
Գերմանիայի կառավարությունը որոշել է մեկ տարով երկարաձգել Թուրքիայում Patriot համակարգերի մնալը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կառավարությունը որոշել է մեկ տարով երկարաձգել Թուրքիայի տարածքում գտնվող, իր տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) և դրանց սպասարկող գերմանացի զինծառայողների մնալու ժամկետը:
Գերմանիայի կառավարությունը երկու տարի առաջ որոշել էր ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի տարածքում տեղակայել Patriot տիպի երկու ԶՀՀ` կապված Սիրիայից եկող սպառնալիքներին դիմագրավելու հետ: Գերմանիայի կառավարության նիստը գլխավորել է կանցլեր Անգելա Մերկելը, որում էլ որոշվել է մեկ տարով երկարաձգել Թուրքիայում այդ համակարգերի գործունեության ժամկետը:
Որոշումն ուժ ստանալու համար անհրաժեշտ է, որ այն հավանության արժանացնի Բունդեսթագը: Բունդեսթագը 2012 թվականի դեկտեմբերին հավանության էր արժանացրել Թուրքիայի տարածքում Patriot տիպի երկու ԶՀՀ և 400 հոգանոց անձնակազմ տեղակայելը:
Այն ժամանակ որոշվել էր, որ այդ համակարգերն ու գերմանացի զինծառայողները Թուրքիայի տարածքում պետք է մնան մինչև 2014 թվականի հունվարի 31-ը, սակայն ավելի ուշ այդ ժամկետը երկարաձգվել էր մեկ տարով:
Գերմանիայի տրամադրած Patriot ԶՀՀ-ները 2013 թվականի հունվարի վերջին տեղակայվել էին Քահրամանմարաշում: Ներկայումս դրանց սպասարկմամբ զբաղվում է 250 գերմանացի զինծառայող: