
Պուտինը Մերկելին առաջարկել է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորել «չեչենական» սցենարով. FT

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տարբեր կերպ են նայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությանը:
Այդ մասին նշված է թերթում հրապարակված «Ուկրաինայի համար ճակատամարտը. թե ինչպես Արևմուտքը կորցրեց Պուտինին» խորագրով հոդվածում: Վերջին վեց ամիսներին ավելի քան 40 հեռախոսազրույցներից ու անթիվ ժամերի նիստերից հետո Մերկելը հավաքել է իրեն՝ վերջին ճիգը գործադրելու համար:
Մերկելի ու Պուտինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովում: Գրեթե երկու ժամ տևած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը թվարկել է վիրավորանքների երկար շարանը՝ դժգոհություն հայտնելով, որ Արևմուտքը հայտարարել է «Սառը պատերազմում» հաղթանակ տանելու մասին:
Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքը, իբրև թե, խաբել է Մոսկվային՝ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի իրավունքներն ընդլայնելով դեպի Ռուսաստանի սահմանները, և շարունակում է իր անխոհեմ քաղաքականությունն Իրաքի, Աֆղանստանի ու Լիբիայի նկատմամբ:
Ընդգծվում է, որ Մերկելն Ուկրաինայի ճգնաժամի սկսվելուց հետո համառորեն փորձել է ըմբռնել Պուտինի գործողությունների իմաստը, հասկանալ նրա մտադրությունները, որպեսզի հնարավորություն ունենա գալու ընդհանուր համաձայնության: Եվ երբ Պուտինը վերջապես արել է դա, Մերկելը հայտնվել է շոկային վիճակում:
Պուտինը հայտարարել է, որ Կիևը պետք է ինքնահռչակ ահանրապետությունների հանդեպ վարի նույն քաղաքականությունը, որը Մոսկվան վարել է Չեչնիայի հանդեպ. գնել նրանց՝ ինքնավարության ու փողի դիմաց:
Հնարավոր է՝ այդ առաջարկը խելամիտ է թվացել ՊԱԿ-ի նախկին գնդապետի, սակայն ոչ Արևելյան Գերմանիայի քահանայի դստեր համար: Հոդվածում նշված է, որ ձյուդոյի գծով սև գոտի ունեցող Պուտինն ապակայունացման վարպետ է, նա գիտի, թե ինչպես է պետք հակառակորդին պահել անհավասարակշիռ վիճակում: