Ռուսաստանի Փաստաբանների միության փոխնախագահ. Պերմյակովին պետք է Հայաստանը դատի

Քաղաքագիտության դոկտոր, Ռուսաստանի Փաստաբանների միության առաջին փոխնախագահ Ալեքսեյ Բինեցկին ռուսաստանյան РБК հեռուստաալիքի «Օբոզրեւատել» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Գյումրիում ընտանիքի ցնցող սպանության իրավաբանական ասպեկտին: NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ Բինեցկու պատասխաններից։

Ո՞րն է այս խնդրի իրավաբանական ասպեկտը: Կարո՞ղ է հիմա Ռուսաստանը ժամկետային զինծառայող Պերմյակովին հանձնել Հայաստանին: Ի՞նչ պայմանների դեպքում է դա հնարավոր:

Նախ՝ այստեղ երկու հանգամանք կա: Առաջինը՝ քաղաքական, երբ մենք տեսնում ենք, որ իրավիճակի հզորագույն սրացում է տեղի ունենում, եւ լարվածությունը վերացնել կարելի էր, ասենք, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների զրույցի միջոցով, որը կարող էր եթեր հեռարձակվել՝ երկու պետությունների ղեկավարների դիրքորոշումը պարզաբանելու համար: Եվ ահա այն, ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիում… ցավոք, ես այն հարթելու ոչ մի փորձ չեմ տեսնում:

Կարծում եք, որ սա նախագահների մակարդակով քննարկելու արժանի հա՞րց է:

Անկասկած: Իսկ Դուք մի՞թե կարծում եք, որ ոչ: Դա ծանրագույն ողբերգություն է: Ցավոք, այն, ինչ տեղի ունեցավ մեզ մոտ՝ Կուշչյովկայում, չհանգեցրեց ոչ մի զանգվածային ցույցերի եւ ազգային արժանապատվության պոռթկման…

Որովհետեւ դա տեղի ունեցավ մեզ մոտ…

Մենք պետք է հարգենք մեզ: Այդ ժամանակ մեզ կհարգեն նաեւ ուրիշները: Եվ այն, ինչ այսօր տեղի ունեցավ Հայաստանում, անկասկած լուրջ հարված է երկու պետությունների մերձեցմանը, որը վերջին տարիներին ավելի էր նկատվում: Դա շատ լուրջ հարված է, չեմ ուզում ասել եղբայրական, բայց, համենայն դեպս, միեւնույն կրոնի հետեւորդ երկու պետությունների փոխհարաբերություններին: Մեծ թվով հայեր են ապրում Ռուսաստանի Դաշնությունում եւ նույնիսկ չեն խոսում հայերեն: Դա, իսկապես, ոչ միայն Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական, այլեւ հոգեւոր-սոցիալական հենարանն է: Սա լուրջ գործոն է, այդ պատճառով կարելի է այդ ճանապարհով վերացնել լարվածությունը, եւ ես կարծում եմ, որ դա միանգամայն ճիշտ է:

Իրավաբանորեն այսօր բացարձակ ճիշտ է: Քանի որ զինծառայողը լքել է բազայի տարածքը, նա դադարում է հատուկ սուբյեկտ լինել, եւ քրեական հանցագործություն է կատարել այլ պետության տարածքում: Խոսքն այն մասին չէ, որ Ռուսաստանն իր քաղաքացիներին չի հանձնում այլ երկրների արդարադատությանը: Այս դեպքում Հայաստանի դատախազությունն իսկապես իրավունք ունի եւ պետք է հետաքննություն անցկացնի, իսկ ռուսական ռազմական քննիչները՝ զինվորական գլխավոր դատախազության հետ միասին, իրավունք ունեն խնդրել եւ մասնակցել այդ հետաքննությանը:

Այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմը վկայակոչում Սահմանադրության 61-րդ հոդվածը: Ի՞նչ հիմքով:

Նախ՝ ո՞վ: Ի՞նչ մակարդակով է վկայակոչում: Կարծում եմ, որ ռուսական կողմը՝ ի դեմս որոշ մարմինների, այդ թվում ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական, պարզապես Ռուսաստանի Դաշնության նախագահից եւ գլխավոր հրամանատարին ուղղակի ցուցումներ չի ստացել, թե ինչպես պետք է վարվել այս իրավիճակում: Ահա եւ վերջ: Դա զուտ բյուրոկրատական հարց է, լավ իմաստով վախկոտություն:

Եվս մեկ բան: Ներկայում բոլորը, համենայն դեպս՝ Հայաստանի փողոցներ դուրս եկող ակտիվիստները, խոսում են ռուսաստանցի զինծառայողի հանձնման մասին: Միաժամանակ, նա դե-ֆակտո Հայաստանի տարածքում է, Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում… Որքանո՞վ է կոռեկտ հարցն այդպես առաջադրել:

Գյումրիում ռուսական ռազմաբազայի տարածքը, ըստ համապատասխան համաձայնագրի, Ռուսաստանի Դաշնության տարածք է այնքան ժամանակ, քանի դեռ գործում է այդ համաձայնագիրը: Բայց եւս մեկ անգամ կրկնում եմ, նա հանցագործությունը կատարել է այդ տարածքից դուրս: Եվ, համապատասխանաբար, այդ հանցագործությունը պետք է քննեն ու նրան դատապարտեն Հայաստանի մարմինները՝ ռուսական իրավապահ մարմինների մասնակցությամբ՝ զինվորական դատախազության գլխավորությամբ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս