
Ուկրաինայի հարցում առաջընթացը կնպաստի ԵՏՄ-ի հետ միասնական գոտի ստեղծելու շուրջ երկխոսությանը. Մերկել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնագրերի իրագործման հարցում ձեռք բերվի առաջընթաց, ապա կարելի կլինի բանակցություններ անցկացնել ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև տնտեսական ընդհանուր տիրույթ ձևավորելու մասին.
«Եթե մենք էական առաջընթաց տեսնենք Մինսկյան արձանագրության 12 կետի իրագործման հարցում, ապա այո, մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի քայլերի, որովհետև Ռուսաստանն ու Ուկրաինան տնտեսական պլանում մեծապես կապված են միմյանց: Ես կցանկանայի իմ կողմից ասել, որ մենք դեմ չենք աշխատել Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ` ստեղծելու համար տնտեսական մեծ գոտի»:
Ռուսաստանը 2010 թվականին հայտարարել է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ տնտեսական ընդհանուր տիրույթ ստեղծելու հնարավորության մասին: