Ցեղասպանության համահայկական հռչակագիրը կիսաքայլ կմնա, եթե առաջիկա օրերին ՀՀ-ն չհրաժարվի Ցյուրիխյան արձանագրություններից. Արա Պապյան
«Ցեղասպանության համահայկական հռչակագիրը կիսաքայլ կմնա, եթե առաջիկա օրերին ՀՀ-ն չհրաժարվի Ցյուրիխյան արձանագրություններից»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը` գնահատելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:
Նա նշեց, որ փաստաթղթի տրամաբանությունը, ուղղությունը գնահատում է դրական: Բայց եթե, նրա խոսքով, այդ քայլը մնա կիսաքայլ, չի ունենա այն կարևորությունը, ինչ կունենար, եթե չեղյալ հայտարարվեին Ցյուրիխյան արձանագրությունները: Պապյանի դիտարկումներով`այդ արձանագրությունները երկկողմ փաստաթուղթ են, պարունակում են պարտավորություններ և՛ ՀՀ-ի, և՛ Թուրքիայի համար, այնինչ հռչակագիրը միակողմանի փաստաթուղթ է, որը, բնականաբար, չեղյալ չի հայտարարում Ցյուրիխյան արձանագրությունները և պարտավորություններ է ենթադրում միայն մեզ համար, բայց ոչ թուրքերի: «Հետևաբար պետք է սպասենք, որ առաջիկա օրերին չեղյալ հայտարարվեն Ցյուրիխյան արձանագրությունները ևս»,- ասաց Պապյանը:
Անդրադառնալով Սփյուռքի մի շարք գործիչների նախաձեռնած՝ կալվածքների ետվերադարձի գործընթացին` ասաց, որ դա կապ չունի Ցեղասպանության և Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու Հայաստանի հետ: Ըստ նրա` դրանք մասնավոր նախաձեռնություններ են, սեփականությունից անօրինական զրկելու հարցեր են, այսինքն` նոր երևույթ չեն: «1000-ից ավելի միավոր ետ է վերադարձվել, գործընթացն ընթանում է, Աստված իրենց հաջողություն տա իրենց ունեցվածքը ետ վերադարձնելու հարցում: Թող մարդիկ զբաղվեն, բայց դա բոլորովին կապ չունի ազգի ու Ցեղասպանության հետ, դա մասնավոր գործ է»,- նկատեց Պապյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ, հռչակագրի մայր օրինակն ի պահ է հանձնվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվ: Հռչակագիրը բաղկացած է 12 կետից, որոնցում համապարփակ կերպով ներկայացված է հայ ժողովրդի պահանջատիրությունը` ուղղված Թուրքիային, ոգեկոչումը՝ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, դիմումը ՄԱԿ անդամ երկրներին՝ աջակցել Հայաստանին՝ Թուրքիային ճանաչման գործընթացում ներգրավելու ուղղությամբ, հույսը, որ Թուրքիայի ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների համար նոր մեկնարկ կդառնա: