաբեկչական ակտի մասին միտումնավոր կեղծ հաղորդագրություն ուղարկելու» հոդվածով, որով և Առաքելյանին կարող են դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել է շրջանի դատարանին: