Հորդանանը վրեժխնդիր է եղել՝ «ԻՊ»-ի զինյալների կողմից իր օդաչուին ողջ-ողջ այրելու համար
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանանում անցած գիշեր մահապատժի են ենթարկել ահաբեկչուհի Սաջիդա ալ-Ռիշավիին, որին ավելի վաղ «Իսլամական պետության» զինյալներն առաջարկել են փոխանակել հորդանանցի օդաչու Մոազ ալ-Կասաբեհի հետ:
Այս մասին հայտարարել է Հորդանանի կառավարության խոսնակ Մոհամմադ ալ-Մոմանին: Բացի այդ, մահապատժի է ենթարկվել Իրաքում «Իսլամական պետության» դաշնային հրամանատար Զիադ ալ-Կարբոլին: Մահապատիժներն իրականացվել են նույն ժամին:
«Իսլամական պետության» զինյալները երեկ լուսանկարներ են տարածել հորդանանցի օդաչուին ողջ-ողջ այրելու մասին: Մահապատժի ժամանակ հորդանանցի օդաչուն գտնվել է սև վանդակում:
Դրանից առաջ հաղորդվել էր, թե Հորդանանի իշխանությունները պատրաստ են գործարքի գնալ և օդաչուին փոխանակել ահաբեկչուհու հետ: «Իսլամական պետության» զինյալները հորդանանցի օդաչուին գերեվարել են 2014 թվականի դեկտեմբերին, Սիրիայում: