Սահմանվել են վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ
Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների վերահսկողությունն ապահովելու նպատակով կառավարությունը հունվարի 30-ի նիստում սահմանել է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ: Որոշմամբ այդպիսի մարմիններ են սահմանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային միության համապատասխան համաձայնագրերով, կառավարությունը թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծման մեկանգամյա արտոնագրի տրման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: