Բաժիններ՝

ԵՏՄ-ն չկայացած կառույց է, և այդ չկայացած կառույցն օր օրի ավելի թուլանում է. Տնտեսագետ

168.am-ի զրուցակիցն է անկախ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:

 

– Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում տնտեսական տարվա մեկնարկը:

– Մեկնարկ երևի չկա: Անորոշությունները, որ արդեն սկսել էին ձևավորվել նախորդ տարում, ըստ էության, ավելի ամբողջանում են և ինչ-որ առումով վերածվում խառնաշփոթի կամ անհասկացողության: Եթե խոսքը վերաբերում է զուտ գործարար դաշտին, խառնաշփոթության հետ միասին մարդիկ անելիքը չգիտեն, վաղվա օրը չեն տեսնում: Մի խոսքով, բավականին բացասական սպասումներ ու շփոթվածություն է առկա: Եթե ոմանք դա գուցե զգում էին ավելի շուտ, մի մասը սկսել է հիմա զգալ: Եվրասիական տնտեսական միության նոր տնտեսական դաշտում աշխատանքի հետ կապված շփոթվածությունը հստակորեն երևում է և´ պետական ապարատում, և´գործարար շրջանակներում:

Կարդացեք նաև

 

– Իրական կյանքում ԵՏՄ-ի «շունչն» արդեն զգացվո՞ւմ է, թե՞ դեռ ոչ:

– Ես այն կարծիքին եմ, որ ԵՏՄ-ն չկայացած կառույց է, և այդ չկայացած կառույցն օր օրի ավելի թուլանում է: Այսինքն, ըստ էության, ԵՏՄ-ն որպես տնտեսական կառույց դեռ չձևավորված, նրանից անունն է մնացել: Այն փաստացի մաքսային միություն է, որը նույնպես արդեն որպես մաքսային միություն չի աշխատում՝ պայմանավորված Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի կողմից միակողմանի իրենց շահերից ելնելով քաղաքականություն իրականացնելու հետ: Այս առումով, Հայաստանի համար խնդիրներն առաջանում են մաքսատուրքերի, ընդհանուր մաքսային օրենսգրքին մեր օրենսդրությունը համապատասխանեցման, կիրարկման առումներով: Իսկ ընդհանուր տարածքում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու առումով փաստացի էական նոր ոչինչ չկա: Այնպես որ, չեմ կարծում, որ հունվարի 1-ից հետո օրերը էապես տարբերվում են մինչև հունվարի 1-ը եղած օրերից: Տնտեսական բացասական միտումները կային մինչև հունվարի 1-ը և, բնականաբար, շարունակվում են նաև հիմա: Կա ընդհանուր խուճապ, շփոթվածություն, որովհետև գործընթացները բացասական ինտենսիվություն են ստանում և, կարծես, հիմա արագացված տեմպով են ընթանում, ինչը պայմանավորված է ՌԴ տնտեսությունում արագացված տեմպերով տեղի ունեցող բացասական միտումներով: Այնտեղ նույնպես զգալի է խուճապն ու շփոթվածությունը:

 

– Վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ կա տնտեսական նոր մոդելի անհրաժեշտություն՝ իրավիճակը փրկելու և ճգնաժամը հաղթահարելու համար: Ձեր կարծիքով, երբ Ռուսաստանում նման իրադրություն է, Հայաստանի դիրքորոշումն ի՞նչ պետք է լինի: Դե յուրե արդեն ԵՏՄ անդամ ենք, բայց ի՞նչ կարելի է անել, որ մեզ համար գոնե մի քիչ լավ լինի:

– Լավ չի կարող լինել: Նախ՝ ինչ վերաբերում է Մեդվեդևի ասած նոր մոդելին, դրա մասին ՌԴ-ում արդեն 25 տարի է խոսում են, բայց այդպես էլ չկառուցեցին: Ընդ որում, այդ նոր մոդելի կառուցման համար ավելի լավ ժամանականեր են եղել, բայց չեն կարողացել օգտագործել: Եվ առավելևս չի կարող հիմա խոսք գնալ ստեղծված պայմաններում նոր մոդելի կառուցման մասին: Խոսքը վերաբերում է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, և ոչ թե նավթի, գազի ու այլ սեկտորների վրա հիմնված տնտեսության մասին: Դա, կարծում եմ, հնարավոր չի իրականացնել ՌԴ-ում ստեղծված պայմաններում: Վիճակը դեպի ավելի վատը կգնա: Այդ իմաստով Հայաստանում, եթե ելնում ենք նրանից, որ ԵՏՄ անդամակցությունն այլևս փաստ է, ոչ մի դրական սպասում չկա: Ես ոչ թե քաղաքականացնում եմ, այլ ասում եմ որպես անկախ փորձագետ՝ իսկապես չի  կարող որևէ օգուտ լինել: Դա բացառվում է պարզապես: Մենք մտել ենք մի հակահամակարգային նախագծի մեջ, որի համար բազմաթիվ ռիսկեր կան: Բազմաթիվ այնպիսի ռիսկեր, որոնք ի վերջո հանգեցնելու են թե´ նախաձեռնողների, թե´ նախագծի ոչ թե փլուզմանը, այլ ցավագին փլուզմանը: Եվ աշխարհը շուտով ականտես կլինի, թե ինչպես կարող են  վերջանալ հակահամակարգային նախաձեռնությունները: Այսինքն՝ դա մարտահրավեր է գլոբալ աշխարհին, աշխարհակարգին, միջազգային անվտանգությանը: Մենք միացել ենք այդպիսի նախագծի, ինչի՞ մասին է խոսքը:

 

– Ըստ Ձեզ՝ այժմ Հայաստանի լավագույն քայլը ո՞րը կարող է լինել:

– Հայաստանի լավագույն քայլը ոչինչ չանելն է: Շատ շուտով մենք ականատես կլինենք տարբեր ճգնաժամերի, տարբեր հատվածներով, սեգմենտ առ սեգմենտ: Հայաստանը պետք է անի այն, ինչ կասեն Արևմուտքից: Հայաստանի ցանկացած ինքնուրույն քայլ կլինի չմտածված, չգիտակցված սխալ: Էլ չեմ խոսում այն մասին, որ դա կլինի ընդամենը ռուսական քաղաքականության շրջանակներում: Հայաստանը պարզապես պետք է փորձի կատարել այն, ինչ կասեն այն կողմում՝ Եվրասիական միությունից այն կողմում, Արևմտյան աշխարհից: Դա է Հայաստանի փրկության ճանապարհը: ՀՀ-ն ինքնուրույն ոչնչի ի վիճակի չի, ոչ այդ ընկալումը կա, ոչ այդ պրոֆեսիոնալ մակարդակն ունեն մարդիկ, ոչ այդ կամքն ունեն: Մենք պարզապես այդ ռեսուրսը չունենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս