Բաժիններ՝

Վարդան Ղուկասյան. Պերմյակովը դիվահար է և սատանա

Հարցազրույց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ

– Պարոն Ղուկասյան, Գյումրիում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հնչում են հարցեր, որոնք մինչև օրս անպատասխան են. Օրինակ, ասվում է, որ այս ոճրագործությունը չէր կարող տեղի ունենալ, եթե ռազմաբազայի նկատմամբ նաև քաղաքացիական վերահսկողություն լիներ: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` նման հանցագոծությունների կրկնությունը թույլ չտալու համար:

– Հիմարություն է, ոչ մի քաղաքացիական վերահսկողություն ռազմաբազայի նկատմամբ չի կարող լինել: Ուրիշ բան, որ, ասենք, թող իրենց ղեկավարությունը ավելի խստապահանջ լինի զինվորների նկատմամբ, որ ում պատահի` չզորակոչեն բանակ: Ես դեռ մի քանի տարի առաջ եմ առաջարկել, որ ռազմաբազայում ծառայեն պայմանագրայիններ, ավելի հասուն, ավելի կայացած մարդիկ: Հետո գիտե՞ք ինչ, նման դեպքեր ամեն տեղ են լինում. Չե՞ք տեսնում` Եվրոպայում, Ամերիկայում մտնում են դպրոցներ, հիմնարկներ ու զենքով սպանում են անմեղ երեխաների, անմեղ մարդկանց: Դրա դեմը ո՞նց առնես. դրանց մեջ սատանա է մտնում, դրանք դիվահար են լինում, իրենք դառնում են սատանա ու իրենց սատայական գործերն են անում:

– Գյումրեցիներն ասում են, որ պետք է ռազմաբազայում ավելացնել հայաստանցի ծառայողների քանակը, և այդ դեպքում կարգապահությունն այնտեղ կմեծանա:

Կարդացեք նաև

– Ես դրան կողմնակից եմ, սրանից 10 տարի առաջ ռազմաբազայում ծառայողների գրեթե 30 տոկոսը հայեր էին, և շատ էլ լավ ծառայում էին: Հիմա էլ կան հայեր, բայց ավելի քիչ: Ի՞նչ է եղել, որ, կարելի է հայերի քանակն ավելացնել, մթնոլորտը հաստատ դրական կփոխվի:

– Կարծիքներ կան, որ Հայաստանի ամենառուսասեր քաղաք Գյումրիում փոխվել է վերաբերմունքը ռուսների նկատմամբ, գյումրեցիները սկսել են չվստահել ռուսներին` նրանց մեջ մարդասպաններ տեսնելով:

– Ես 54 տարեկան մարդ եմ և կարող եմ ասել, որ մեր քաղաքում ռուսների նկատմամբ միշտ էլ հարգանք ու վստահություն է եղել, Գյումրիում 3 ռուսական եկեղեցի կա, քաղաքում շատ լուրջ ռուսական հետք կա. քաղաքաշինությունից սկսած` մինչև մշակույթ: Մի ոճրագործի, մի վիժվածքի պատճառով տարիներով ձևավորված վերաբերմունքը չի փոխվում: Ռուսաստանի բանտերում էլ շատ հայ մարդասպաններ կան, վիժվածքներ կան նստած, ի՞նչ է, դրանց պատճառով ռուսները սկսեն հայերին թշնամանքո՞վ վերաբերվել, համարեն, որ հայերը հանցագործ մարդասպաննե՞ր են: Ռուսներն այստեղ են եկել մեզ պաշտպանելու համար, մենք իրանց կարիքը զգում ենք: Ու առաջին հերթին այս դեպքն ուղղված էր ռուսների դեմ. ո՞ր մի ռուսը կուզենար, որ նման բան տեղի ունենար: Սա ավելի շատ ձեռնտու էր դրսի ուժերին, որ այստեղ մթնոլորտը թունավորեն, հային ու ռուսին իրար դեմ հանեն: Մթնոլորտը մի քիչ կհանդարտվի, բոլորն էլ դա կհասկանան:

– Գյումրեցիները մեղադրում են Հայաստանի իշխանություններին, որ նրանք չեն փորձում պաշտպանել իրենց իրավունքները և ավելի շատ առաջնորդվում են ռուսական կողմի հրահանգներով:

– Կարո՞ղ եք ասել, թե ինչ պետք է անեին իշխանությունները, որ չեն անում: Կարելի է իշխանությունների վրա ցեխ շպրտել, նրանց ամեն ինչի մեջ մեղադրել. բայց ինչ որ պետք էր, նրանք արեցին և շարունակում են անել: Դուք մի նայեք էն մարդկանց, էն քաղաքական թափթփուկներին, որ ուզում են մարդկանց սգի վրա քաղաքական դիվիդենտներ շահել: Մարդիկ սգի մեջ են, էդ տականքները երիտասարդությանը տանում են ռուսական ռազմաբազայի վրա. Ի՞նչ էին ուզում, որ 6-ը 6 հազար դառնար: Պարզ չի՞, որ դրանք շպիոններ են, որոնք երրորդ երկրների շահերով են առաջնորդվում ու ուզում են սեպ խրել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մեջ: Սրանք մարդկանց սգի վրա էլ են ուզում փող աշխատել, դրանցից պետք է հեռու մնալ, ոչ թե դրանց ասածները կրկնել:

– Մեղադրանքներից մեկն էլ այն է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը չեկավ Գյումրի և չմասնակցեց հոգեհանգստին կամ հուղարկավորությանը:

– Տո լավ, ամոթ է, ո՞նց կարելի է նման բան ասել: Որ գար` ի՞նչ էր անելու. երկնքից արեգա՞կ էր իջեցնելու: Ամեն ինչ նորմալ կազմակերպվել էր, և այնպես չի, որ նախագահի գալով ինչ-որ բան էր փոխվելու. ուղղակի ինչ-որ մարդկանց պետք է, որ ամեն առիթ օգտագործեն` նախագահին վատաբանելու, փնովելու համար, կապ չունի` առիթը մարդկանց սո՞ւգն է, թե՞ դժբախտությունը: Կարկուտ է գալիս` ասում են` նախագահն է մեղավոր, երաշտ է` նախագահին են մեղադրում: Բայց չեն տեսնում, որ մի գյուղի վրա գալիս է, մյուսի վրա չի գալիս. ես էլ ասում եմ, որ այն գյուղի վրա, որ գալիս է, գյուղացիներն են մեղավոր, որ լավ հավատացյալ չեն, լավ աղոթք չեն անում, Աստված էլ պատժում է, նախագահը դրա հետ ի՞նչ կապ ունի:

–  Գոնե կարող էին պաշտոնապես սուգ հայտարարել:

– Բան չունեմ ասելու, կարելի էր քաղաքի մասշտաբով սուգ հայտարարել, դրոշներն իջեցնել, լույսերը անջատել. գյումրեցիները հենց այդպես էլ արեցին: Բայց երկրի մասշտաբով նման բան չի կարելի անել. մենք պատերազմող երկիր ենք, սահմաներին զինվորներ են զոհվում, ի՞նչ է, ամեն նման առիթով սուգ հատարարենք, դառնանք սգավոր երկի՞ր:

– Հիմա գյումրեցիները պահանջում են, որ հանցագործի դատավարությունը տեղի ունենա Հայաստանում, որ նա դատվի Հայաստանի օրենքներով և պատիժն էլ կրի Հայաստանում: Ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի հասնել այդ պահանջների բավարարմանը:

– Ամեն երկիր իր օրենքներն ունի, կան միջազգային օրենքներ, որոնք մենք չենք կարող փոխել: Հիմա Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով ասում են, որ իրենք այդ ստահակին դատելու են, տալու են ամենախիստ դատավճիռը. մեզ համար ի՞նչ տարբերություն` ռո՞ւս դատավորն է նրան ցմահ մահապատիժ տվել, թե՞ հայ դատավորը: Ռուսաստանում չկա մարդ, որ այդ ոճրագործին արդարացնի, երևի ծնողներն էլ են ամոթ զգում, որ նման վիժվածքի են մեծացրել: Եթե իմ զավակը լիներ, ես կասեի` դրան գնդակահարեք` մեր ամոթը մաքրվի: Մենք ուղղակի պետք է հետևողական լինենք, որ այդ դատավճիռը մինչև վերջ կատարվի: Մենք հզոր ազգ ենք ու մենք չպետք է նման մանր խնդիրներ դնենք. Թալեաթ Փաշային էլ Թուրքիայի դատարանը մահվան դատավճիռ կարդաց, բայց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը մահապատիժն ի կատար ածեց: Մեր մեջ էլի կան նման հերոս տղաներ, որոնք պետք եղած դեպքում կարող են դատավճիռն ի կատար ածել, եթե տեսնեն, որ դա պետական մակարդակով չի կատարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս