Ինչի շնորհիվ է Երևանը հայտնվել աշխարհի 5-րդ հորիզոնականում՝ էլեկտրոնային կառավարման առումով

«Էլեկտրոնային կառավարման առումով բավականին առաջընթաց կա, բազմաթիվ նոր համակարգեր են ներդրվել, համակարգերի ինտեգրման մակարդակն է բարձրացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տնօրեն Արթուր Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով իսկապես այդքան առաջընթաց ենք գրանցել, որ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի Ռութգերսի համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից Երևանն ընդգրկվել է լավագույն էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների հնգյակում:

Ընդ որում, ըստ Ղուլյանի, բազմաթիվ համակարգեր գործում են ոչ թե ավտոնոմ, այլ ինտեգրված, օրինակ, հարկային, ոստիկանության, սոցիալական ոլորտի և այլ. «Դրանք միասնական են գործում և, եթե տվյալներ ենք հավաքագրում, կարողանում ենք միասնական ձևով անել»:

Ա.Ղուլյանի գնահատմամբ՝ առաջընթաց միանշանակ կա, իսկ առաջիկա տարիներին այդ առաջընթացն ավելի մեծ կլինի, քանի որ 2014-18 թթ. էլեկտրոնային կառավարման զարգացման հայեցակարգով նախատեսվում է մասնավոր-պետություն համատեղ ջանքերով միասնական ենթակառուցվածքների ներդրում:

Արդյոք էլեկտրոնային կառավարման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները բավարա՞ր են, որպեսզի աշխարհում 5-րդ տեղում հայտնվենք, Ա.Ղուլյանը նշեց, որ դժվար է այդ հարցին, պատասխանել, սակայն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջատարների ցուցակը կազմվել է ըստ քաղաքների և հնգյակում Երևան քաղաքն է, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը:

Հիշեցնենք, որ ամերիկյան ինստիտուտը 2003 թվականից սկսած, վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ` աշխարհի խոշոր քաղաքների էլեկտրոնային կառավարման հնարավորությունների գնահատման նպատակով: Վերջին հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են աշխարհի 100 երկրների խոշոր քաղաքների քաղաքապետարանների էլեկտրոնային կառավարման համակարգերը՝ ըստ օգտվելու մատչելիության, համակարգերի բովանդակության, առաջարկվող ծառայությունների, տվյալների պահպանման գաղտնիության, ինչպես նաև քաղաքացիական և սոցիալական ակտիվության չափորոշիչների: Հետազոտության արդյունքում առաջատարը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը և Սինգապուրը: Հինգերորդ տեղում Երևանն է: Լավագույն տասնյակում ընդգրկված քաղաքների շարքում Երևանին համապատասխանաբար հաջորդում են Բրատիսլավան, Տորոնտոն, Շանհայը, Դուբայը և Պրահան: Համանման նախորդ հետազոտության ժամանակ Երևանի քաղաքապետարանը էլեկտրոնային կառավարման հնարավորություններով զբաղեցրել էր 19-րդ հորիզոնականը:

Տեսանյութեր

Լրահոս