Սահմանամերձ գյուղում կգործարկվի առաջին անձրևային համակարգը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ ծանոթանալու «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով կառուցված՝ հանրապետությունում առաջին անձրևային համակարգի պայմաններին:
Վարչապետը կարևորել է այդ ձեռքբերումը գյուղատնտեսությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման համատեքստում: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ առաջին այդպիսի համակարգը կառուցվել է սահմանամերձ գյուղում, ինչը դրականորեն կանդրադառնա Թալիշի զարգացման և գյուղացիների եկամուտների վրա: Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու նաև այլ համայնքների համար՝ գյուղատնտեսական ինտենսիվ մեթոդների կիրառումը խթանելու նպատակով:
Ընդհանուր առմամբ 100 հեկտար ընդգրկող երկու համակարգերը ծառայելու են Թալիշի բնակչությանը՝ ոռոգելով նրանց դաշտերը: Համակարգն արդեն պատրաստ է աշխատելու և մոտակա օրերին ամբողջությամբ կգործարկվի:
Հիշեցնենք, որ 2014 թվականին կառավարությունը խոշոր միջոցներ էր ներդրել գյուղի շուրջ 1000 հեկտար հողատարածքը ոռոգովի դարձնելու համար, որը տրամադրվել է բացառապես Թալիշի բնակիչներին՝ դեռևս միամյա կուլտուրաներ մշակելու նպատակով: Անձրևային համակարգի ներդրումը սահմանամերձ գյուղի զարգացման երկրորդ փուլն է՝ թիրախում ունենալով համայնքի տնտեսական ակտիվության և բնակիչների բարեկեցության մակարդակի աճը:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին