Առաջին համաշխարհայինն ու Հայոց եղեռնը

Անցած տարվա հուլիսի 28-ից աշխարհը սկսեց նշել Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակները: Հարյուրամյակների «շքերթը» կավարտվի 2018-ի նոյեմբերի 11-ին՝ համաշխարհային առաջին ողբերգության ավարտի օրը: 2015-ը մեզ՝ հայերիս համար ևս հարյուրամյա տարելիցի թվական է: Ապրիլի 24-ի խորհրդանշական օրը կնշվի Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցը:

Այդ նպատակով պետական ու ազգային մասշտաբներով բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Միջոցառումներ, որոնց գագաթնակետը, հարկավ, ապրիլի 24-ն է լինելու: Հայոց եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին Թուրքիայի նախագահն էլ էր պաշտոնապես հրավիրված: Բայց արդեն հայտնի է, որ հրավերը չի ընդունվելու: Թուրքիայի նախագահն իր հերթին՝ 102 երկրների ղեկավարների է հրավիրել ապրիլի 24-ին (կամ 25-ին) նշելու Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը:

Արդեն հայտնի է, որ թուրքական հրավերն ընդունել են Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետները: Թե ինչու այս երկրները շտապեցին ընդունել թուրքական հաղթանակը նշելու առաջարկը, պատմականորեն հասկանալի է: Այն Առաջին համաշխարհայինի հարյուրամյակների շարքի հերթական միջոցառումներից է: Դեռ երկու տարի առաջ Թուրքիան նշեց Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի 98-ամյակը: Բայց նշեց մարտի 18-ին: Պատմականորեն դա ճիշտ օր էր: Հարյուրամյակը ապրիլի 24-ին (կամ 25-ին) նշելը քաղաքական ակնհայտ պատճառ ունի, որ բացատրության կարիք չունի: 1915թ. մարտի 18-ին սկսվեց Դարդանելի օպերացիան: Նախաձեռնողը Բրիտանիան էր:

Օպերացիայի հեղինակն ու ղեկավարը Մեծ Բրիտանիայի Ծովակալության առաջին լորդ Ուինստոն Չերչիլն էր: Անգլո-ֆրանսիական բանակը փորձեց ափ դուրս գալ Դարդանելում և գրավել Կոնստանդնուպոլիսը: Բրիտանական բանակի կազմում կռվում էին նաև նրա գաղութների՝ Ավստրալիայի, Հնդկաստանի և Նոր Զելանդիայի ջոկատները: Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակների համար սա ամենամեծ ռազմական կամպանիան էր իրենց պատմության մեջ: Օսմանյան կայսրության զինված ուժերը պատրաստ էին դիմակայել այս գրոհը: Թուրքական 5-րդ բանակը կենտրոնացել էր հենց դեսանտի ափհանման վայրում: Ապրիլի 25-ին ֆրանսիական բանակի շեղող օպերացիան անիմաստ անցավ: Ֆրանսիացիները երկու օր հետո ստիպված եղան ետ քաշվել: Գալիպոլիի շրջանում տեղի ունեցած գրոհին մասնակցում էր նաև Սիոնիստական կորպուսը:

Օսմանյան կայսրությունից արտաքսված 12 հազար հրեաներ Եգիպտոսում մարտական ջոկատներ էին ձևավորել: Առաջին համաշխարհայինի շրջանում ռազմաճակատի առաջին գիծ ռազմամթերք մատակարարում էին ջորեպանների հատուկ ջոկատները: Բրիտանական բանակի ջորեպանների ջոկատներում հիմնականում արաբներ ու հնդիկներ էին: Գալիպոլիի գրոհի ընթացքում այդ հանձնառությունը վստահվեց Սիոնիստական կորպուսին: Արդեն ամռան կեսերին պարզ էր, որ Անտանտի բանակն ի վիճակի չէ գրավել Կոստանդնուպոլիսը, և օգոստոս ամսից անգլիացիները սկսեցին բանակների էվակուացիան: 1916թ. հունվարի 16-ին Գալիպոլիի տարածքից դուրս եկավ վերջին ջոկատը:

Օսմանյան բանակի հաղթանակը պատճառ հանդիսացավ, որ պատերազմի մեջ մտնի Բուլղարիան՝ որպես Գերմանիայի և Թուրքիայի դաշնակից: Բրիտանական բանակը (ներառյալ՝ նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հնդկաստանի ջոկատները) կորցրեց 119,7 հազար զինվոր: Ֆրանսիական բանակը 26,5 հազար էր: Բրիտանիայի նավատորմի հրամանատար Ուինստոն Չերչիլը ստիպված էր հրաժարական տալ: 1915թ. այս ձախողված օպերացիան նկարագրված է Առաջին համաշխարհայինի մասին գրված բոլոր աշխատություններում: Թուրքիան հավանաբար հպարտանալու լուրջ առիթ ունի՝ այն համարելով իր մեծագույն հաղթանակներից, չնայած որ, պաշտպանության ընթացքում զոհվեց 186 հազար զինվոր:

Ու հիմա այս մասշտաբի կորուստները շահարկելով՝ Թուրքիայի իշխանությունները 102 երկրների ղեկավարների հրավիրում են նշելու Առաջին համաշխարհայինի ահավոր էջերից մեկի հարյուրամյա տարելիցը: Ընդունեք, որ քաղաքական առումով հաջողված հնարք է: Ոչ թե քո հաղթանակն ես նշում, այլ համաշխարհային ողբերգության՝ քեզ հետ առնչված դրվագներից մեկը:

Կարելի է ենթադրել, որ այս մոտեցման պատճառով շատերը կընդունեն թուրքական հրավերը: Կգան նշելու ողբերգական մի միջադեպ, որում իրենք էլ ունեն մեղքի իրենց բաժինը: Անկախ այն փաստից՝ այդ պատերազմի ընթացքում իրենց երկրները եղել են Օսմանյան կայսրության դաշնակի՞ց, թե՞ հակառակորդ:

Մեր քաղաքական իշխանությունները կարծես թե երբեք չեն փորձել Հայոց մեծ եղեռնը ներկայացնել համաշխարհային պատմության կոնտեքստում: Մինչդեռ, այն Առաջին համաշխարհային կոչված ողբերգության ամենասահմռկեցուցիչ էջն է: Բայց մենք այն շարունակում ենք դիտարկել ու աշխարհին ներկայացնել՝ որպես միայն մեզ վերաբերող ողբերգություն: Սա՝ այն դեպքում, երբ ժամանակակից հայ պատմաբանների կարծիքով, հենց Դարդանելի օպերացիայով է պայմանավորված Հայոց մեծ եղեռնի մասշտաբը: Ու մենք հիմա չենք փորձում մեր ողբերգությունը ներկայացնել համաշխարհային պատմության համատեքստում:

Այդ դեպքում մարդկության համար այն կշարունակի ընկալվել՝ որպես իրեն չվերաբերող պարզ ու տխուր պատմական միջադեպ, որ շատ ազգերի հետ է պատահել, ու ինքը պատասխանատվության մաս չունի դրանում:

Տեսանյութեր

Լրահոս