
Ռուսաստանն աջակցում է ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև երկխոսության հաստատման հարցում Գերմանիայի դիրքորոշմանը. Լուկաշևիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանն աջակցում է Գերմանիայի ղեկավարության դիրքորոշմանը` կապված ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև երկխոսության հաստատման և Մոսկվայի ու Բրյուսելի միջև խորհրդակցություններ անցկացնելու հետ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նա ընդգծել է, որ իրենք ուշադրություն են դարձրել գերմանական կողմի արած համապատասխան հայտարարությանը, ինչը համահունչ է այն առաջարկներին, որոնց Ռուսաստանը երկար ժամանակ ներկայացրել է ԵՄ-ի հետ շփումների ժամանակ.
«Մոսկվայում վստահ են, որ շահագրգիռ կողմերի հավասարակշռված հանդիպակաց քայլերն ունակ են ազդակ հաղորդել Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական ու հումանիտար տիրույթի ձևավորման համատեղ աշխատանքին»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, թե Ուկրաինայի հարցում առաջընթացը կնպաստի ԵՏՄ-ի հետ միասնական գոտի ստեղծելու շուրջ երկխոսությանը: