Եթե պատերազմը վերսկսվեց, իսկույն ռազմի դաշտում կլինեմ, մեր զինվորների կողքին

«Փայտ կջարդեմ: Վերջին տարբերակը՝ հացը կպատրաստեմ: Ամեն ինչ էլ կանեմ, ինչ կկարողանամ, ինչը ուժերս կներեն»,- ասում է 69-ամյա Հրանտ Բաբայանը:

Իր անելիքն է ծրագրում հնարավոր պատերազմի դեպքում: Առաջին տողում, իհարկե, զենքը ձեռքին կռվելն է, ինչպես տարիներ առաջ էր:

«Եթե պատերազմը վերսկսվեց, իսկույն ռազմի դաշտում կլինեմ, մեր զինվորների կողքին»:

Պատերազմի վերսկսման հնարավորությունը, սակայն, վանում է հեռու. «Մեզ պատերազմ պետք չէ: Ոչ մեկին պատերազմ պետք չէ»: Բայց հաջորդ ասածը հուշում է, որ դրան չի հավատում:

«Մենք չպիտի դարձյալ ընկերանանք ադրբեջանցիների հետ: Իմ կարծիքով, այդպես այս հարցը չի լուծվելու»:

Այսօրվա խախուտ խաղաղությունը, որն ուղեկցվում է սահմանին հնչող կրակոցներով, մարտերի եւ զոհերի մասին լուրերով, գերադասում է այն անորոշությունից, որ կարող է բերել ադրբեջանցիների հետ հնարավոր հաշտությունը:

Դրա փոխարեն պատերազմի հետեւանքով սահմանից այն կողմ տուն ու տեղ թողած, Խաչենի ափին նոր օջախ հիմնած 13 թոռների պապն առաջարկում է ամրացնել սահմանը:

«Մենք պիտի մեր սահմանը պաշտպանենք, ոչ ոք մեր փոխարեն դա չի անի, ոչ էլ մեզանից լավ կանի դա: Արցախին խաղաղապահ ուժեր պետք չեն: Պարզապես, մենք պիտի լինենք մեր զինվորի կողքին»:

Որ սահմանի ամրացումը, հարաբերությունների կոշտացումն ավելի են հեռացնում հայրենի տուն վերադառնալու հույսը, Հրանտ Բաբայանը գիտակցում է: «Իհարկե կարոտում եմ: Բայց դա ոչինչ չի փոխում: Մեկ դար է անցել: Թուրքիան վերադարձրե՞լ է Արեւմտյան Հայաստանը, որ հիմա Ադրբեջանը վերադարձնի մեր գյուղերը: Դա չի լինի»:

«Լավ էինք ապրում անցյալում: Հենց Գորբաչովը նստեց աթոռին՝ ամեն ինչ քանդեց, ամեն ինչ ավերեց»:

Զրուցում է ինքն իր հետ:

«Իսկ միգուցե լավը դա էր: Միգուցե քիչ էլ ուշ շարժումը սկսեինք Լեռնային Ղարաբաղն էլ ադրբեջանցիներով կլցվեր ու կհայաթափվեր: Ո՞վ գիտի: Ասում են՝ «մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում»:

Զոհեր ենք տվել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, մեր պատերազմի ժամանակ: Սակայն Արցախը կանգուն Է, Դաշտային Ղարաբաղը չկա, բայց Լեռնայինը միասնական ուժերով պաշտպանեցինք ռազմի դաշտում»:

«Շատ դժվար ու ծանր վիճակ էր, երբ դուրս եկանք գյուղից: Մանուկը մորը կորցրած, մայրը՝ երեխային,- երկու նախադասությամբ է հազար ու մի փորձանքով անցած տղամարդը ներկայացնում 1992 թվականի բռնատեղահանության ողջ պատմությունը: Սեփական ավտոմեքենայով ինքն այդ օրերին կարողացավ մոտ 60 մարդ տեղափոխել հակառակորդի թիրախում հայտնված գյուղից: -ՓառքԱստծո, կորուստ չունեցանք, ոչ զոհ տվինք, ոչ էլ գերի թողինք»:

Տեղահանությունից հետո չայլուեցի Բաբայանները հայտնվեցին Երեւանում:

Ընտանիքի հայրը մնաց Ղարաբաղում: Պաշտպանության բանակում ծառայեց նաեւ պատերազմի ավարտից հետո: Մոտ քսան տարի զինվորականի հագուստ էր կրում: Ընտանիքը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում էր: Թոշակի անցնելով հաստատվեց Խաչենի ափին չայլուեցիների հիմնադրած նոր բնակավայրում՝ Նոր Այգեստանում, կամ ինչպես իրենք են ասում՝ Նոր Չայլուում:

Անասնապահությամբ են զբաղվում, հողագործությամբ, այգի են մշակում: Այն ինչ կարելի է հողից ստանալ՝ ստանում են: Ջրի պակասությունից են նեղվում: Ջրին սովոր են իրենք, հին գյուղում ջուրը շատ էր, բերքն՝ առատ: Այստեղ ամռանը հողը ծարավում է: Այս տարի բերքը զոռով փրկեցին:

Բայց դժվարություններից չեն դժգոհում: Երբ հարցնում ես ՝գյուղին հիմա ի՞նչ է անհրաժեշտ, Հրանտ Բաբայանն առանց երկմտելու պատասխանում է՝ ջուր: Ապա ավելացնում՝շատ բնակչություն, որ հզորանանք,կարողանանք շատ գործեր անել: Իսկ դրա համար խաղաղություն է պետք:

«Եթե խաղաղություն լինի, պատերազմի հետեւանքով ցաքուցրիվ եղած չայլուեցիներից շատերը կգան»,- համոզված է նա: Ասում է, որ ավելի շատ կվերադառնան, եթե ազատ լինի հին գյուղը՝ իրենց Այգեստան Չայլուն:

«Ես էլ կգնամ, ձեռուոտս կապած էլ՝ կգնամ: Նոր էջից կյանք կսկսեմ, նորից տուն կկառուցեմ: Իմ Գյուղում… բայց դա անհնար է»,- տխրում է:

«Աստծուց միայն ու միայն խաղաղություն եմ ուզում: Ողջ երկրագնդի համար եմ ուզում: Մեր տեսածը թող մեր թոռների թոռներն էլ չտեսնեն: Ոչ ոք չտեսնի»:

Էրիկ Ավանեսյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս