Շնչուղիների խցանում մինչև 1 տարեկան երեխաների մոտ
Շնչուղիների` օտար մարմիններով խցանումը շատ հաճախ է պատահում փոքր երեխաների մոտ, և որպես կանոն` լինում է ծնողների անուշադրության պատճառով, երբ նրանք չեն նկատում, որ երեխան փոքր առարկաներ է տանում բերանը: Շնչուղիները կարող են խցանվել նաև այն դեպքում, երբ լացող երեխային ստիպողաբար կերակրում են կամ դեղ խմեցնում:
Շնչուղիների խցանումը վտանգավոր վիճակ է, քանի որ այդ ժամանակ խանգարվում է օդի մուտքը թոքեր: Եթե ժամանակին և ճիշտ օգնություն չցուցաբերվի, երեխան կարող է շնչահեղձ լինել և մահանալ:
Ծնողները պետք է ուշադիր լինեն և լավ հիշեն այս դեպքերում օգնության ցուցաբերման քայլերը: Երբ երեխային շնչուղիների խցանման պատճառով սպառնում է շնչահեղձ լինելու վտանգը, ծնողը, բնականաբար, ժամանակ չի ունենա այդ պահին որևէ մասնագիտական գրականության օգնությանը դիմելու: Նա պետք է նախապես պատրաստ լինի դրան:
Այսպիսի պատահարների դեպքում առաջին օգնության ցուցաբերման և երեխայի կյանքը փրկելու համար միայն հաշված րոպեներ են լինում:
Շնչուղիների խցանման կանխարգելումը
Երեխաների մոտ շնչուղիների խցանումների դեպքերի մեծ մասը ծնողների (մեծահասակների) անզգուշության և անուշադրության հետևանք է: Հետևելով մի շարք պարզ կանոնների` հիմնականում կարելի է կանխել այդ դժբախտ պատահարները:
– Երեխային ստիպողաբար կամ լացի ժամանակ ոչինչ մի՛ տվեք ուտելու կամ խմելու, նույնիսկ` դեղ:
– Մի՛ կերակրեք երեխային, երբ նա խաղում կամ թռչկոտում է:
– Մի՛ տվեք երեխաներին մանր խաղալիքներ կամ այնպիսիք, որոնց մանր մասերը հեշտությամբ կարող են պոկվել:
– Թույլ մի՛ տվեք երեխային խաղալ կոճակներով, լոբու հատիկներով կամ նման մանր առարկաներով: Պահեք դրանք երեխային անհասանելի տեղում:
– Մինչև մեկ տարեկան երեխային մեծերի հետ սեղան մի՛ նստեցրեք կամ շատ ուշադիր եղեք, որ նա սեղանից որևէ բան չտանի բերանը:
– Մինչև մեկ տարեկան երեխայի ձեռքը հացի, շաքարի, մրգի կամ բանջարեղենի կտոր մի՛ տվեք: Միրգը կամ բանջարեղենը տվեք նրան համասեռ տրորված վիճակում: Եթե երեխան ատամներ հանելիս որևէ բան կրծելու կարիք ունի, տվեք նրան ռետինե խաղալիքներ:
– Փոքր երեխաներին կոնֆետ կամ կորիզներով պտուղներ մի՛ տվեք:
Աղբյուրը` Արաբկիր բժշկական համալիր: