Բաժիններ՝

Նիկարագուայում միջօվկիանոսյան ջրանցքի կառուցման կապակցությամբ բախումներ են գրանցվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիկարագուայում, ուր սկսվել է միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ջրանցքի կառուցման հակառակորդների միջև: Դրա հետևանքով վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Բախումը տեղի է ունեցել մայրաքաղաք Մանագուայից 260 կիլոմետր հեռավորության վրա՝ ավտոճանապարհին, ուր հավաքվել են 300 ցուցարարներ: Ցուցարարները սպառնացել են այրել վառելիքով լի ավտոցիստեռնը, ինչից հետոս ոստիկանները սկսել են ցրել նրանց:

Ցուցարարներն իրենց հերթին ոստիկանների դեմ կիրառել են հրաձգային զենք, մաչետե, քարեր ու մահակներ: Ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ: Ձերբակալվել է 33 մարդ: Իրավապաշտպանների տվյալներով՝ բախման ժամանակ տուժել է 15 ոստիկան ու 6 քաղաքացիական անձինք: Ակցիայի կազմակերպիչները հայտնել են 40 տուժած ցուցարարի մասին:

Նիկարագուայում միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը մեկնարկել է դեկտեմբերի 22-ին: Այն միմյանց կկապի Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները: Նիկարագուայի ջրանցքի երկարությունը կազմելու է մոտ 278 կիլոմետր, որից 105 կիլոմետրն անցնելու է Նիկարագուա լճով:

Ջրանցքի խորությունը կազմելու է 26-30 մետր, լայնությունը՝ 230-530 մետր: Ջրանցքով անցնելու ընդհանուր ժամկետը կազմելու է մոտ 30 ժամ: Պլանավորված է, որ տարեկան ջրանցքով կանցնի ավելի քան 5000 նավ, ինչը լրջորեն կմեղմացնի տարածաշրջանի ծովային փոխադրումների բեռնվածությունը:

Ջրանցքի կառուցումը կավարտվի 2029 թվականին: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիարդ դոլար: Նիկարագուայի ջրանցքի կառուցման գաղափարն ի հայտ է եկել դեռևս 16-րդ դարում: Այն վերստին այժմեականություն է ձեռք բերել 20-րդ դարի վերջին, երբ Պանամայի ջրանցքը դադարեց գոհացնել աճող ծովային փոխադրումների պահանջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս