Բաժիններ՝

«Լավ արեցի». Արման Սահակյանը պարզաբանել է, թե ինչու ժամանակին չպատասխանեց վարչապետին

ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց անցած տարի կատարած աշխատանքները, սակայն չցանկացավ խոսել, թե ինչի՞ շնորհիվ են կյանքի կոչվել այդ բարեփոխումները՝ ի՞ր ջանքերի, և արդյոք իր նախորդը լավ չէ՞ր աշխատում, որ առաջնթաց չէր գրանցում:

«Բազմաթիվ բարեփոխումներ նշեցի, հիմնականում խոսքը գույքի արդյունավետ կառավարմանն էր վերաբերում: Մենք ամենօրյա օպերատիվ աշխատանքների շնորհիվ ենք կարողացել հասնել այս արդյունքներին»,- համեստորեն ասաց նա:

Անդրադառնալով անցած տարվա նոյեմբերի վերջին ՀՀ կառավարության նիստում իր ներկայացրած նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոշտ մերժմանը՝ Ա.Սահակյանը նշեց, որ խոսքը բնակեցված շենքի մասին չի եղել, այլ սեփական տան, որտեղ ապրում են ընտանիքի 5 անդամներ:

«Բնականաբար, այդ խնդիրը պետք է լուծում ստանա, որովհետև կա դատական վճիռ: Նրանք վարկ էին վերցրել՝ գույքը գրավ դնելով: Այն ժամանակ բանկեր պայթեցին, և այդ լիազորությունն անցել է ֆինանսների նախարարությանը»,- ասաց Ա.Սահակյանն ու պնդեց, որ հարցը պետք է լուծում ստանա, դատարանի վճիռն ամեն ինչից վեր է:

Նա հավելեց, թե խոսքը շենքի մասին չի եղել, անգամ տեղեկություն կա, որ այն որպես հյուրանոց է ծառայել:

Հարցին, թե ինչո՞ւ նա դրա մասին հենց այդ չարաբաստիկ նիստի օրը չասաց վարչապետին, Ա.Սահակյանը լակոնիկ պատասխանեց. «Լավ արեցի»:

Հիշեցնենք, որ 2014 թ. նոյեմբերի 19-ի նիստում Հովիկ Աբրահամյանը զայրացել էր Արման Սահակյանի վրա՝ նրա ներկայացրած նախագծի պատճառով: Ըստ դրա ՀՀ ֆինանսների նախարարությանն ամրացված Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քմ մակերեսով շենք-շինությունները (բնակելի տուն 394.2 քմ, ավտոտնակ 28.3 քմ, կաթսայատուն 27.7 քմ) և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095 հա հողամասը նախատեսվում էր օտարել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր: Տեղեկանալով, որ այդ տարածքում մարդիկ են ապրում, վարչապետը հրահանգեց հարցը հանել օրակարգից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս