«Հարցը պետք է մեզ տալ. ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները պատրաստվում նշել Ցեղասպանության 100-ամյա տարելիցը». Տիգրան Սարուխանյան

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու է, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող Տիգրան Սարուխանյանի հետ

– Պարոն Սարուխանյան, օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրեց Դարդանել՝ Չանաքքալեի  ճակատամարտի զոհերի հիշատակի արարողությանը մասնակցելու համար: Սա բազում քննադատությունների առիթ դարձավ, քանի որ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հրավերից հետո: Որոշ փորձագետներ հրավերը ցինիկ, ոմանք՝ ամոթալի, իսկ ոմանք էլ` հուժկու դիվանագիտական քայլ որակեցին:  Դուք ինչպե՞ս եք գնահատում այն, և, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է ակնկալել Թուրքիայի իշխանություններից այս տարի:

– Ես չեմ կարծում, որ դա Էրդողանի կողմից  միայն դիվանագիտական քայլ էր: Դիվանագիտական տարրեր պարունակելով հանդերձ, այն նաև՝ պատմական խոշոր իրադարձության, Դարդանելի օպերացիայի զոհերի հիշատակը նշելու Թուրքիայի ցանկությունն է: Դարդանելի օպերացիային ես գիտական առումով անդրադարձել եմ մի շարք հրապարակումներում, երբ առաջին անգամ կարողացա քողազերծել Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության, Ռազմական նախարարության և Արտաքին գործերի նախարարության անհայտ փաստաթղթերը:

Պատմությանը և միջազգային արդի հիշողության կուլտուրային անծանոթ մեր հանրության  մի զգալի հատվածը Դարդանելի 1915-1916թթ. ողբերգությունը ձգտում է որակել միայն մեր նեղ ազգային շահերի համատեքստում, մի հանգամանք, որ որպես հայ՝ իմ կողմից ընդունելի է, իսկ որպես գիտաշխատող՝ անհարիր: Պարզաբանեմ, թե ինչու: Գիտական իմ հրապարակումներում ինձ հաջողվեց առնվազն Մեծ Բրիտանիայի փաստաթղթերի հիման վրա ապացուցել, որ եթե անգլիացիները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմի հարցերով նախարար Ու. Չերչիլը չնախաձեռնեին Դարդանելի ուղղությամբ ռազմական հուժկու հարվածը, չէր լինի Հայոց Մեծ եղեռնը, կամ առնվազն վնասների չափը հայ ժողովրդի համար կլիներ ոչ այդքան ահարկու: Բայց ուրեմն Չանաքքալեի և Դարդանելի ողջ ճշմարտությունը հայ ժողովրդի համար նշանակում էր՝ «մահվան դատավճիռ»: Այս հարցին ես առաջին անգամ անդրադարձել եմ 2004թ.:

Կարդացեք նաև

Մեր հանրությանը քիչ է հայտնի այն փաստը, որ Դարդանելի օպերացիան դժբախտություն է հանդիսացել բազում ազգերի և այդ ազգերի կողմից պատերազմ ուղղորդած իրենց լավագույն զավակների համար: Անգլիան այդ ճակատամարտում, ապա՝ կրկնվող հարձակումների ընթացքում, կորցրեց իր ռազմածովային նավատորմի մեծ մասը, զոհասեղանին դրեց մի քանի հարյուր հազար անգլիացիների, գաղութներից բերված ավստրալացիների, Հնդկաստանից, Նոր Զելանդիայից, Կանադայից բերված զորքի մի զգալի հատվածը: Դարդանելի օպերացիան և այդ ողբերգությունը հիշատակվում է բոլոր մասնակից ժողովուրդների կողմից, դրա վերաբերյալ նկարահանվել են տասնյակից ավելի գեղարվեստական, փաստավավերագրական ֆիլմեր, հրապարակվել մի քանի հարյուր պատմվածքներ, հիշողություններ, օրագրեր: Տարբեր երկրներում, այդ թվում՝ Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, հեռավոր Նոր Զելանդիայում, տեղադրվել են բազում հուշակոթողներ:

Դարդանելի օպերացիան մեծագույն նշանակություն ունեցավ ոչ միայն պատերազմի ընթացքի, այլ նաև մարդկային  հսկայական կորուստների տեսանկյունից: Այս օպերացիայի ժամանակ Անտանտը կորցրել է մոտավորապես 200 հազար զինվոր, իսկ դա հսկայական թիվ է:  Այն ռազմական արկածախնդրություն էր, որի մեծագույն մեղքը Ու. Չերչիլինն է:

Սա հարցի գիտական և փաստագրական պատասխանն էր: Վերադառնալով Էրդողանի դիվանագիտական քայլին, ապա՝ ընդունում եմ, այն դիվանագիտական թուրքական խելամիտ հնարք էր, որին հայկական կողմը պատասխան չունի: Դրան ՀՀ-ն կարող էր կանխապես հակադրել սեփական ուժերով Չանաքքալեի ճակատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումների իրականացմամբ և միջազգային հրավերքների ուղարկմամբ, ինչը չի կատարվել: Դարդանելի օպերացիայի մեծագույն զոհերը, դա հայ ժողովուրդն էր, իր՝ «մահվան դատավճռով»: Այս մասին գոնե Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը համակարգող հանձնաժողովում ընդգրկված հայ պատմաբաններին և ՀՀ նախագահի խորհրդականներին առնվազն պետք է հայտնի լիներ:

Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մնացել է 3 ամիս: Ընդհանրապես պետք է հարց տալ ոչ թե թուրք իշխանություններին, թե ինչպես են նրանք նախապատրաստում իրենց ժխտողական քաղաքականությունը, այլ պետք է հարցն ուղղորդել մեր իշխանություններին: Իսկ ինչո՞վ են մեր իշխանությունները պատրաստվում նշել 100-ամյա տարելիցը` միջազգային մեկ կոնֆերանսո՞վ, թե՞ թանգարանային նոր նմուշների ցուցադրությամբ:  Վերջին միայն մի քանի ամիսների ընթացքում Հայոց ցեղասպանությունը ժխտող տասնյակ հրապարակումներ են լույս տեսել թուրք պատմագրության ներկայացուցիչների և Թուրքիային դաշնակից երկրների գիտնականների կողմից, իսկ ինչպե՞ս է  Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության միակ գիտական հաստատությունը՝ թանգարան-ինստիտուտը, հակադրվում  դրան: Այս հարցի պատասխանն է, որ որպես գիտնական և շարքային ՀՀ քաղաքացի՝ մեզ ցանկալի կլիներ ստանալ:

– Դուք մասնակիորեն արդեն անդրադարձաք, կցանկանայի ավելի մանրամասն խոսել: 100-ամյա տարելիցի միջոցառումները, դիվանագիտական նախապատրաստական աշխատանքը ներկայացվում էր չափազանցված, քանի որ, ինչպես նշեիցիք, 3 ամիս է մնացել, և այդ հռետորաբանությանը համարժեք գործողություններ չենք տեսնում: Ինչպե՞ս եք հայկական կողմի նախապատրաստական աշխատանքները գնահատում:

– Այն չէ, ինչ չպետք է լիներ, որովհետև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է նշեինք ազգովի, այդ միջոցառումների կազմակերպման գործում պետք է ընդգրկված լինեին բոլոր առողջ ուժերը և ոչ թե՝ գործը հանձնարարվեր մի մարդու, ով տարբեր առիթներով  նշում է, որ ինքը Հայոց ցեղասպանության մասնագետը չէ, բայց զբաղվում է այդ  միջոցառումների կազմակերպման, համակարգման աշխատանքներով: 100-ամյա տարելիցին մոտենում ենք միջոցառումների կազմակերպման հարցում նախագահի գլխավորությամբ, և նախագահն է համակարգում այդ աշխատանքները: Այսինքն` նախագահը պետք է պատասխանի` ի՞նչ է պատրաստվում անել, և ի՞նչ է արվել: Ես այդ միջոցառումները ոչ գոհացուցիչ եմ համարում, իսկ մեր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության 100-ամյակին` ոչ համարժեք: Հայոց ցեղասպանության 100-ամյակը որոշ մարդկանց կողմից վերածվել է PR ակցիայի և արհեստականորեն ներմուծված «վհուկների որսի»:

– Պարոն Սարուխանյան, Սփյուռքի որոշ գործիչներ պատրաստվում են  հողատարածքների վերադարձման հարցով հայցեր ներկայացնել Թուրքիայի դեմ:  Թուրքիայում սա հաջողությա՞մբ կպսակվի: Ձեր կարծիքով՝  ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի այս գործընթացում ձախողում չլինի:

– Մասնավոր սեփականության վերադարձն ինքնին այդքան էլ բարդ գործընթաց չէ, չնայած՝ այդ գործընթացի համար անհրաժեշտ է մասնավոր և հանրային միջազգային իրավունքի և նորմատիվային ողջ բազայի իմացություն, մեծ փաստագրական և արխիվային նյութերի առկայություն: Ընդ որում, այդ նյութն օտար ծագում ունի, քանի որ Օսմանյան Թուրքիայում հայերի ունեցվածքի հաշվառումը մեծապես իրականացվել է թուրքական իշխանությունների, դրան ի լրումն՝ օտար տերությունների կազմակերպությունների, նաև՝ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների կողմից:

Մինչ օրս մենք չենք էլ փորձել հավաքագրել այդ նյութերի մի զգալի հատվածը: Միջազգային իրավունքի այս նեղ, բայց մեծ նշանակություն ունեցող ոլորտում ՀՀ ն որևէ մասնագետ չունի:  Միջազգային մասնավոր իրավունքը թույլ է տալիս ինչպես  հասարակական, քաղաքական կազմակերպություններին, այնպես էլ մասնավոր  անձանց՝  տեր կանգնել իրենցից օտարված  սեփականությանը:  Վերադարձի հազարավոր նախադեպեր են եղել: Հրեաներին վերադարձրեցին կալվածքներ և սեփականություն,  և այդ գործընթացը մինչ այսօր էլ շարունակվում է: Եթե դա լոկ դեկլարատիվ հայտ չէ, այլ մտադրություն, ապա՝ իշխանությունները դրան պետք է աջակցեն հետևողականորեն, ու, վստահ եմ՝ արդյունք կլինի: Թերևս՝ ուշացած: Այստեղ կարևորն իրավական ձևակերպումների ճիշտ հասցեագրումն է՝ այն իրավաբանորեն նվազ խոցելի դարձնելու առումով: Պետությունն այս առումով պարտավոր է տեր կանգնել, օժանդակել գործիչների ու հասարակական  կազմակերպությունների ներկայացրած հայցերին: ՀՀ իշխանությունները պարտավոր են ոչ դե դեկլարատիվ կարգով, այլ փաստացի տեր կանգնել իրենց ժողովրդին աշխարհի տարբեր ծայրերում, ու սա կլինի ազգային մոտեցում:

– Օրերս Դավութօղլուն անդրադառնալով Հրանտ Դինքի մահվան  8-րդ տարելիցին՝ ասաց, թե ժամանակն է, որ 1915թ. սառեցրած  մեծ տրավման երկու ժողովուրդներն անցյալում թողնեն ու սկսեն ջարդել տաբուները: Իսկ Թուրքիան, նրա խոսքով, փորձել է  հաստատել լավ հարաբերություններ, որի ապացույցն անցյալ տարվա Էրդողանի ուղերձն էր՝ հասցեագրված ՀՀ նախագահին:  Սա ակնարկ չէ՞ արդյոք հայկական կողմին, որ պետք է բավարարվել հենց այդ ներողությամբ և ավելին սպասելն անիմաստ է:

– Թուրքական իշխանությունները ֆինանսավորել, հովանավորել ու նպաստել են թուրքական պատմագրության և նաև դաշնակից պետություններում գործող պատմաբանների այն խմբերին, որոնք հանդես են եկել  Հայոց ցեղասպանության համար բարոյական պատասխանատվության առաջարկությամբ: Այսինքն` ներողություն խնդրել  հայ ժողովրդից կատարվածի համար, փորձել կառուցել հարաբերությունները՝ առանց պատասխանատվության և վնասների հատուցման: Սա ոչ պաշտոնապես հայտարարված գործուն ծրագիր է, որն անարգել կյանքի է կոչվում Թուրքիայի կառավարության կողմից  վերջին տասնամյակների ընթացքում:  Նրանք դա չեն թաքցրել. այս կամ այն հանդիպման ժամանակ հայերի դժբախտությունը որակել են՝ որպես «ցավալի», սակայն «ցավալին» ու «իրավական պատասխանատվությունը» տարբեր հասկացություններ են:

Նրանք հանրային տեսակետը պատրաստում են հետևյալ մտքին, որ վաղ թե ուշ կարող են ընդունել կատարված Ցեղասպանությունը, բայց դրա դիմաց պատասխանատվություն կրելն  իրատեսական չէ:
 

Տեսանյութեր

Լրահոս