Մարտին Լյութեր Քինգն ու Հրանտ Դինքն ունեին նույն երազանքը. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Թուրքական Hürriyet Daily News թերթում հրապարակվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի «Մարտին Լյութեր Քինգն ու Հրանտ Դինքը. նրանք ունեին մեկ երազանք» խորագրով հոդվածը, որը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև. «Հունվարի 19-ը երկու մարդու՝ Մարտին Լյութեր Քինգի ու Հրանտ Դինքի կյանքի ու ողբերգական մահվան հիշատակի ու պատվո օր էր ԱՄՆ-ում ու Թուրքիայում:

Դոկտոր Մարտին Լյութեր Քինգն ԱՄՆ-ում գլխավորել է քաղաքացիական իրավունքների համար ժամանակակից շարժումը՝ պայքարելով աֆրոամերիկացիների և ընդհանրապես բոլոր քաղաքացիների հավասար իրավունքների ու հնարավորությունների համար, մինչև որ նրան սպանեցին 1968 թվականին:

Հրանտ Դինքն ակտիվիստ ու լրագրող էր այստեղ՝ Թուրքիայում: Նա առաջամարտիկ էր ոչ միայն անմիջականորեն հայ համայնքի՝ Թուրքիայի հայ քաղաքացիների իրավունքների համար պայքարի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում, այլև Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքների ու ժողովրդավարության համար պայքարի հարցում:

Դոկտոր Քինգի նման Հրանտ Դինքն իր գործունեության համար ստացել է սպանության մասին մի շարք սպառնալիքներ, և ի վերջո նրան էլ սպանեցին 2007 թվականին: Չնայած նրանց տարբերություններին՝ երբ ես խորհում եմ նրանց թողած ժառանգության մասին, տեսնում եմ ուշագրավ նմանություններ:

Նրանք երկուսն էլ իրենց կյանքը նվիրաբերել են խաղաղության ամրապնդմանը, իրավահավասարությանը հասնելուն, արդարությանն աջակցելուն ու մարդու հիմնական իրավունքների ու քաղաքացիական իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանը:

Նրանք երկուսն էլ եղել են բարի, առաքինի: Դրանք այն որակներն են, որոնք նրանց թույլ են տվել նաև խորը և նշանակալից կապեր հաստատել հասարակական կյանքի բոլոր ասպեկտների հետ: Նրանք երկուսն էլ մերժել են բռնությունն ու ատելությունը՝ ձգտելով խաղաղության ու սիրո՝ որպես տարաձայնությունները հաղթահարելու ու համայնքները համախմբելու եղանակ:

Նրանք երկուսն էլ ունեցել են հստակ խոսք, ունեցել են այնպիսի ելույթներ ընդդեմ անարդարության, որ այդպիսի խիզախություն չունեն շատերը: Նրանք երկուսն էլ իսկական հայրենասերներ են, որոնք ամուր հավատացել են, որ անարդարության վերացումը կուժեղացնի իրենց երկրները:

Երբ մենք խորհում ենք նրանց թողած ժառանգության շուրջ, պետք է հասկանանք, որ այդ տեսլականները ցայժմ իրագործված չեն ամբողջովին: Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնց պատճառ հանդիսացավ ոստիկանի կողմից անզեն աֆրոամերիկացու սպանելը, հիշեցնում է, որ դեռ աշխատանքներ պետք է տարվեն ԱՄՆ-ում, որպեսզի իրականացվի Մարթին Լյութեր Քինգի երազանքը:

Եվ այստեղ էլ՝ Թուրքիայում, էթնիկ տարբեր համայնքներ շարունակում են հանդես գալ հավասար իրավունքների, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հետ ավելի խաղաղ ու ներդաշանակ հարաբերությունների օգտին:

Երբ կանգ ես առնում ու խորհում, տեսնում ես, որ Մարտին Լյութեր Քինգն ու Հրանտ Դինքն ունեցել են ապագայի մասին նույն «երազանքը», որում բոլոր քաղաքացիներն իսկապես կլինեն հավասար, որում մարդկանց չեն դատապարտի ըստ նրանց մաշկի գույնի: 2015 թվականին մենք պետք է շարունակենք ընդունել այդ մարդկանց ժառանգությունը և աշխատել նրա շուրջ, որ նրանց երազանքը դառնա իրականություն»:

Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերին թուրք հանրահայտ պատմաբան Թաներ Աքչամը թուրքական Taraf թերթում հրապարակած իր «Մեր Մարտին Լյութեր Քինգը» խորագրով հոդվածում նշել էր, որ Հրանտ Դինքը իրենց Մարտին Լյութեր Քինգն է՝ նոր Թուրքիայի խորհրդանիշն ու ցեմենտողը:

Աքչամը, հիշեցնելով, որ ԱՄՆ-ում Մարտին Լյութեր Քինգի (ծնվել է 1929 թվականի հունվարի 15-ին) հիշատակի օր է նշվում հունվար ամսվա երրորդ երկուշաբթին, առաջարկել էր Թուրքիայում սեպտեմբերի երրորդ կամ երկրորդ երկուշաբթին նշել որպես Հրանտ Դինքի (ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին) հիշատակի օր. «Տարին ունի 365 օր: 364 օրը թող ձեզ մնա, 1 օրը տվե՛ք Հրանտին»:

Տեսանյութեր

Լրահոս