ԳԱԱ նախագահը չի հավատում Հայկ Դեմոյանին
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք ինքը հավատո՞ւմ է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի այն հայտարարությանը, որ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը համագործակցում է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, պատասխանեց. «Դե լավ էլի՛, ինչպե՞ս կարելի է նման բան ասել: Մելքոնյանը մեր ամենահայրենասեր մտավորականներից է, նա գրեթե միշտ սահմանի առաջին գծում է, մեր զինվորների հետ, զինվորները նրա անունով են երդվում: Նրա հայրենասիրական հաղորդումներով սերունդներ են դաստիարակվում»: Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Դեմյանը չի կարողանում ներել Մելքոնյանին իր դոկտորական ատենախոսության տապալման համար, չնայած, ըստ ԳԱԱ նախագահի, «Մելքոնյանը նման մեկնաբանություններից իրեն զերծ պահելու համար հատուկ չի մասնակցել այդ ատենախոսության քննարկմանը»:
Հիշեցնենք, որ այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության հաշվետու մամուլի ասուլիսում:
ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը սկանդալային հայտարարություն էր արել: Նա նախ ասել էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե ոնց են հայերի կյանքը փրկել՝ անտեսելով այն 1.5 մլն ցեղասպանված հայերի ճակատագիրը: Աապա, թե՝ «Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»: Նա ասաց. «Հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձնից: Ուղղակի թիրախավորել են, իջեցրել են պատվեր: Այդ անձը շուտով կստանա ակադեմիկոսի կոչում: Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետեւ ես չեմ կարող հանդուրժել տգիտություն եւ խուլիգանություն՝ գիտության ասպարեզում: Այստեղ սպորտ չի, օլիմպիադա չի, հասկանո՞ւմ եք»: Ըստ Հայկ Դեմոյանի, մարդիկ չեն գիտակցում, որ ազգային անվտանգության խնդիր է: Լրագրողների հարցին, որ Դուք հիմա ստիպված եք ասել այդ պաշտոնյայի անունը, որը Թուրքիայի հատուկ ծառայությունների համար է աշխատում՝ Հայկ Դեմոյանը անուն է տվել, որն իր հրապարակման մեջ ներկայացրել է aravot.am-ի լրագրողը. «Խոսքը Աշոտ Մելքոնյանի մասին է, որ փորձեց բոլոր ճիգերը գործադրել՝ տապալելու իմ ատենախոսությունը: Ատենախոսության պաշտպանությունը ստացավ ձայների մեծամասնությունը»: Հայկ Դեմոյանը Աշոտ Մելքոնյանի քայլը որակել է «լկտի»: Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է: