«Կենտրոնական Բանկն իր այդ հայտարարությամբ երևի նախատոնական կատակ արեց». Արտահանողների միության նախագահ
«Քանի որ ռուբլու տապալումը շատ արագ տեղի ունեցավ, խոպանչիները իրենց 6-7 ամսվա աշխատանքը վերցրեցին, այդ կուտակած ռուբլիները բերեցին Հայաստան, տեսան արդեն 40%-ը կորցրել են: Նույնն էլ գյուղացու դեպքում. երբ տեսավ, որ այդ ապրանքն այստեղից մինչև Ռուսաստան հասավ, արդեն այդ փողը ոչնչացավ, այստեղ ո՛չ մեր գյուղացին է մեղավոր, ո՛չ էլ ռուս գնորոդն է մեղավոր»,- այս տեսակետն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ խոսելով վերջին օրերին դրամի և ռուբլու տատանումների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:
Հարցին՝ չկայի՞ն վերլուծություններ, որ ամեն ինչ տանում է դրան, չկայի՞ն տնտեսագետներ, որոնք կարող ՝ էին կանխատեսել այս վիճակը, Ր. Մխչյանն այսպես պատասխանեց. «Ես համամիտ չեմ, որ այս տատանումներն անկանխատեսելի էին: Կային շատ լավ տնտեսագետներ, որոնք շատ լավ այդ ամեն ինչը կանխատեսել էին և տեսնում էին, բայց, ցավոք սրտի, այդ տնտեսագետներին ո՛չ լսող կա, ոչ էլ իրենց ձեռքում լծակներ կան՝ ինչ-որ բան փոխելու համար: Այս իրողությունը միայն կապել Ռուսաստանի այսօրվա իրավիճակի հետ՝ շատ սխալ է, մենք նաև մեր ներքին խնդիրներն ունենք, որ առաջին հերթին պետք է փորձենք դրանք լուծել»:
Նա նկատեց, որ այս ամեն ինչից ամեն մեկն իր համար դաս է քաղում, և, ըստ նրա՝ ամենակարևոր դասը պետք է լինի, որ մենք երբեք պետք է չտարվենք սպեկուլյատիվ շահարկումներով. «Այդ սպեկուլյատիվ վիճակը կարող էր շատ ավելի մեծ անկման տաներ, շատ շուտ կարողացավ Կենտրոնական Բանկն իր գործիքներն օգտագործել, և ժամանակավորապես լուծում գտավ այս հարցը»:
Ր. Մխչյանը նշեց նաև, որ սխալ է այն կարծիքը, որ դրամն արժեքազրկվեց, կարող է սկսվել ինչ-որ մեծ արտահանումներ, ինչպես Կենտրոնական բանկն էր հայտարարում: Հարցին՝ ինչպե՞ս կորակեք ԿԲ-ի այդ հայատարարությունը, Ր. Մխչյանն այսպես պատասխանեց.
«Կենտրոնական Բանկն իր այդ հայտարարությամբ ընդամենը երևի նախատոնական կատակ արեց: Դա անհնար բան է: Եթե մեր արժեզրկումը տեղի ունենար այնպիսի ժամանակահատվածում, որտեղ ռուբլին կայուն էր և արժեզրկման ենթակա չէր, մենք այդ դեպքում կշահեինք, այդ նույն գյուղացին, որ գյուղմթերքներ էր ուղարկել, այսօր կշահեր դրանից, բայց երկու կողմն էլ բանկրոտ են եղել, ու արտահանումն ինչ մակարդակի և երբ կհասնի, դրա մասին խոսելն այսօր շատ վաղ է: Այսինքն՝ մենք պետք է տեսնենք՝ հունվարի 2-ին մեր գլխին ինչ է գալիս: Հնարավոր է՝ շատ լավ դռներ բացվեն մեզ համար, ես չեմ բացառում դա, բայց ամենավախենալին այն է, որ ինձ համար այն մթություն է»: