Հայաստանը միակողմանի է ներկայացնում պատմական դեպքերը և քաղաքականացնում է հարցը. Էրդողան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախագահական նստավայրում ճաշկերույթ է տվել` ի պատիվ աշխարհի երկրներում Թուրքիայի դեսպանների, որոնց տարեկան 7-րդ կոնֆերանսն անցկացվել է Անկարայում:
Դեսպանների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խնդրին. «2015 թվականին լրանում է 1915 թվականի դեպքերի 100-րդ տարելիցը, ինչն էլ որոշակի շրջանակների համար հագեցած կդարձնի օրակարգը:
2015 թվականը միայն տարելիցը չէ` իր ազդեցություններով, այն նաև իրենից ներկայացնում է որոշակի դեպքերն ավելի լավ քննարկելու ու հասկանալու հնարավորություն: Մեր երկիրը բոլոր պատուհաններով բաց է արտաքին աշխարհի համար, և մենք այս տարի և հետագայում կգործադրենք առավելագույն ջանքեր` պատմությունը ճիշտ սովորելու համար:
Օսմանյան պետությունը, պարտվելով Առաջին համաշխարհային պատերազմում և կորցնելով տարածքները, վերացավ: Թուրքիայի Հանրապետությունն ի հայտ եկավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո` մեծ հաղթանակ տանելով անկախության համար պայքարում:
Մենք ոչ մի կերպ պարտված ազգ չենք, մենք հաղթանակած ազգ ենք: 77 միլիոնից յուրաքանչյուրը պետք է իրենում արմատավորի դա, ինչը վերին աստիճանի կարևոր է: Մեզ վրա ոչ ոք չի կարող ստվեր նետի ու ճնշում գործադրի Մուդրոսի ու Սևրի համաձայնագրերով:
Հայաստանը նախընտրում է իր էներգիան ծախսել ցեղասպանության հարցի վրա ուշադրություն բևեռելու համար: Հայաստանը միակողմանի է ներկայացնում պատմական դեպքերը, քաղաքականացնում է հարցը, շարունակում է պարտադրել իր տեսակետը:
ԱԳՆ-ը և համապատասխան մյուս կազմակերությունները խորացված, համակարգված ու հագեցած աշխատում են այդ ուղղությամբ: Եթե անհրաժեշտ լինի, ապա 2015 թվականին թե ԱԳՆ-ը, թե կազմակերպությունները կգործեն վերին աստիճանի ակտիվությամբ: Հավատում եմ, որ նրանք կարող են չեզոքացնել այդ պնդումները»: