Վարուժան Ավետիսյան. «Հրազենով, մահակներով զինված կրակում են, ծեծում են մարդկանց, ջարդում, փշրում» (լուսանկարներ)
Հիմնադիր խորհրդարանն այսօր ավտոերթ պետք է անցկացներ Արցախում: Սակայն քիչ առաջ խորհրդարանը հաղորդագրություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել նրանց, կոտրել մեքենաներն ու դրոշները:
168.am–ի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ վիրավորներից «Նոյյան Տապանի» թղթակիցը Գորիսի հիվանդանոցում է, իսկ Մխիթար Ավետիսյանը, ով մինչև Հիմնադիր խորհրդարանի տեղ հասնելն էր բռնության ենթարկվել, գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում: Ըստ Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրության՝ մի քանի քաղաքացիներ պետք է դիմավորեին Երևանից Արցախ ավտոերթով մեկնողներին:
«Իրենք ճանապարհը փակել էին, մենք եկանք, հանդիպեցինք միմյանց, իրենք մոտեցան, ասացին, որ արգելվում է, մենք փորձեցինք հասկանալ, թե ինչու, իսկ իրենք ասացին՝ արգելվում է և վերջ՝ շուռ եկեք և գնացեք: Մենք հասկացանք, որ մարդիկ հրահանգ ունեն, և անմիաստ է նրանց հետ որևէ երկխոսության մեջ մտնելը: Մենք սկսեցինք մեքենաները շուռ տալ, որ հետ գանք: Եվ այդ պահին նրանք հարձակվեցին»,- միջադեպը ներկայացրեց նա՝ նշելով, որ ոստիկանները չեն պատճառաբանել, թե ինչու չեն թույլատրել:
Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ այժմ իրենք Երևան են վերադառնում: Մեր դիտարկմանը, որ փաստորեն ավոտերթը տապալվեց, այն չի լինի, Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակն արձագանքեց. «Եթե զինված ոստիկանական կարգախումբ են հանում՝ հրազենով, մահակներով զինված, և կրակում են, ծեծում են մարդկանց, ջարդում, փշրում, առհասարակ թշնամու նման են վերաբերվում, ի՞նչ կարող ես ասել: Իրենք ասել են՝ շուռ եկեք, գնացեք, մենք շուռ էինք տալիս շարասյունը, որ գնայինք, իսկ իրենք իրականում հրահանգ ունեին, որ մարդկանց նկատմամբ բռնություն գործադրեն և իրենք իրենց արածն արեցին»:
Լուսանկարները՝ ԳԱԼԱ-ի