Բաժիններ՝

Պուտինն Ուկրաինայի շուրջ տարաձայնությունների պատճառով նեղացնում է իր ընկերների շրջանակը. Bloomberg

Հունվարի 23-ին Bloomberg գործակալության կայքում հրապարակվել է Հենրի Մեյերի և Իրինա Ռեզնիկի «Պուտինն Ուկրաինայի շուրջ տարաձայնությունների պատճառով նեղացնում է իր ընկերների շրջանակը» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Ռուսաստանի տնտեսական ճգնաժամն ուժեղացրել է տարաձայնությունները նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատում, ինչը նրան ստիպում է նեղացնել իր ընկերների շրջանակը: Վլադիմիր Պուտինը ոչ միայն զայրացնում է Բեռլինից մինչև Վաշինգտոն ընկած երկրների առաջնորդներին, այլև` իր հարուստ ընկերների մի մասին` ճնշում գործադրելով նրանց վրա` ի պատասխան Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու նրանց խնդրանքներին:

Պուտինն իրենից հեռացնում է իր հետ համաձայն չեղողներին` թողնելով միայն կոշտ գիծ վարելու կողմնակիցների ոչ մեծ մասին: Ռուբլու անկումը խստացրեց նրա հարուստ դաշնակիցների շրջանում դիմակայությունը` նախագահին դրդելով նեղացնել տասնյակ մերձավորներից բաղկացած իր շրջապատը:

Պուտինը գնալով դառնում է ավելի կասկածելի մարդ, ով իր հարստության համար պարտական է մարդկանց հետ կապեր ունենալուն, որոնք տուժել են արևմտյան պատժամիջոցներից: 2014 թվականին 21 ռուս օլիգարխ ընդհանուր առմամբ կորցրել է 61 միլիարդ դոլար, ինչը կազմում է այդ միլիարդատերերի ողջ ունցվածքի մեկ քառորդը:

Ռուս քաղաքական խորհրդատու Սերգեյ Մարկովի խոսքերով` Պուտինին ներկայումս մոտ կանգնած հիմնական խմբի մեջ են մտնում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախոզական ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նախարարներն ու մյուս պաշոնյաները, որոնց հանձնարարվել է հակազդել Ռուսաստանի տնտեսական անկմանը, նախորդ տարվա նոյեմբերին բողոքում էին, որ ստիպված եմ ամիսներով սպասել, որպեսզի իրենց խորհուրդները ներկայացնեն նախագահին, ով բոլոր հիմնական նախաձեռնություններում ունի վերջին խոսքի իրավունքը:

Սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան նշում է, որ սա շատ բարդ ժամանակ է Պուտինի համար, ով քննադատության է ենթարկվում երկու կողմից էլ` լիբերալների և արմատականների կողմից. «Կրեմլում շատերը կարծում են, որ Ռուսաստանը պետք է որդեգրի էլ ավելի խիստ դիրքորոշում»:

Հնարավոր է` եկել է դրա ժամանակը, քանի որ իրավիճակը սրվել է Դոնբասում: Այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարում է ռուս զինվորների կողմից սահմանը հատելու մասին, Ռուսաստանի ՊՆ-ը հերքում է Ուկրաինայում իր զինված ուժերի ներկայությունը:

Այն ժամանակ, երբ Պուտինի վարկանիշը ռեկորդային բարձր է, և ռուսաստանցիների մեծ մասն աջակցում է զինյալներին օգնելուն, նավթի գնանկումը և վերահաս լճացումը նախկին երկու ազդեցիկ պաշտոնյայի հարկադրել են կոչով դիմել Ռուսաստանի առաջնորդին` գտնելու համար ռազմական գործողությունների դադարեցման ուղիները:

Ռուսաստանի նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է խուսափի Ուկրաինայի պատաճառով ինքնամեկուսացումից և դռները բաց պահի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների հետ համագործակցության համար:

Պրիմակովը կարծում է, որ առանց այդպիսի համագործակցության, Ռուսաստանը կորցնում է գերտերության կարգավիճակը: Պրիմակովն ասել է, որ Պուտինը պետք է հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և զորքեր չուղարկի զինյալներին աջակցելու համար:

Ռուս առաջնորդի մեկ այլ վաղեմի դաշնակից, ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը նախորդ ամիս հայտարարել է, որ Ռուսաստանը կբախվի տնտեսական լիարժեք ճգնաժամի, եթե Պուտինը չվերականգնի ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները:

Նախորդ տարվա սեպտեմբերին միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին կալանավորելը և դրան հաջորդած նրա «Բաշնեֆտ» ընկերության, որն արժե ավելի քան յոթ միլիարդ դոլար, վերաազգայնացումը ցույց է տալիս, թե ինչպիսի հեշտությամբ է իշխանություններին հաջողվում պահել իրենց դիրքերը: «Փողերի լվացման մասին» մեղադրանքը հանվեց այն ժամանակ, երբ Եվտուշենկովը համաձայնվեց հանձնել «Բաշնեֆտ»-ը:

Պուտինին մոտ կանգնած գործարարները կատարում են նախագահի առջև իրենց պարտքը և նրան օգնում են խուսափել հրապարակավ քննադատությունից, սակայն նրանք չեն ցանկանում, որ ռուս նախագահի անձնական հավակնությունները կործանեն իրենց ճակատագրերը:

Նախկին միլիարդատեր և Պուտինին մոտ կանգնած սենատոր Սերգեյ Պուգաչովը նշել է, որ նախագահն իր իշխանությունը խստացրել է Ուկրաինայի հակամարտության մեկնարկից քիչ անց, ինչի նպատակն էլիտայի մաքրումն է: Պուգաչովն ընդգծում է, որ Ռուսաստանի նախագահը շախմատային խաղատախտակի խաղաքարերի մի մասը սկսել է հանել դեռևս 2014 թվականի մայիսին:

Օրինակ` Պուտինին մոտ կանգնած, վստահելի անձ Վլադիմիր Կոժինը պաշտոնանկ արվեց ռուսական տարբերակի Գաղտնի ծառայության բաժնի պետի ղեկավարի պաշտոնից և նշանակվեց նախագահի` ռազմական համագործակցության հարցերով օգնականի պաշտոնում, ինչը նրան դարձրեց «ոչինչ»:

Պուգաչովի խոսքերով` այսօր Պուտինին հավատարիմ գտնվելը և անձնական բարեկամությունը ոչինչ չարժեն. «Պուտինի ինչին են պետք ընկերները, երբ ռուսաստանցիների 85%-ը աջակցում է նրան»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս