«Ռուսական բանակում հայ երիտասարդները կարող են ձեռք բերել փորձ, հմտություն, որը հետագայում պետք կգա Հայաստանին». Վ. Շիրխանյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 2-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ այլ երկրների քաղաքացիները կարող են պայամանագրային զինծառայության անցնել ՌԴ զինված ուժերում: Ռուսաստանում կամ նրա սահմաններից դուրս տեղակայված ստորաբաժանումներում ծառայության անցնելու պայմանագիր կարող են կնքել 18-30 տարեկան երիտասարդները՝ առնվազն 5 տարի ժամկետով: Նրանք որոշ չափով պետք է տիրապետեն ռուսերենին, քրեական անցյալ կամ դատվածություն չպետք է ունենան: Պայմանագրային զինծառայողի ամսական աշխատավարձը 30 հազար ռուբլի է, իսկ հեռանկարում սա նաև հնարավորություն է՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Հիշեցնենք, որ նախկինում ՌԴ բանակում ծառայության կարող էին անցնել միայն ՌԴ քաղաքացիները: Այս հրամանագրի ընդունումը հայկական լրատվամիջոցներում բուռն արձագանք գտավ: Ըստ որոշ լրավամիջոցների տեղեկությունների՝ արդեն մի շարք ՀՀ քաղաքացիներ դիմել են ռուսական բանակում ծառայության անցնելու համար:
168.am-ը ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՌԴ բանակում ծառայության անցնելով՝ հայ երիտասարդները դուրս են գալիս հայկական բանակում ծառայելու պարտավորվածությունից: Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման բան չկա, ու ինքն այստեղ առանձնապես մեծ վտանգ չի տեսնում: «Սա ավելի շատ, կարծում եմ, վերաբերում է Ռուսաստանում բնակություն հաստատած մեր քաղաքացիներին»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը:
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ռուսական բանակում հայերի հայտնվելը որևէ վնաս Հայաստանին չի կարող բերել. «Հայը, որ բանակում էլ ծառայի, նա արժանավոր զինվոր է, ես կասկած չունեմ դրանում»:
Մեր դիտարկմանը՝ եթե պատերազմական իրավիճակ լինի Հայաստանում, ու հայ տղամարդկանց մեծ մասը լինի ռուսական բանակում, դա վտանգավոր չէ՞ մեզ համար, Վ. Շիրխանյանն այսպես արձագանքեց.
«Իսկ ինչո՞ւ պետք է մեծ մասը լինի ռուսական բանակում: Այդպիսի բան հնարավոր չէ: Նա ասել է, որ Ռուսաստանում ապրող այլազգիներ կարող են ծառայել ռուսական բանակում, իսկ Ռուսաստանում մեր ժողովուրդը ներկա պահին ունի համապատասխան աշխատանք, ինչո՞ւ չէ, նաև կգնան բանակ, եթե տարիքը, առողջությունը թույլ է տալիս»: Դիտարկմանն էլ՝ այդ հրամանագիրը վերաբերում է ոչ միայն ՌԴ քաղաքացիներին, այլև նրանց, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, Վ. Շիրխանյանն էլ հակադարձեց՝ ասելով. «Դա վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում ապրող ոչ ՌԴ քաղաքացիներին: Այնտեղ միլիոնավոր այլազգիներ կան, որոնք ՌԴ քաղաքացիություն չունեն դեռևս, բայց ապրում են այնտեղ»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ վտանգ չե՞ք տեսնում մեզ համար՝ այդ հրամանագրի հետ կապված, ՊՆ նախկին փոխնախարարն այսպես պատասխանեց. «Ոչ, ընդհակառակը, ռուսական բանակում նրանք կարող են ձեռք բերել փորձ, հմտություն, որը հետագայում պետք կգա Հայաստանին»: