
Մակրոնը Փեզեշքիանի հետ զրույցում ընդգծել է Իրանում ԱԷՄԳ-ի աշխատանքը վերսկսելու անհրաժեշտությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Իրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաքելության վերսկսման անհրաժեշտությունը։
X-ի միկրոբլոգում հեռախոսազրույցի մասին գրառում կատարած Մակրոնը թվարկել է զրույցի հիմնական կետերը՝ մասնավորապես նշելով․
«Իմ ուղերձներն են․․․ պաշտպանել Իրանում մեր քաղաքացիներին ու մեր օբյեկտները, որոնք չպետք է որևէ սպառնալիքի ենթարկվեն։ Հարգել հրադադարը, օգնել վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում։ Վերադառնալ բանակցային սեղան՝ լուծելու բալիստիկ ու միջուկային հարցերը։ Հետևել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակին և արագորեն վերսկսել Իրանում ԱԷՄԳ-ի աշխատանքը՝ լիակատար թափանցիկություն ապահովելու համար»։
Բացի այդ, Մակրոնը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացիներ Սեսիլ Կոլերին և Ժակ Պարիին։
«Ես կշարունակեմ աշխատել առաջիկա օրերին՝ այս նպատակներին հասնելու համար»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։