Ինչպիսի՞ն էր անցնող տարին հոգեկան առողջության տեսանկյունից

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփելով տարին՝ ներկայացրեց հոգեկան առողջության ոլորտում գրանցված հաջողություններն ու դեռևս առկա խնդիրները՝ ուրվագծելով նաև եկող տարվա անելիքները:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարում բավականին շատ բան է արվել՝ ոլորտում առաջընթաց և դրական փոփոխություններ արձանագրելու համար, որոնք շարունակական բնույթ են կրելու. «2014թ. փետրվար ամսին կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակում Հայաստանում պետք է իրականացվեն հոգեկան առողջության մասին իրազեկման ծրագրեր: Այս ուղղությամբ արդեն իսկ արվել են որոշակի աշխատանքներ: Իսկ արդեն մարտ ամսին ավարտվեց հոգեբուժական բժշկական կենտրոնի վերակազմակերպումը, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել ծառայությունները, որը կբերի որակի զգալի բարելավման»:

Ըստ Ա. Սողոյանի՝ լուրջ աշխատանքներ են տարվում նաև Առողջապահության նախարարության և ընդհանրապես Կառավարության կողմից ոլորտի բարեփոխման համար. «Այդ նպատակով ՀՀ Կառավարության կողմից ընդունվեց 2014-2019թթ. հոգեկան առողջության բարելավման և պահպանման ռազմավարությունը, որը ներառում է ամբողջական համալիր միջոցառումներ՝ ուղղված ոլորտում հիմնովին փոփոխություններ իրականացնելուն: Դրա արդյունքում՝ մենք կունենանք բավականին զարգացած և դեպի առողջ հասարակությանն ուղղված հոգեկան առողջության համակարգ, ոչ թե միայն հիվանդանոցային հոգեբուժական ծառայություններ, որոնք պասիվորեն սպասում են, թե երբ պետք է մարդիկ հիվանդանան և դիմեն իրենց»:

Ա. Սողոյանն ասաց, որ նաև կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, սիմպոզիումներ, գիտաժողովներ, կնքվել են համագործակցության այլ պայմանագրեր, և այլն:

Նա ներկայացրեց այն հիմնական ծրագրերը, որոնք նախատեսվում են 2015թ. համար. «Մայիսին Երևանում տեղի կունենա Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի գիտաժողովը, «Հոգեկան առողջության վրա ցեղասպանության հեռավոր հետևանքները» թեմայով սիմպոզիում կկազմակերպենք Բուխարեստում կայանալիք Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի միջազգային գիտաժողովին, առաջին գործնական քայլերը կարվեն Հայաստանում խնամքի տների և այլ համայնքային ծառայությունների ստեղծման, ինչպես նաև արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայությունների հասանելիության մեծացման ուղղությամբ: Այս ամենից զատ՝ մենք ծանրակշիռ մասնակցություն կունենանք Հայաստանում կայանալիք հայ բժիշկների 4-րդ միջազգային գիտաժողովին»:

Արմեն Սողոյանն ընդգծեց, որ վերջին տարիների համեմատ՝ զգալի փոփոխություններ են եղել հենց հասարակության շրջանում. հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողների նկատմամբ փոխվել է մարդկանց վերաբերմունքն ու մոտեցումները: Ըստ նրա՝ դա մեծ ձեռքբերում է:

 

Տեսանյութեր

Լրահոս