
«Արա Զոհրաբյանին և Արման Թաթոյանին թիրախավորելը, նրանց վրա հարձակումները ակնհայտորեն քաղաքական բնույթի են». Անանյան

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արա Զոհրաբյանին և Արման Թաթոյանին թիրախավորելը, նրանց վրա հարձակումները ակնհայտորեն քաղաքական բնույթի են և՝ զուրկ որևէ ողջամիտ իրավական կամ բարոյական փաստարկից: Ակնհայտ է, որ քաղաքական հավակնություններ ունեցող որոշակի խմբի կողմից՝ իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին ու մունետիկներին որպես գործիքներ օգտագործելով, նպատակային վարկաբեկման արշավ է ընթանում ապագա քաղաքական լանդշաֆտի նկատմամբ վերահսկողության համար պայքարում։
Նման գործընթացները թեև լարված, սակայն օրդինար քաղաքական միջավայրում թերևս կդասակարգվեին որպես մրցակցային պայքարի դասական դրսևորումներ: Սակայն երկրում ստեղծված իրավիճակը էքստրաօրդինար է․ մենք գտնվում ենք ամենախորը ինստիտուցիոնալ ճգնաժամի փուլում, երբ պետականության բուն էությունն իրականում սպառնալիքի տակ է՝ ոչ թե վերացական-տեսական, այլ գործնական, գոյաբանական իմաստով։
Նման իրավիճակում փորձերը մարգինալացնելու այն անձանց, ովքեր, ընդհակառակը, երկիրը փրկելու համար քաղաքական գործընթացներ մխրճվելու և անձնազոհության պատրաստակամության հայտ ներկայացնելու մտադրություններ ունեն, ոչ միայն բարոյական չեն, այլև դատապարտված են ձախողման:
Քաղաքական իրականության զանգվածային ընկալումը վաղուց է սկսել զանազանել իրականությունը մանիպուլյացիաներից. հասարակությունը հստակ տեսնում է, թե ով է առաջնորդվում անձնական ամբիցիաներով և ցանկացած գնով իշխանության վերադառնալու մոլուցքային ցանկություններով, և ով է առաջնորդվում ծառայելու կամքով, պատասխանատվությամբ և միջամտելու գիտակցված անհրաժեշտությամբ։
Կեղծիքների, կիսահուշումների, զրպարտությունների և ցածրորակ մանիպուլյացիաների լեզուն, ոչ վաղ անցյալում էր արդյունավետ։ Սակայն այն պայմաններում, երբ պետությունը կանգնած է անդունդի առջև, երբ ժողովուրդը փնտրում է իրական առաջնորդների՝ ազնիվ, հետևողական և գործողության ունակ, նման հարձակումները միայն ամրապնդում են հանրային աջակցությունը նրանց նկատմամբ, ում դեմ դրանք ուղղված են։
Տիկնա՛յք և պարոնա՛յք, մենք բոլորս պարտավոր ենք պահպանել կոռեկտության և արժանապատվության առնվազն նվազագույն մակարդակ։ Սա քաղաքական ճաշակի հարց չէ։ Սա պատմական պահի պահանջն է»։