Պաշտպան. «Թե Շանթ Հարությունյանի և թե մնացած ամբաստանյալների արարքում բացակայում է խուլիգանություն հանցակազմը» (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննության ընթացքում ներկայացնելով իր բողոքը՝ Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտով չի արձանագրվել այն փաստը, որ 2013թ. նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում սադրիչներ են եղել: «Այդ ամեն ինչը հրահրվել է հենց վերջիններիս կողմից»,- ասաց նա:
Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ Շանթ Հարությունյանի և մյուսների արարքում բացակայում են խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը, քանի որ հասարակական կարգը կոպիտ խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում պետք է դրսևորվեր նրանց ուղղակի դիտավորությունը և նպատակը, սակայն սույն գործի շրջանակներում հաստատված հանգամանքներով պարզ է դարձել, որ դրանք բացակայում են:
Փաստաբանի խոսքով՝ գործին մասնակցող անձանց ցուցմունքներից և այլ ապացույցներից հստակ երևում է, որ ամբաստանյալների նպատակը եղել է միայն խաղաղ հանրահավաք անցկացնելը: «Ի դեպ, խաղաղ հանրահավաք անցկացնելու մասին Շանթ Հարությունյանը նախօրոք դեռևս 2013 թ. հոկտեմբերի 30-ին մեկ այլ ցույցի ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին լինելու է խաղաղ հանրահավաք: Անտրամաբանական է, որ ցույցի խաղաղ մասնակիցները նախապես ոստիկաններին հայտնեին, որ լինելու է հանրահավաք, և նախապես ուղղակի դիտավորությամբ կազմակերպեին խուլիգանություն»,- ասաց նա:
Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ ոստիկանները, իմանալով, որ լինելու է հանրահավաք, պարտավոր էին, ապահովել խաղաղ հանրահավաք անցկացնելու` Շանթ Հարությունյանի և այլ անձանց իրավունքների իրացումը: Սակայն ոստիկանները ոչ միայն չեն կատարել իրենց պարտականությունը, այլև իրենք են հրահրել, խոչընդոտել խաղաղ ցույցի անցկացումը: Մասնավորապես, ըստ նրա՝ նախապես իմանալով ցույցի վայրի և տեղի մասին, քաղաքացիական հագուստով սադրիչ-ոստիկանները մասնակցել են հավաքին և ամեն կերպ հրահրել, որպեսզի ծագի վեճ:
«Ոստիկանները նախապես ծրագրելով իրենց անօրինական գործողությունների հաջորդականությունը, փորձում են նախապատրաստել «խուլիգանություն» հանցակազմը: Իրականում թե՛ Շանթ Հարությունյանի և թե՛ մնացած ամբաստանյալների արարքում բացակայում է խուլիգանություն հանցակազմը, նրանց միակ նպատակը եղել է խաղաղ հանրահավաք անցկացնելը»,- ասաց Ինեսա Պետրոսյանը: Նրա խոսքով՝ եթե դատարանը ճիշտ մեկնաբաներ խուլիգանություն հանցակազմը և տեսներ, որ իրականում խուլիգանություն առկա չէր, ապա կեզրակացներ, որ ամբաստանյալների գործողությունները եղել են միայն պաշտպանողական բնույթի և համաչափ են Ոստիկանության գործողությունների նկատմամբ:
«Շահեն Հարությունյանի կողմից ոստիկանին հարվածելը միանշանակ պայմանավորված է եղել ոստիկանի գործողություններով, այն է՝ նրա հոր նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությամբ և 14-ամյա Շահեն Հարությունյանի մոտ առաջացած հուզական վիճակով, ինչը ուղղակի բացառում է խուլիգանության հանցակազմի առկայությունը նրա արարքում: Սակայն, ինչպես վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ բողոքարկվող դատական ակտ կայացրած դատարանը, ցավոք, սույն քրեական գործով իրականացնում է հաշվեհարդար, և դեպքի ժամանակ 14-ամյա երեխայի հանդեպ դրսևորում են վրեժխնդրություն, նաև հորը՝ Շանթ Հարությունյանին կոտրելու փորձ և պայքարից հետ կանգնելու փորձեր են կատարում: Սակայն հաշվի չեն առնում, որ ամբաստանվող անձինք ազատամիտ են և վաղուց են որդեգրել ազատ, անկախ Հայաստանում ապրելու և հանուն այդ արժեքների պայքարելու ուղին: Անչափահաս երեխայի՝ Շահեն Հարությունյանի հանդեպ դրսևորվող այս վարքագիծը դատապարտելի է:
Մեղադրողը Շահեն Հարությունյանի համար դատարանից խնդրեց 5 տարվա ազատազրկում, իսկ նրա հոր՝ Շանթ Հարությունյանի համար՝ առավելագույն պատիժը, որը սահմանված է մեղսագրված հոդվածի սանկցիայով: Եվ ինչի՞ համար, որ անձը դուրս է եղել խաղաղ երթի, իրականացնելու համար սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքը և փորձ է արել իր այդ իրավունքը պաշտպանել դա խոչընդոտողներից: Փաստորեն, իշխանությունները չեն կարող հանդուրժել ժողովրդավարությունը մեր երկրում, անձանց խոսքի ազատության իրավունքը և այլ բարձրարժեք իրավունքներ: Արդյունքում, անձինք հայտնվեցին դատարանում ամբաստանյալների կարգավիճակում և դատապարտվեցին»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:
Պաշտպանը խնդրեց կայացնել արդարացման դատավճիռ՝ հռչակելով Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի և Վարդան Վարդանյանի անմեղությունը, կամ գործն ուղարկել նոր դատաքննության, փոխել ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի խափանման միջոց կալանքը, բավարարել պաշտպանական կողմի կողմից ներկայացված միջնորդությունները, մասնավորապես՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու վերաբերյալ, հաստատել, որ նախագահի կողմից խախտվել է գործով անցնող ամբաստանյալ Շանթ Հարությունյանի և մյուսների անմեղության կանխավարկածը, հաստատել, որ խախտվել է իր պաշտպանյալների՝ կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատ իրականացման իրավունքը:
Փաստաբան Հովհաննես Քոչարյանը էլ խնդրեց հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ արդարացնել Վահե Մկրտչյանին, Միսակ Առաքելյանին, Ալբերտ Մարգարյանին, Լիպարիտ Պետրոսյանին: Ամբաստանյալ Վահե Մկրտչյանն ասաց, որ իշխանություններն այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ իրենք, ուզենային թե ոչ, պետք է ինչ-որ բան անեին: «Ես ընդամենը դա եմ արել: Ես իմ խոսքն եմ ասել, փորձել ասել»,- ասաց Վահե Մկրտչյանը՝ նշելով, որ ոչ ընդհանուր իրավասության դատարանից է սպասումներ ունեցել, ոչ էլ վերաքննիչ դատարանից ունի:
Ալբերտ Մարգարյանն էլ ասաց, որ իրենց համար վիրավորական է, որ իրենց մեղադրում են խուլիգանության համար, քանի որ չկա բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ: Նա պնդեց, որ երթը խաղաղ է եղել, սադրիչների միջոցով փորձել են լռեցնեն իրենց, որպեսզի հայտնվեն ճաղերի ետևում: Ամբաստանյալի խոսքով՝ իրենք իրենց քաղբանտարկյալ են համարում. «Այն, ինչ մենք ասում էինք մեկ տարի առաջ, հիմա ժողովուրդը զգում է իր մաշկի վրա, ու ժողովրդական բառերով ավելացնեմ՝ Աստված բեթարից ազատի»:
Ամբաստանյալ Միսակ Առաքելյանն էլ ասաց, որ 2013թ. նոյեմբերի 5-ին իրենք փողոց են դուրս եկել՝ պաշտպանելու իրենց սահմանադրական իրավունքը. «Մենք դուրս ենք եկել արժեքների հեղափոխության: Մի քանի օր առաջ տեղի ունեցածը ցույց տվեց մեր արդարացիությունը: Ես չեմ ուզում իմ հանրապետության մեջ ինչ-որ մի ռուսի տղա մտնի իմ տուն ու կոտորի ընտանիքին, կամ իմ հարևանին, կամ իմ հարազատին: Մենք դուրս էինք եկել սրա դեմ պայքարելու 2 տարի առաջ»: Նա ասաց, որ իրենք դատապարտվել են ճիշտ գաղափարների համար: