Արցախում ապրանքների թանկացումները գրանցվել են հիմնականում խոշոր առևտրի կետերում

Ամանորի նախօրեին սովորաբար ավելի հաճախակի ենք մոնիթորինգներ անցկացնում՝ մեր վերահսկողության ներքո գտնվող Ստեփանակերտի շուրջ 30 խոշոր և միջին առևտրի կետերում:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ հավելելով, որ վերջին օրերին դոլլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով արձանագրված գնաճի պայմաններում նախկին մեկ շաբաթի փոխարեն՝ այս տարի դիտանցումներն անցկացնում են երկու օրը մեկ պարբերականությամբ:

Անդրադառնալով վերջին օրերին անցկացված մոնիթորինգի արդյունքներին՝ ոլորտի պատասխանատուն նշեց, որ այն առևտրային օբյեկտները, որոնք ավելի մեծ քանակությամբ հաճախորդ- սպառողներ ունեն, մինչև դոլլարի փոխարժեքի բարձրացումն ավելի էժան գնային քաղաքականություն էին որդեգրել:

«Իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ բարձր գնաճը արձանագրվել է մասնավորապես Ստեփանակերտի բոլոր այն խոշոր առևտրային խանութներում, որոնք առավել հաճախակի են ապրանքներ ներմուծում Հայաստանից: Իսկ միջին կամ փոքր ծավալի առևտրաշրջանառություն իրականացնող խանութներում, որոնք ապրանքատեսակները ձեռք էին բերել այն ժամանակ, երբ դոլլարի փոխարժեքը դեռ բարձր չէր, ապրանքների գները նույնն էին մնացել:

Այդ պատճառով հանրության շրջանում այն տպավորությունն է ստեղծվել, որ ապրանքային շուկայում համատարած թանկացումներ են սկսվել: Սակայն իրականում, ներկայումս մայրաքաղաքում կան խանութներ, որոնք նախկինի՝ համեմատ ավելի էժան գներ ունեն»,-մանրամասնեց Ս. Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ դոլլարի փոխարժեքի նվազման և կայունանալու դեպքում, այն ապրանքատեսակների գները, որոնք բարձրացել են արտարժույթի տատանումների պատճառով, կիջնեն:

Անդրադառնալով հարցին, որ վերջին օրերի որոշ վաճառակետերում սահմանափակ քանակությամբ էին վաճառում առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակներ, ՀԾՏՄ կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետը հաստատեց, որ իրենց դիտանցումների արդյունքում նման դեպքեր, իրոք, արձանագրվել են: Դրանք բացառապես պայմանավորված են դոլլարի փոխարժեքի բարձրացումից հետո ապրանքների թանկացմամբ, և, Ս. Գրիգորյանի կարծիքով, բնակչությանը ավելի թանկ վճարումներից զերծ պահելու համար տնտեսավարող սուբյեկտները ստիպված որոշակի սահմանափակումներ էին մտցրել:

«Ներկայումս դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ իջնում է, և նոր թանկացումների վտանգ չի կարող լինել»,- պարզաբանեց Ս. Գրիգորյանը՝ նշելով, որ ամանորի նախաշեմին, մեծ պահանջարկով պայմանավորված, ապրանքային շուկայում չի բացառվում որոշակի գնաճի հնարավորությունը, սակայն, վերջին օրերին արձանագրված թանկացումները կվերանայվեն, քանի որ այն պայմանավորված է եղել միայն արտարժույթի տատանումներով:

 

Տեսանյութեր

Լրահոս