Փաշինյանի յուրաքանչյուր ելույթ դառնում է ինքնախոստովանություն՝ հանցագործության մասին. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր տրանսֆորմացիա է ապրում. նրա յուրաքանչյուր ելույթ դառնում է ինքնախոստովանություն՝ հանցագործության մասին:

Հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպման ժամանակ։

«Եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է և ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»,- նշել է նա։

Վարչապետն ի պաշտոնե օպերատիվ տեղեկատվություն ստանալու իրավունք ունի, սակայն այն չի կարող բացահայտվել կամ օգտագործվել քաղաքական հայտարարություններում:

Եթե Փաշինյանն ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությունն օգտագործում է եկեղեցու կամ առանձին հոգևորականների դեմ հրապարակային հայտարարություններում, սա արդեն սահմանադրական նորմերի խախտման հստակ նշան է, մասնավորապես՝ խտրականության արգելքի և եկեղեցի-պետություն փոխադարձ չմիջամտության սկզբունքի խախտում:

Էլ չեմ խոսում այն մասին, որ Փաշինյանը նախաքննության որևէ գաղտնիքի հասանելիության իրավունք չունի՝ ինչքան էլ այս կամ այն կառույցը գործում է վարչապետի ենթակայությամբ:

Լավ, ենթադրենք, Բագրատ և Միքայել Սրբազանները, պետական մարմինների կարծիքով՝ կասկածվել են հանցագործություն կատարելու մեջ և գտնվել են ԱԱԾ օպերատիվ վերահսկողության ներքո:

Այդ դեպքում, հարուցված քրեական գործերի հետ ի՞նչ աղերս ունի, օրինակ, Կաթողիկոսի կուսակրոնության հարցը ու ինչո՞ւ է Փաշինյանի հանձնարարությամբ՝ ԱԱԾ-ն «քիթը խոթել» այդ տիրույթ:

Սահմանադրական ու իրավական տեսանկյունից Փաշինյանի տվյալ հայտարարությունը կարող է գնահատվել որպես խնդիր, որը պարունակում է իշխանության չարաշահման և խտրականության տարրեր:

ԱԱԾ-ն իրավունք չունի վերահսկելու Կաթողիկոսի կամ որևէ այլ հոգևորականի կուսակրոնությունը կամ անձնական կյանքը։

Նման գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային իրավական նորմերին, որոնք երաշխավորում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունն ու կրոնի ազատությունը։

Հետևաբար՝ Կաթողիկոսի կուսակրոնությունը չի կարող լինել ԱԱԾ-ի օրինական օպերատիվ վերահսկողության ներքո, և նման միջամտությունը Սահմանադրության և մարդու իրավունքների բացահայտ խախտում է:

Հենց այդ հանցագործության մասին էր ինքնխոստովանում Փաշինյանը՝ երկու օր առաջ…»։

Տեսանյութեր

Լրահոս