Հայաշատ Հալեպում ձմեռն անցնում է առանց հոսանքի ու ջրի
«Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում օրերս հայկական Սրբուհի Ռիտա եկեղեցու հրթիռակոծումից հետո հայ համայնքը փորձում է շարունակել բնականոն կյանքը, թեև վտանգը կա միշտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բերիո թեմի մամլո քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:
Նա նշեց, որ եկեղեցու ռմբակոծումը ծանր ընդհարումների հետևանք չէր, պարզապես Սիրիայում այսօր որևէ տեղ ապահով և անվտանգ չէ՝ ինչպես սիրիացիների, այնպես էլ՝ հայերի համար: «Յուրաքանչյուր մի տեղում կարող է հրթիռի հարված լինել, ինչպես և Հայ Կաթողիկե Մայր եկեղեցու դեպքում հատկապես, երբ շրջանը բավականին մոտ է զինյալների գոտուն, ուստի այդ շրջանում ընդհարումներ լինում են, հրթիռներ են ընկնում, այնպես որ, ինչ որ պատահեց, չի նշանակում, որ մնայուն կերպով կյանքն իր բնական ընթացքի մեջ է, սակայն պետք է հասկանալ, որ Սիրիայում այսօր անվտանգության երաշխիք հնարավոր չէ որևէ տեղի հետ կապված ունենալ: Ամեն պահի կարող են պայթյուններ լինել և մեծածավալ վնասներ»,- ասաց նա:
Ռեիսյանի խոսքով` համայնքի դժվարությունները կապված են հոսանքի, ջրի և կոմունալ հնարավորությունների բացակայության հետ, այն դեպքում, երբ ձմեռն արդեն իսկ զգալի է Սիրիայում: «Հոսանք գրեթե չկա, այսինքն` օրվա մեջ մեկ կամ երկու ժամ ենք ունենում ամենալավ դեպքում: Ուստի ժողովուրդը փորձում է այլ միջոցների դիմել. տարբեր թաղամասերում էլեկտրաշարժիչ սարքեր են տեղադրված էլեկտրաէներգիայի հարցը լուծելու համար՝ մի քանի ժամով, սակայն դա մեծ ծախսերի հետ է կապված, հնարավոր չէ այդ հարցը երկար ժամանակ այս եղանակով լուծել:
Ինչ վերաբերում է ջրին, այդ հարցն ավելի թեթև է, որովհետև ջուր սովորաբար լինում է, պարզապես հոսանքի ընդհատման պարագայում պոմպերի աշխատանքն է դադարում, մարդիկ արդեն այս դժվարություններն իրենց աչքի առջև ունենալով՝ բոլորն էլ ինչ-որ եղանակներ են գտնում կեցությունն ապահովելու համար»,- ասաց Ռեիսյանը: