
Դավութօղլուն կոռուպցիոն սկանդալը որակել է որպես պետական հեղաշրջման փորձ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ չորս նախկին նախարարներին կոռուպցիայի մեջ մեղադրելը հանդիսացել է «պետական հեղաշրջման փորձի մասնիկ»:
Դավութօղլուն հերքել է, թե կառավարությունը ճնշում է գործադրել խորհրդարանական հանձնաժողովի վրա, որպեսզի նա գործը չհասցնի մինչև դատարան: Դավութօղլուից առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով 2013 թվականի դեկտեմբերի սկանդալը, հայտարարել էր, թե դա «քաղաքական թշնամիների կողմից երկրի կառավարության տապալմանն ուղղված փորձ» է:
Հանձնաժողովը, որում գերիշխում են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, երկուշաբթի քվեարկել է նախկին չորս նախարարներին դատելու դեմ:
Ընդդիմությունը դատապարտել է այդ որոշումը` դա գնահատելով որպես Թուրքիայի երբեմնի խոշորագույն կոռուպցիոն սկանդալներից մեկի քողարկում: Դավութօղլուն հայտարարել է, որ կառավարության կողմից հանձնաժողովի որոշման վրա վետո դնելը կհանդիսանար օրենքի խախտում: