Տիգրան Խզմալյան. ՌԴ հատուկ ծառայությունները կոմպրոմատ են ունեցել ՀՀ իշխանությունների վրա

Հայաստանի իշխանությունները որոշել են Հայաստանը միացնել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), որովհետև, առաջին հերթին, լուծում էին իրենց անձնական անվտանգության խնդիրը, և երկրորդը` Ռուսաստանի հատուկ ծառայությունները հսկայական ծավալի կոմպրոմատ են ունեցել մեր իշխանավորների վրա:168.am- ի հետ զրույցում նման հայտարարություն արեց հասարակական-քաղաքական գործիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Ըստ նրա`ազգային անվտանգության, տնտեսական և քաղաքական շահերի տեսակետից պարզապես անհնար է բացատրել «Հայաստանի խցկումը» այդ կառույցի մեջ, և նրանք, ովքեր զբաղվում են նման բարբաջանքով, ստում ու կեղծում են:

«Միակ իրական պատասխանն այն է, որ իշխող վարչախումբը դրա փոխարեն ստացել է անձնական անվտանգության և սեփականության պահպանման երաշխիքները: Ուրիշ որևէ իմաստ այստեղ գտնելն անհնար է: Նրանք, իհարկե, խելագար չեն և երբ որոշում էին մտնել այդ կառույցը, առաջնորդվում էին ինչ-որ շահերով, և ես պնդում եմ, որ դրանք զուտ անձնական շահեր են և անձնական շահագրգռվածություն, որը կարելի է վերծանել իբրև այդ մարդկանց, այդ մի շարք գործիչների խորը վարկաբեկումը և նրանց վրա Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից հսկայական ծավալի կոմպրոմատ ունենալը: Այսպիսին է, փաստորեն, այդ «սիրո մեխանիկան»»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև խոսեց այն հարցի մասին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանի ղեկավարությունը, հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս վիճակը և վերջին զարգացումները, այնուամենայնիվ փորձի վերանայել Սեպտեմբերի 3-ի որոշումը և վտանգի չենթարկի Հայաստանի տնտեսությունը

Տիգրան Խզմալյանի կարծիքով` գործող իշխանությունները որևէ բան չեն կարողանա փոխել, և դեպի Եվրասիական միություն Հայաստանի «անշրջելի» ընթացքը հակառակ ուղղությամբ թեքելը հնարավոր կդառնա միայն Հայաստանում համակարգային և նաև անհատների արմատական փոփոխությությունների դեպքում:

Ինչ վերաբերում է բուն ԵՏՄ-ին հնարավորություններին և հեռանկարին, Տիգրան Խզմալյանը համոզված է, որ պետք չէ մեծ խելք ունենալ հասկանալու համար, թե որքան թույլ է ԵՏՄ-ի և մասնավորապես Ռուսաստանի շուկան` «արևմտյան բլոկի» հետ համեմատած.

«Պետք է ընդամենը նայել թվերին. այսօր Ռուսաստանի ՀՆԱ-ն Իտալիայի ՀՆԱ-ից երկու անգամ փոքր է: Ռուսաստանի թվերն ավելի փոքր են, քան, օրինակ, ամերիկյան Տեխաս նահանգի կամ «Մայքրոսոֆթ» և «Apple» ընկերությունների թվերը: Այդ մասին լուրջ խոսելը ծիծաղելի է:

Մենք փորձում ենք համաշխարհային տնտեսության 2 տոկոսը համեմատել աշխարհի տնտեսության 80 տոկոսը կազմող արևմտյան բլոկի հետ, որը տարիներ շարունակ մեզ առաջարկում էր ընդգրկվել: Սա ապացուցում է, որ մեր վարչախումբն ապիկար է ոչ միայն քաղաքական, այլ նաև բիզնեսի տեսակետից, որովհետև իրենք բիզնեսը շփոթում էին թալանի հետ: Թալանելու հարցում իրենք իսկապես երևելի անձնավորություններ են, իսկ տնտեսության քայքայումը, որը երկիրը վերջնականապես բերեց անդունդի եզրին, ակնհայտ է բոլորին»:

Տեսանյութեր

Լրահոս