Բաժիններ՝

«Չպետք է թողնենք, որ ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունները մեզ ստվերեն»

168.am-ի զրուցակիցն է McKinsey &Company հեղինակավոր միջազգային խորհրդատվական ընկերության տնօրեն Ավետիք Չալաբյանը, ով ղեկավարում է ընկերության ծանր արդյունաբերության ոլորտի աշխատանքներն ԱՊՀ տարածաշրջանում:

– Պարոն Չալաբյան, Ռուսաստանում ֆինանսական շուկայի վերջին զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ է սպասվում ապագայում:

– Ռուսական ռուբլու հետ կապված՝ այս տարվա ընթացքում, բնականաբար, գերարժեզրկում եղավ, որն աննախադեպ էր: Նախ՝ այդ կարգի ընդհանուր արժեզրկում ՌԴ-ն տեսել էր միայն 1998-ին: Երկրորդը, որ նույնիսկ ավելի մտահոգիչ է, քան ընդհանուր արժեզրկումը, դա ֆինանսական շուկայում առկա աննախադեպ անկայունությունն է: Այլ բան է, երբ արժեզրկումը տեղի է ունենում համեմատաբար դանդաղ և կառավարելի ձևով, բայց անցած շաբաթ մենք ականատես եղանք մեկ օրվա մեջ ռուբլու 30 % գերարժեզրկման: Այս ֆինանսական անկայունությունը որոշակի չափով ցուցանիշ է շուկայի խաղացողների կողմից սպեկուլյատիվ սպասումների, բայց ավելի շատ՝ նաև անվստահության, հատկապես՝ ֆինանսական իշխանությունների նկատմամբ: Ռուբլու փոխարժեքն այդ ծայրահեղ անկայունությունից հետո նախորդ շաբաթ փոքր-ինչ կայունացել է՝ արդեն  նոր մակարդակի վրա: Սա տարվա վերջին շաբաթն է, և այս պահի դրությամբ արդեն ԱՄՆ դոլարը ռուբլու նկատմամբ տարվա ընթացքում արժևորվել է 65-70%, իսկ եվրոն՝ մոտ 50-55%:  Այս պահին դժվար է միարժեք կանխատեսումներ անել, թե այս փոխարժեքներն ինչ ուղղությամբ կարող են զարգանալ, սակայն հասկանալի է, թե ինչ գործոններից դա կախված կլինի:

Առաջին գործոնը, թերևս, արևմտյան երկրների կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմն էր, որի արդյունքում արևմտյան և նաև ռուսական տարբեր ընկերություններ սկսեցին իրենց կապիտալն արագացված տեմպերով արտահանել ՌԴ-ից: Բացի այդ, ռուսական ըներությունների զգալի մասը, որոնք արտերկրյա բանկերից վերցված արտարժութային վարկեր ունեին, ըստ էության, այլևս հնարավորություն չունեին վերաֆինանսավորել նույն պայմաններով և ստիպված էին ներքին շուկայում ռուբլով արտարժույթ գնել՝ մարելու վարկերի մայր գումարները: Դա բերեց ներքին շուկայում արտարժույթի նկատմամբ աժիոտաժային պահանջարկի. անցած ամիս մեծ ծավալով վարկերի փակման վերջնաժամկետն էր, և ռուսական ընկերությունները ստիպված էին ներքին շուկայում գնել մեծ քանակությամբ արտարժույթ. պատահական չէ, որ հենց դեկտեմբերին արտարժութային շուկայում տեսանք այդպիսի անկայունություն:  Ընդհանրապես, պատժամիջոցների հետ կապված բոլոր խաղացողների մոտ կա լուրջ մտահոգություն, որովհետև հայտնի չէ, թե ի՞նչ ուղղությամբ կզարգանա իրադրությունը՝ ՌԴ քաղաքական իշխանությունները կգնա՞ն Արևմուտքի հետ հաշտության որոշակի քայլերի, որի դեպքում պատժամիջոցները կարող են մեղմվել, թե՞ ընդհակառակը՝  իրավիճակը կարող է սրվել, ի դեպ, նաև Արևմուտքի կողմից: Վերջերս Ուկրաինայի իշխանությունները հրաժարվեցին սեփական օրենսդրությամբ հաստատված չեզոք կարգավիճակից՝ հնարավորություն ստեղծելով մասնակցել ռազմաքաղաքական դաշինքների, և դա արդեն կարող է հանգեցնել իրադրության հետագա լուրջ սրման՝ հնարավոր տնտեսական հետևանքներով:

Երկրորդը նավթային գործոնն է, որն այս տարի մասամբ զուգադիպեց, գուցեև մասամբ էլ կապված էր առաջին գործոնի հետ: Այն, որ նավթի գները պետք է անկում ապրեին, հայտնի էր դեռ տարեսկզբին՝ բոլոր հեղինակավոր վերլուծական գործակալությունները կանխատեսում էին, որ նավթի գները տարվա ընթացքում կնվազեն: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ, զգալի չափով գերազանցում է ամենահամարձակ կանխատեսումները՝ անկումը շատ արագ տեղի ունեցավ՝ 110 դոլարից 1 բարել նավթի գինն ընկավ՝ մինչև 59-60 դոլար: Դա մասամբ տնտեսական գործոններով է բացատրվում՝ նավթի արդյունահանման աճն ԱՄՆ-ում, մասամբ՝ Մերձավոր Արևելքում, մասամբ էլ՝ պահանջարկի աճի դանդաղումը Չինաստանում: Մյուս կողմից՝ շատերը ենթադրում են, որ դա կարող է կապված լինել նաև քաղաքականության հետ: ԱՄՆ-ը արագացված տեմպերով իրականացրեց սեփական նավթային հանույթի աճ և որոշակի ազդեց նաև ՕՊԵԿ-ի երկրների վրա, որպեսզի նրանք սեփական հանույթը չպակասեցնեն: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, գոյություն ունի որոշակի շահագրգռվածություն: Համենայն դեպս, այս փուլում նավթային գները նվազել են՝ ՌԴ-ին զրկելով նավթային եկամուտների զգալի մասից: Ընդ որում՝ ոչ միայն ՌԴ-ին, այլև Արևմուտքի տարբեր մրցակիցներին, այդ թվում՝ Իրանին, Վենեսուելային, որոնք ևս նավթային հասույթից են կախված: Այժմ գործակալությունները կանխատեսում են, որ մյուս տարի նավթի գները կսկսեն բարձրանալ, և տարվա միջինը կգերազանցի 70 դոլարը: Բայց դա ընդամենը կանխատեսում է՝ նավթի գինը կարող է նաև մնալ նույն մակարդակի վրա, թեև հետագա անկումն արդեն պակաս հավանական է: Կարևոր գործընթացներ են տեղի ունենում նաև բնական գազի շուկաներում, նախ՝ Ռուսաստանը վաճառում էր եվրոպական հիմնական սպառողներին հատուկ ֆորմուլային գներով, որոնք կապված են նավթի գների հետ որոշակի ժամանակային լագով, և հիմա, քանի որ նավթի գները նվազել են, մի քանի ամսից ՌԴ-ն ստիպված է լինելու նվազեցնել նաև գազի գները: Երկրորդ գործոնն այն է, որ Եվրոպան աստիճանաբար փորձում է ռուսական գազին այլընտրանքային աղբյուրներ գտնել, մասնավորապես՝ հեղուկացված գազ Կատարից, ապագայում՝ ԱՄՆ-ից և այլն, և դա բերում է ռուսական գազի նկատմամբ պահանջարկի աստիճանական նվազմանը: Սա լրացուցիչ գործոն է, որը կարող է նպաստել ռուբլու արժեզրկմանը, եթե իրադրությունը նավթի և բնական գազի շուկաներում չփոխվի:

Երրորդ գործոնն առաջացել է, թերևս, համեմատաբար վերջերս, երբ սեպտեմբերից սկսեց ակնհայտ դառնալ, որ շուկայում այդ կարգի ուժեղ անկայունությունը մասամբ պայմանավորված է նաև ՌԴ ֆինանսական իշխանությունների, մեղմ ասած, անկանխատեսելի վարքագծով: Եթե նկատել եք, ՌԴ նախագահը վերջին իր ասուլիսի ժամանակ ինչ-որ իմաստով փորձեց արդարացնել պետական այդ հաստատությունների գործունեությունը՝ հանդիպելով, սակայն, բավականին լուրջ քննադատության: Մասնավորապես, փոխարժեքի վերջին կտրուկ տատանումներն այժմ արդեն լուրջ խնդիրների են հանգեցրել ՌԴ բանկային համակարգում: Երբ շարքային քաղաքացիները մինչ այդ սպասում էին, որ փոխարժեքը կկայունանա, հիմա եկել է այն պահը, երբ ՌԴ բնակչության զգալի մասի մոտ խուճապային տրամադրություններ են առաջացել, մարդիկ փորձում են իրենց ռուբլային ավանդները ետ վերցնել, փոխարկել արտարժույթի, խանութների մոտ հսկայական հերթեր են, մարդիկ գնում են մեքենաներ, տնային տեխնիկա, նույնիսկ բնակարաններ և այլն՝ խուսափելու իրենց խնայողությունների կտրուկ արժեզրկումից: Այսպիսով՝ ֆինանսական անկայունության պատճառով ՌԴ-ում բնական տնտեսական մոդելը որոշակիորեն խաթարվել է, և սա կարող է հանգեցնել խորը տնտեսական ճգնաժամի:

chalabyan2

 Այս ամենի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ինչպիսի՞ն էր, ըստ Ձեզ՝  դրամի տատանումները հիմնականում ռուբլո՞ւ ազդեցությամբ էին, թե՞ նաև ներքին սպեկուլյատիվ գործոններ կային:

– Երբ փոխարժեքները կտրուկ տատանվում են՝ միշտ որոշակի սպեկուլյատիվ գործոն է առկա: Բնական է, որ շուկայում կան խաղացողներ, որոնք տատանումների ժամանակ իրենց գործողություններով դրանց ամպլիտուդը մեծացնում են, այս երևույթին ականատես եղանք նաև ՌԴ-ում: Եվ պատահական չէ, որ տատանման ամենամեծ ամպլիտուդան ՌԴ-ում և ՀՀ-ում տեղի ունեցան նույն օրերին: Այդ առումով կցանկանայի նշել, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ տնտեսապես բավական շաղկապված է, բայց եթե նայենք անմիջական փոխանցումային մեխանիզմներին, ապա դրանք չորսն են: Ամենաակնհայտը  ՌԴ-ից եկող տրանսֆերտներն են, և այստեղ ՌԴ-ից եկող դոլարային փոխանցումները նվազել են ու կշարունակեն նվազել այն պարզ պատճառով, որ մեր հայրենակիցները, որոնք աշխատում են ՌԴ-ում և վարձատրվում են ռուբլով, այժմ այդ ռուբլին դոլարի փոխարկելու և ՀՀ ուղարկելու, բնականաբար, պակաս հնարավորություն ունեն: Սա ՀՀ դրամի փոխարժեքի վրա ազդող ակնհայտ բացասական  գործոն է: Երկրորդը, որն ավելի փոքր գործոն է, Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումն է: Եթե մենք խոսում ենք մոտ 2 մլրդ դոլար տրանսֆերտների մասին, ապա արտահաման դեպքում խոսքը 4-5 անգամ ավելի փոքր թվի՝ մոտ 400-500 մլն դոլարի մասին է: Արտահանումը, որքան էլ զարմանալի է, առանձնապես չի պակասել, քանի որ ՌԴ-ն՝ գտնվելով պատժամիջոցների տակ, ինքն էլ հակապատժամիջոցներ է կիրառել արևմտյան մի շարք երկրների նկատմամբ, մասնավորապես՝ սննդի ներմուծման հետ կապված: Այս պայմաններում ՀՀ-ից սննդի արտահանումը ՌԴ՝  ծավալային առումով չի տուժել, գուցե նաև որոշ աՃ է ունեցել և, հետևաբար, ապրանքային արտահանման մասով արտաժույթի հոսքը չի պակասել, ուստի այստեղ շոշափելի բացասական ազդեցություն ես առայժմ չեմ տեսնում: Երրորդը զբոսաշրջային գործոնն է, որ նույնպես արտարժույթի աղբյուր է ՀՀ-ի համար, և այդտեղ, որքան էլ տարօրինակ է, մենք ունենք նույնիսկ դրական միտում: ՌԴ-ից զբոսաշրջային հոսքն արևմտյան երկրներ կտրուկ նվազել է պատժամիջոցների և արժեզրկման հետևանքով բնակչության գնողունակության անկման պատճառով, ուստի դեպի Հայաստան ավելացել են ՌԴ-ից զբոսաշրջային հոսքն ու արտարժութային մուտքերը: Չորրորդը կապիտալի հոսքն է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև՝ սովորաբար խոշոր ընկերությունների միջոցով: Սակայն 2014թ. կարծես այս գործոնը բացասական միտում է դրսևորում, որովհետև մի շարք ռուսական ընկերություններ բախվելով ՌԴ-ում ռուբլու կտրուկ արժեզրկմանը՝ սկսեցին ՀՀ-ից արտարժույթով կապիտալ արտահանել դեպի իրենց մայր ընկերություններ: Ամփոփելով՝ այս չորս գործոնները միասին Հայաստանի վրա ունեն բացասական, բայց համեմատաբար չափավոր ազդեցություն, ուստի զարմանալի չէ, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ տարվա սկզբից դրամի արժեզրկումը կազմել է մոտ 15 %, իսկ եվրոյի նկատմամբ տարեսկզբի համեմատ դրամը պրակտիկորեն չի արժեզրկվել: Կարևոր է նաև նշել, որ ԱՄՆ դոլարը մյուս բոլոր արժույթների նկատմամբ տարվա ընթացքում նույնպես արժևորվել է:  ՀՀ-ն շատ դոլարիզացված է, ու մարդիկ հիմնականում նայում են դոլար-դրամ փոխարժեքին և հետևություն անում արժեզրկման մասին, սակայն չեն նկատում, որ եվրոյի տարեսկզբի արժեքը պրակտիկորեն նույնն է մնացել, և դա մեզ համար պակաս կարևոր չի՝ հաշվի առնելով եվրոպական շուկային մեր մոտիկությունը: Եվ, վերջապես, եթե վերցնենք ԱՊՀ տարածաշրջանների արժույթները՝ ռուսական ռուբլի, վրացական լարի, ուկրաինական գրիվնա, ղազախական տենգե, ապա դրանց նկատմամբ դրամը ոչ միայն չի արժեզրկվել, այլ ընդհակառակը՝ նաև ուժեղացել է: Օրինակ՝ տարեսկզբին 1 ռուբլին արժեր 13 դրամ, այժմ 8 դրամի կարգի է: Ամփոփելով՝ կարելի է ասել, որ արտաքին անկայունության պայմաններում 2014 թվականը դրամի համար համեմատաբար կայուն է եղել, այսինքն՝ այն թեև ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացել է, սակայն ԱՊՀ արժույթների նկատմամբ ուժեղացել է և եվրոյի հանդեպ կայուն է: Անցած շաբաթ թեև այդ կայունությունը լրջորեն խախտվեց, սակայն, օրինակ, ՌԴ-ի համեմատ՝ այն ավելի արագ վերականգնվեց, և ՌԴ-ից փոխանցված սպեկուլյատիվ տրամադրությունները համեմատաբար արդյունավետ լոկալիզացվեցին:

Մոտ ապագայում, կարծում եմ, որ Ամանորից հետո դրամի արժեզրկումը ևս կշարունակվի, բայց եթե ՀՀ ԿԲ-ն ու կառավարությունը կարողանան արդյունավետ աշխատել, ապա դա կլինի համեմատաբար կառավարվող և ոչ քաոտիկ և չի հանգեցնի ֆինանսական ճգնաժամի:

– Այս զարգացումները կապո՞ւմ եք եկող տարվանից կյանք ստացող Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ:

– Շատ չեմ կապում՝ շատ պարզ պատճառով. Օրինակ՝ Ուկրաինան ԵՏՄ անդամ չէ, բայց այնտեղ արժեզրկումը 100% է, մեծ արժեզրկում կա նաև Վրաստանում: Իրականում արժեզրկման պրոցեսն ավելի շատ կապված է իսկապես ՌԴ-ի հետ, որի հետ, ԵՏՄ-ով կամ առանց ԵՏՄ-ի, ՀՀ-ն ունի շատ լուրջ տնտեսական հոսքեր, և արտարժույթի զգալի մասը, որ Հայաստանը վաստակում է, վաստակում է ՌԴ-ից, նույնպես առանց ԵՏՄ-ի: Հնարավոր է, որ ԵՏՄ-ի դեպքում այդ փոխկապվածությունն ավելի ուժեղանա, բայց դա բնավ պարտադիր չէ, որովհետև պետք է հիշել, որ ԵՏՄ-ն, առաջին հերթին, ազդում է ապրանքային արտահանման վրա, որը ՀՀ-ի արտարժութային հոսքի մեջ ամենամեծը չէ: Ավելի մեծ գործոն են տրանսֆերտները, որոնց դեպքում առանց ԵՏՄ-ի էլ վիճակը վատացել է:

– Պարոն Չալաբյան, 2015 թ. համար ի՞նչ կանխատեսում ունեք, տնտեսական զարգացում կարո՞ղ ենք սպասել, թե՞ կրկին խնդիրները շատ կլինեն:

– Հիշենք ոչ վաղ անցյալի պատմությունը. 2008-ին ԱՄՆ-ից սկսվեց խոշոր ֆինանսական ճգնաժամը, որը մինչև 2008թ.  վերջը փոխանցվեց ՌԴ-ին, իսկ մենք թեև մինչև 2008-ի վերջը դա չէինք զգում, այնուհանդերձ, փոխանցման մեխանիզմն աշխատեց, և 2009-ին ունեցանք ամենալրջագույն տնտեսական անկումը, որպիսին եղել էր 1993-ին ԽՍՀՄ փլուզումից հետո: Դրանից հետո մեր տնտեսությունը փորձում էր շատ դանդաղ վերականգնվել, 2013-14 թվականներին, բացառությամբ շինարարության ոլորտի, մնացած բոլոր ոլորտներում արդեն ամբողջ ծավալով տնտեսությունը վերականգնվել կամ գերազանցում էր 2008-ի մակարդակը: 2015թ., կախված տնտեսական զարգացումներից, կարծում եմ՝ կարող ենք լավատեսական սցենարում ունենալ ոչ մեծ տնտեսական աճ, իսկ վատատեսական տարբերակում ՝ նաև հնարավոր է ոչ մեծ տնտեսական անկում: Երկու տարբերակն էլ հնարավոր են, ամեն ինչ կախված է նրանից, թե փոխանցման մեխանիզմը Հայաստանի վրա ինչպես կաշխատի: Հուսով եմ, որ կկարողանանք տնտեսական աճ ապահովել, բայց դա իսկապես լուրջ աշխատանք է պահանջում մեր առևտրային գործընկերների հետ, ոչ միայն ՌԴ-ի, որը մեր առևտրի, լավագույն դեպքում, ընդամենը 1/4-ն է կազմում: ԵՏՄ-ն կարող է այդ փոխկապակցվածությունը խորացնել, բայց շատ կարևոր է, որ այդ ընթացքում մեր մյուս առևտրային գործընկերներին չկորցնենք: Շատ կարևոր է շարունակել նաև զբոսաշրջային ոլորտի զարգացումը, որն ընդհանրապես սահմանափակված չէ ԵՏՄ-ով և բավականին մեծ ներուժ ունի Եվրոպայում, Մերձավորարևելյան երկրներում, մասնավորապես՝ Իրանում, արաբական երկրներում, նույնիսկ Թուրքիայում, Լիբանանում և այլուր: Բոլոր ուղղություններով պետք է աշխատել, որպեսզի  երկիր մտնող արտարժույթի հոսքերը չպակասեն: Կարևոր է նաև խոշոր ներդրումային ծրագրեր նախաձեռնել, և ցանկալի է՝ ոչ միայն ռուսական, այլև արևմտյան գործընկերների հետ, որը կարող է բերել լրացուցիչ տնտեսական աշխուժության ու արտարժութային հոսքերի: Ընդհանրապես չպետք է թույլ տանք, որ ՌԴ-ում տեղի ունեցող ֆինանսական ճգնաժամը մեզ ամբողջությամբ ստվերի, և դա իրատեսական է: Նշեմ, մասնավորապես, որ այս տարի ՌԴ-ում տնտեսական աճ չկա, անցած տարի էլ պրակտիկորեն չկար, սակայն, չնայած դրան, այս տարիներին ՀՀ-ում 3.5-4,0% աճ է արձանագրվել, այսինքն՝ ՌԴ բացասական ֆոնը, թեև մեզ վրա լրջորեն ազդում էր, բայց քանի որ ինքներս փորձում էինք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը,  ապա մեր տնտեսական զարգացման վեկտորը որոշակիորեն սկսել էր տարբերվել ռուսականից: Ցանկալի է, որ ապագայում այդ միտումը ևս պահպանվի, բայց կրկնում եմ՝ դա մեծ աշխատանք է պահանջելու բոլորիցս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս