Ինչպես անել, որ իշխանափոխության տապալման մեղքն ընկնի հասարակության վրա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը լուրջ աշխատանքով է զբաղված: ԲՀԿ-ականներն ասում են, որ այն քննադատությունը, թե հոկտեմբերին տեղի ունեցած հանրահավաքներից հետո շարժումը մտել է փակուղի և համաժողովրդական շարժումն անգործության է մատնված՝ չի համապատասխանում իրականությանը:
ԲՀԿ-ականները բոլոր կասկածամիտներին վստահեցնում են, որ հիմա գնում է մի աշխատանք, որի նպատակը Համաժողովրդական շարժման մեջ ավելի մեծ թվով մարդկանց ընդգրկելն է, շարժումը ավելի մասսայական դարձնելը: Ըստ ԲՀԿ-ականների՝ հիմա իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում հավաքվի ոչ թե 30 հազար, այլ միանգամից 300 հազար կամ գուցե ավելի մարդ, և հավաքված մարդկանց քանակն այնքան մեծ լինի, որ իշխանափոխության հարցը միանգամից լուծվի, որևէ մեկի մոտ կասկած չառաջանա իշխանափոխության լեգիտիմության մեջ:

Շարժման մեջ ավելի մեծ թվով մարդկանց ներգրավելու համար ԲՀԿ ղեկավարությունը տպագրել է 500 հազար հարցաթերթիկ և դրանք ուղարկել Համաժողովրդական շարժման գրասենյակներ: Գաղափարն այն է, որ Համաժողովրդական շարժման գրասենյակների անդամները պետք է տուն առ տուն անցնեն և այդ հարցաթերթիկները բաժանեն բնակիչներին՝ խնդրելով նրանց պատասխանել մի քանի հարցերի. դժգո՞հ են նրանք երկրում առկա իրավիճակից, և պատրա՞ստ են նրանք Համաժողովրդական շարժման առաջնորդների կոչով դուրս գալ Ազատության հրապարակ և մի քանի օրում որոշել իշխանության հարցը` իրականացնել իշխանափոխություն: Ովքեր համաձայն են՝ գրում են իրենց անուն-ազգանունը և ստորագրում: Այդ ստորագրությունը, ըստ ԲՀԿ ղեկավարության, երաշխավորում է, որ դրա հեղինակն անպայման կգա հրապարակ:

Ըստ ԲՀԿ-ականների՝ իրենք արդեն ունեն 300 հազարից ավելի լրացված հարցաթերթիկ, այսինքն` առնվազն 300 հազար մարդ իրենց խոստացել է իշխանափոխության կոչի դեպքում գալ հրապարակ: Ամանորյա տոներից հետո այդ աշխատանքը շարունակվելու է, և մինչև մարտ ամիսը հնարավոր է այդ թիվը հասցնել 500 հազարի, իսկ եթե հնարավոր է՝ մի քիչ էլ ավելի:

Ինչո՞ւ 500 հազար, և ոչ թե` 1 միլիոն կամ դրանից էլ ավելի: Եթե ԲՀԿ ղեկավարն ասում է, որ իշխանություններից դժգոհ է բնակչության 90 տոկոսը, ապա ենթադրվում է, որ կարելի է այդպիսի առնվազն 1 միլիոն հարցաթերթիկ լրացնել: Բայց 500 հազարը պատահական թիվ չէ. 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ ցուցակի օգտին քվեարկել է մոտավորապես 450 հազար մարդ, գումարած ՀԱԿ-ի օգտին քվեարկած ընտրողների թիվը, ստացվում է մոտավորապես այդքան մարդ: Համաժողովրդական շարժման ղեկավարները վստահ են, որ եթե իրենց ընտրողներին առաջարկեն գալ հրապարակ և աջակցել իրենց, ապա նրանք պատրաստակամությամբ կհետևեն իրենց կոչին:

Հիմա տեսնենք, թե ի՞նչ է կատարվում իրականում: Այդ հարցաթերթիկներն ընդհանրապես չեն բաժանվում, և որևէ մեկն էլ չի պատրաստվում գնալ մարդկանց տներով և նրանց առաջարկել ստորագրել հարցաթերթիկների տակ, կամ պարտավորություն ստանձնել, որ ԲՀԿ և ՀԱԿ ղեկավարների կոչով ինքը գալու է Ազատության հրապարակ և մնալու է այնտեղ՝ մինչև իշխանափոխության հաղթական ավարտը: Համաժողովրդական շարժման առաջնորդների կազմակերպած հարցումը որևէ բանով չի տարբերվելու այն սոցիոլոգիական հարցումներից, որոնք սովորաբար կազմակերպվում են Հայաստանում, երբ հարցման հեղինակներն իրենք են լրացնում հարցաթերթիկները և ըստ իրենց հայեցողության կամ նպատակահարմարության` որոշում, թե ինչպիսի արդյունք պետք է ստանալ: Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ներկայացուցիչներն անկեղծորեն խոստովանում են, որ այդքան հարցաթերթիկ բաժանելու համար իրենք ոչ մարդկային, ոչ էլ ֆինանսական ռեսուրս ունեն: Ավելին, նրանք ասում են, որ, թեև մարդիկ դժգոհ են իրենց կյանքից ու երկրում տիրող իրավիճակից, սակայն չեն ցանկանում որևէ պարտավորագիր ստորագրել: Ըստ տարածքային գրասենյակների ներկայացուցիչների՝ եթե այդ հարցաթերթիկներն իրենք ազնվորեն լրացնեն, ապա յուրաքանչյուր գրասենյակ հազիվ 100-200 հարցաթերթիկ լրացնի, մինչդեռ պլանը մի քանի հազարի է:

Իսկ ի՞նչ պետք է անել պլանը կատարելու համար: Ըստ էության, ԲՀԿ բոլոր տարածքային գրասենյակներում կան ընտրողների ցուցակները. հատկապես այն ընտրողների, որոնք համարվում են ԲՀԿ պոտենցիալ կողմնակիցները, որոնց հետ ԲՀԿ-ն ընտրություններից առաջ որոշակի աշխատանք է կատարել: ԲՀԿ գրասենյակներում, կամ որ նույնն է՝ Համազգային շարժման շտաբներում վերցնում են այդ ցուցակները, և ըստ դրանց` լրացնում հարցաթերթիկները և իրենք էլ ստորագրում դրանց տակ: Արդյունքում` շատ հեշտությամբ ապահովվում է անհրաժեշտ 500 հազար թիվը:

Հարց է առաջանում, իսկ ի՞նչ կլինի 2015թ. մարտին, երբ Համաժողովրդական շարժումը հայտարարի վճռական հանրահավաքի մասին, որի ժամանակ պետք է տեղի ունենա իշխանափոխություն: Հանրահավաքը կհայտարարվի, իսկ 500 հազարի փոխարեն` հրապարակում կհավաքվի 30 հազար մարդ: Այս դեպքում իշխանափոխության տապալման մեղքը միանգամից կընկնի հասարակության վրա, որովհետև կստացվի, որ Համաժողովրդական շարժման ղեկավարները ցանկանում էին իշխանափոխություն անել, հսկայական աշխատանք կատարեցին այդ ուղղությամբ, իսկ ժողովուրդը խոստացավ գալ և օգնել այդ գործին, բայց նույնիսկ իր խոստմանը տեր չկանգնեց: Կստացվի, որ ոչ թե Համաժողովրդական շարժման ղեկավարությունն է անհետևողական իր պայքարում, այլ ընդհակառակը հասարակությունը, որը թեև դժգոհ է իր վիճակից, թեև պարտավորագիր է ստորագրել, որ կոչի դեպքում գալու է հրապարակ, բայց պարզվեց, որ նույնիսկ իր ստորագրած պարտավորագիրը չի հարգում: Դե, եթե այդպես է՝ թող ապրեն այս իշխանությունների հետ և չբողոքեն ընդդիմությունից:

Տեսանյութեր

Լրահոս