Վրաստանի բանտերում կմեկուսացնեն «նայողներին»
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի քրեակատարողական համակարգում այսպես կոչված «նայողներին» կմեկուսացնեն մյուս բանտարկյալներից: Այս մասին հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման նախարարի առաջին տեղակալ Կախա Կախիշվիլին:
Նրա խոսքերով՝ բարեփոխման արդյունքում ստեղծվելու է հատուկ խորհուրդ, որն էլ կորոշի, թե որ բանտում պետք է ազատազրկում կրի բանտարկյալը: Եթե խորհուրդը որոշի, որ բանտարկյալը «գողական մտածելակերպի» կրող է և ցանկանում է դառնալ «նայող», ապա նրան կմեկուսացնեն խիստ ռեժիմով գաղութում, ինչը բնականաբար չի ենթադրում սովի մատնել ու ծեծի ենթարկել նրան:
Կախիշվիլին մանրամասնել է, որ խիստ ռեժիմով հիմնարկում կսահմանափակվեն «նայողի» հեռախոսազանգերն ու տեսակցության ժամերը, և բացի այդ, «նայող» դառնալու ցանկություն ունեցողները չեն կարողանա վաղաժամ ազատ արձակման հարցով դիմել ներման հանձնաժողովին.
«Պատիժների իրագործման նախարարությունը կարող է օրինական ճանապարհով բանտում պաշտպանել մյուս բանտարկյալների իրավունքները և նրանց հնարավորություն տալ իրենց պատժաժամկետը կրել նորմալ պայմաններում: Մենք կարող են բանտերում նվազեցնել «գողական մտածելակերպը»»:
Վրաստանի պատիժների իրագործման նախարար Գեորգի Մգեբրիշվիլին իր հերթին հայտարարել է, որ Վրաստանում պլանավորված է բացել երկու նոր բանտ (երկրի արևելքում ու արևմուտքում), ուր իրենց ազատազրկումը կկրեն վտանգավոր բանտարկյալները, որոնք պարբերաբար խախտում են բանտերի ներքին կանոնակարգը, ռեժիմը, չեն ենթարկվում բանտերի աշխատակիցների օրինական պահանջներին ու անհարմարություններ են պատճառում մյուս բանտարկյալներին: