Հարություն Մեսրոբյան. «Առանց վերնախավի ցանկացած թափթփուկ կարող է զբաղվել ՀՀ ճակատագրով»
Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ
– Պարոն Մեսրոբյան, Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Հայաստանի պարտատոմսային վարկանիշը` բացասական կանխատեսմամբ այն Ba2-ից հասցնելով Ba3-ի: Ի՞նչ հետևանք կարող է ունենալ մեր երկրի վարկանիշի այս նվազեցումը:
– Նման վարկանիշները պետության, և ոչ միայն պետության համար, վաղուց դարձել են քաղաքական գործիք: Այլ լուրջ տնտեսական հիմնավորում մի փնտրեք: Ավելին՝ եթե հիշում եք, 2008 թ. ճգնաժամի ժամանակ ամբողջ աշխարհում, առավելապես Եվրոպայում, նաև ԱՄՆ-ում, բավականին քննարկումներ գնացին վարկանիշային, աուդիտորական կառույցների հետ կապված, քանի որ նրանց քաղաքականացված քայլերը խորացնում էին այդ ճգնաժամը: Կրկնում եմ, այստեղ տնտեսական վերլուծություն գրեթե, եթե ոչ ամբողջութամբ, պետք չէ տեսնել, դա նաև քաղաքական գործիք է և պետք չէ դրա մեջ լուրջ խորանալ:
– Այդ դեպքում ո՞ւմ են հարկավոր նման վարկանիշային կազմակերպությունները, ինչի՞ համար են դրանք:
– Տեսեք, ցանկացած ընդհարումների ժամանակ (ես ընդհարումը շատ լայն եմ ներկայացնում, այսինքն՝ աշխարհի տարբեր ուժերի միջև ընդհարումների մասին է խոսքը ոչ միայն պարտադիր ռազմական դաշտում, այլ նաև տնտեսական, քաղաքական, և այլ, և այլն) բոլոր միջոցներն ընդունելի են: Սա է աշխարհի օրենքը մարդ արարածի ստեղծման պահից: Հիմա նման գործիքակազմը, տյալ դեպքում` վարկանիշային գործիքակազմը, հնարավորություն է տալիս օգագործողին դիմացինին զրկել մի շարք հնարավորություններից՝ սկսած համեմատաբար էժան գումարներ հայթայթելուց միջազգային շուկաներում: Հաջորդը՝ պոտենցիալ ներդրողների մեջ լրացուցիչ կասկածներ սերմանելն է, այսինքն նման գործիքակազմով, էլի ձևեր կան, վատթարացնել դիմացինի վիճակը:
Եթե գանք սովորական մարդկային հարաբերություններին, խոսքը զրպարտության, մուտիլովկայի մասին է, բայց շատ ավելի լուրջ, գրագետ մեթոդաբանությամբ և այլն: Տնտեսագետներն այդ տարբեր գեղեցիկ մեթոդաբանությունները կասեն, թե ինչ մեթոդաբանություններ են: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը տնտեսական իմաստով փայլուն երկիր է: Շատ վատ երկիր է: Բայց ինքը չվատացավ մինչ այն պահը, երբ Մուդիսը փոխեց վարկանիշը: Ինքը վաղուց էլ գրավիչ չէ թե՛ ներդրումների համար, թե այլ, շատ պարզ պատճառով՝ այստեղ օլիգարխիկ համակարգ է: Դա հասկանալու համար Մուդիս պետք չի: Իսկ թե ինչո՞ւ է հիմա արվում՝ շատ պարզ պատճառով. այսպես կոչված՝ այն պայքարը, որ հիմա գնում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, նաև տեղափոխվում է ԵՏՄ, որտեղ մտավ Հայաստանը:
– Այսինքն, Հայաստանը տուժում է Ռուսաստանի՞ պատճառով:
– Գիտեք ինչ, Հայաստանը տուժում է և՛ Ռուսաստանի պատճառով, և՛ Արևմուտքի պատճառով, և՛ տիեզերական քամիների պատճառով, բացի մեզնից: Մենք ամպոտ հրեշտակներ ենք, ամողջ աշխարհը մեզ վատություն է անում, որովհետև, չգիտես՝ ինչու, իրենք պարտավորություն են վերցրել ստեղծման պահից, որ պետք է գուրգուրեն, Հայաստանը գլխներին դնեն: Նորմալ չէ:
Մենք ենք մեղավոր, ոչ մեկի վրա պետք չի գցել: Մենք ենք մեղավոր և տվյալ դեպքում 1991 թվականից: Մենք ենք մեղավոր մեր պատմական շատ դժբախտությունների մեջ: Եվ համար 1 խնդիրը ես տեսնում եմ հետևյալի մեջ՝ մեր ազգին չի հաջողվում ունենալ բյուրեղացված, կազմակերպված, ազգին ծառայող իրական վերնախավ: Լավագույն դեպքում ունենք այդ վերնախավի առանձին ներկայացուցիչներ: Իսկ առանց վերնախավի ցանկացած թափթփուկ կարող է զբաղվել ՀՀ ճակատագրով: Մենք այս խնդիրը ունենք, և ես ասում եմ, որ Հայաստանը բացասական ընտրասերման թակարդի մեջ է գտնվում, երբ անարժանը ավելի շատ հնարավորություն ունի դրսևորվելու, պաշտոններ զբաղեցնելու, ակտիվանալու, քան արժանավորը: Սա մեր ճանապարհն է դեպի գերեզման: Մինչև մենք իրոք շատ չոր ու շատ դաժան մեզ չինքնաքննադատենք ու չինքնամաքրվենք, ու մինչև չգնահատենք իրական վերնախավի ներկայացուցիչներին, կունենանք այն, ինչ ունենք, միայն ավելի վատ տարբերակով: