1999թ. Գյումրիի շուկայում սպանություն կատարած ռուս զինվորականը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ չգիտի՝ ինչի համար է արել, ուղղակի կրակել է՝ սպանելու համար

Հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանության դեպքը շատերը համեմատեցին 1999թ. Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ: Ռուսասատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն, ինչպես հայտնի է, նշել էր, թե Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքում «կլինի դատավարություն ՌԴ օրենքներով», իսկ 1999թ. տեղի ունեցած սպանության դեպքը քննվել է Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից: 1999թ. դեկտեմբերի 27-ին կայացված դատավճռով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ռուս զինծառայողներ Ալեքսանդր Կամենևը դատապարտվել էր 15 տարի ժամկետով, իսկ Դենիս Պոպովը՝ 14 տարի ժամկետով:

Դենիս Պոպովի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Թամարա Յայլոյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ 1999թ. ռուսական բազայի երկու զինծառայողները զենքերի ձեռքին փախել էին ռուսական ռազմաբազայից և հասնելով Գյումրիի շուկայի մոտ՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքը, կրակահարթ էին բացել մարդկանց վրա:

«Ամենահետաքրքիրն այն է, որ հարցաքննության ժամանակ Պոպովը հայտնեց, որ ինքը չգիտի՝ ինչի համար է արել, ուղղակի կրակել է սպանելու համար: Չասաց, թե թշնամանք ունի, ինչ-որ վրեժխնդրություն կա, իր կատարած արարքի համար որևէ հիմնավոր պատճառ չնշեց»:

Փաստաբանի խոսքով՝ նախաքննության և դատաքննության ընթացքում չի պարզվել արարքի դրդապատճառը, ռուս զինվորն ընդունել է իր մեղքը, դիտավորությունը՝ ասելով, որ չի կարող բացատրել, թե ինչու է դա արել. «Իրեն վատ բնութագիր էին ուղարկել զորամասից: Ինքն ընդունեց, որ՝ այո, ես վատ մարդ եմ, այդպիսին եմ»:

Կարդացեք նաև

Փաստաբանն ասաց, որ Գյումրիի շուկայի մերձակա տարածքում կրակելուց հետո ռուս զինվորականները չեն հասցերլ հեռու փախչել, և ՀՀ ոստիկաններն անմիջապես ձերբակալել էին նրանց և տարել ոստիկանություն. «Նրան կալանքի սանկցիա տվեց մեր դատարանը, նրան պահում էին մեր քրեակատարողական հիմնարկում, սակայն Ռուսաստանից նույնպես քննիչ եկավ, սկսեց քննություն կատարել: Իրենք էլ իրենց համար քննություն կատարեցին, հետո Մինսկի կոնվենցիայի համապատասխան՝ փաստաթղթերը փոխանակեցին միմյանց հետ: Նրանք էլ իրենց համար քննություն կատարեցին, բայց հետո փաստաթղթերն ու ձեռք բերված ապացույցները փոխանակեցին, բայց դատը կայացավ Գյումրու դատարանում»:

Փաստաբանը նշեց, որ տեղի ունեցածի արդյունքում 2 մարդ էր մահացել, 7-ը՝ վնասվածքներ ստացել: Նա ասաց, որ, որքան հիշում է՝ այն ժամանակ նույնպես Հանրապետությունում սուգ չի հայտարավել այդ դեպքերի հետ կապված, և դեպքն էլ այսքան մեծ արձագագանք  չի ստացել: Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ ռուս զինծառայողները չեն ցանկացել բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն մտել է օրինական ուժի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս